[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

altԳյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ժամանակին և որակով կանխարգելիչ միջոցառումների չկատարումը մտահոգության  տեղիք է տալիս։
Հայտնի է (լրատվամիջոցներից), որ Հայաստանի մի շարք շրջաններում (Տավուշ, Գուգարք, Վարդենիս) հիվանդության նկատմամբ համապատասխան միջոցառումները ժամանակին չկատարելու պատճառով կենդանիների սիբիրախտ հիվանդություն է բռնկվել։
 Հիվանդներ կան նույնիսկ բնակչության մեջ։ Հոկտեմբերի 26-ին տողերիս հեղինակը շրջվարչակազմում տեղի ունեցած խորհրդակցության մասնակիցներին այդ մասին տեղյակ պահեց՝ զգուշանալու համար։ Վարչակազմի ղեկավար Ն. Սողոմոնյանն էլ  համայնքի ղեկավարներից և անասնաբուժական սպասարկման կայանի տնօրենից պահանջեց ձեռնամուխ լինել կարճ ժամանակամիջոցում հնարավոր կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը։  
Ի՞նչ է իրենից ներկայացնում սիբիրախտ հիվանդությունը, որը  ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում ու մեծ վնաս հասցնում անասնապահությանը։ Այն  սուր վարակիչ հիվանդություն է, որով հիվանդանում են վայրի և ընտանի բոլոր կենդանիները։ Հիվանդության նկատմամբ զգայունակ է նաև մարդը, եթե շփվում է  հիվանդ կենդանիների հետ կամ օգտագործում հիվանդ կենդանիներից ստացված մթերքները։
Սիբիրախտ հիվանդությունն ընթանում է 3 ձևով՝ կայծակնային, երբ անասունն առանց որևէ նշանների հանկարծակի  սատկում է, սուր և ենթասուր ձևերով, երբ կենդանու մոտ երևան են գալիս նախնական նշաններ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 41-42 աստիճան, նկատվում են ընկճվածություն, հրաժարում կերից ու ջրից,  բնական անցքերից (բերանից, քթից, հետանցքից) սկսում է արյուն հոսել, մարմնի տարբեր մասերում նկատվում են  սև գույնի ուռուցքներ՝  կենտրոնում ունենալով բաց խոցեր։ Սատկած կենդանու ներքին օրգանների և լորձաթաղանթների վրա կերային արյունազեղումներ են առաջանում։
Հիվանդության հարուցիչը միկրոբ է, որը  նման է ծայրերում ուղիղ կտրտված կարճ ցուպիկների, որոնք դասավորված են զույգ¬զույգ կամ կազմում են կարճ շղթաներ։ Նրանք որպես պաշտպանիչ միջոցներ օրգանիզմում կապսուլավորվում են, իսկ դրսում, հատկապես հողի մեջ թթվածնի ներկայությամբ, սպորավորվում են՝  հողում կենդանի մնալով  տասնյակ տարիներ։ Բավական է կատարել անզգույշ քայլ, հողաշինարարական փոքր ու մեծ աշխատանքներ, որպեսզի հարուցիչի սպորները դուրս բերվեն հողի մակերես և դառնան նոր  բռնկումների պատճառ։
Հարուցիչը միջավայրի ֆիզիկական և քիմիական գործոնների նկատմամբ  տարբեր դիմացկունություն է ցուցաբերում, ոչնչանում է 50 աստիճանում, 10-15 րոպեում, 100 աստիճանի դեպքում՝ 1 րոպեում։ Քիմիական ախտահանիչ նյութերի թեկուզ թույլ լուծույթների ազդեցությունից ոչնչանում է մի քանի րոպեում,   արեգակի ուղիղ ճառագայթների ազդեցությունից՝ 8-10 ժամվա ընթացքում։ Որոշ բույսերի (առվույտ, հաճար, սխտոր) արմատների արտադրանքը սպանիչ  ազդեցություն է թողնում սիբիրախտի հարուցիչի վրա։ Դա նշանակում է, որ նման բույսեր ցանելու միջոցով կարող ենք վարակված հողամասերը մաքրել սիբիրախտի հարուցիչներից։ 
Հիվանդությունը ախտորոշում են  մանրադիտակով՝ մաքուր կուլտուրայի առանձնացման, բիոլոգիական և սերոլոգիական եղանակներով։ Հարկ եմ համարում նշել, որ սիբիրախտը  երբեմն շփոթում են սուր ընթացող այլ հիվանդությունների հետ (պաստերելիոզի, խշխշան պալարի, գազային այտուցների և այլնի)։ Այստեղ արդեն, ինչպես միշտ, վերջին խոսքն անասնաբուժական եզրակացությունը կարող է ասել։
Բուժման համար լավ արդյունք է տալիս անտիբիոտիկների և համապատասխան սիճուկների օգտագործումը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհի մի շարք երկրներում մինչև անցյալ դարի սկզբները սիբիրախտից սատկել են տարբեր տեսակի տասնյակ հազարավոր կենդանիներ։
Գիտության և տեխնիկայի զարգացման մեր ժամանակներում արդեն այնքան էլ սարսափելի չէ այս հիվանդությունը հեռավոր անցյալի համեմատ, նրա առաջացման և տարածման չափերն ու պատճառած վնասները  զգալիորեն կրճատվել են կիրառվող անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումների իրականացման շնորհիվ։ 
Ինչ խոսք, որ սիբիրախտ հիվանդության դեմ պայքար մղելու կարևորագույն պայմանը եղել և մնում է ինֆեկցիայի սկզբնական աղբյուրի՝ դիակի ոչնչացումն այրման միջոցով։ Այս առումով անփութությունը նպաստում է ինֆեկցիայի կայուն օջախներ ստեղծելուն։ Ընդհանուր առմամբ, արգելվում է դիահերձել սիբիրախտից սատկած կենդանիների դիակները, իսկ եթե սխալմամբ դա  կատարվել է, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ենթամաշկի գունատությանը՝ մասսայական արյունազեղումներին։ Եվ, որ ամենակարևորն է, սիբիրախտից սատկած կենդանու մոտ կտրվածքներում հոսում է սև ձյութանման արյուն, որը չի մակարդվում։ Նշանները հայտնաբերելուց հետո դիահերձման աշխատանքները չպետք է շարունակել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, շարունակվում են, ինքը՝ դիահերձողը, պիտի շատ զգույշ լինի, պահպանի անվտանգության կանոնները և ուշադրություն դարձնի ներքին օրգանների վրա։ Սովորաբար   փայծաղը խիստ մեծացած ու փափկացած է լինում։
Սիբիրախտից սատկած կենդանու դիակը, կեղտոտված հողը (շրջապատը), որի հետ շփվել է նա, պետք է կամ այրվեն, կամ էլ 2 մետր խորության վրա թաղվեն հողում։  Տեղանքը  պետք է վերցվի  սահմանափակման (կարանտինի) տակ և կատարվեն հիվանդության վերացման  հետ կապված աշխատանքներ։ Ֆերման կամ տեղանքը, որտեղ հիվանդներ են եղել, պարբերաբար ենթարկել ախտահանման՝ ֆորմալինի կամ կծու նատրիումի 2-3¬ տոկոսանոց ջրային լուծույթով։ Նախկինում քիչ ուշադրություն էր դարձվում սանիտարական կանոնների պահպանմանը։  Տնտեսությունների անասնաբույժները պարտադիր կերպով  անասնագլխաքանակը ենթարկում էին սիբիրախտի նկատմամբ ակտիվ իմունիզացիայի։
Ցավոք, մեր օրերում երբեմն անասունները հաշվառումից  թաքցնելու հետևանքով դրանց որոշ մասը դուրս է մնում պատվաստումներից։
Այսօր մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ շրջանի մի շարք համայնքներում 2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ակտիվ իմունիզացիայի (պատվաստման) չեն ենթարկվել խոշոր և մանր եղջերավորները։ Դա, իհարկե, մեծ ռիսկ է, ինչու չէ, նաև անպատասխանատվություն  համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից։ 
 
 
Էդիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ 
Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի 
ԳՆՀ բաժնի անասնաբույժ