[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԿԻՆ ԳԼՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ

123.jpgՎերջին ամիսներին Արցախում արձանագրված աֆրիկյան ժանտախտի դեպքերը զանգվածային բնույթ են ստացել։ Ինչպես հայտնի է, ԼՂՀ վարչապետի մոտ օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ կառավարության ղեկավարը հստակ հանձնարարականներ է տվել վարակը կանխելու նպատակով։ 
Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ ուղղությամբ, ինչո՞ւ հնարավոր չէ արմատախիլ անել ժանտախտի չարիքը, ո՞րն է վարակի տարածման պատճառը։ Այս և նման հարցերի շուրջ պարզաբանումներ է տալիս ԼՂՀ գյուղնախարարության անասնապահական և անասնաբուժական պետական տեսչության պետ Տիգրան ԱՌՍՏԱՄՅԱՆԸ։
Աֆրիկյան ժանտախտը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որով հիվանդանում են ընտանի և վայրի խոզերը՝ անկախ նրանց ցեղատեսակից, սեռից և հասակից։ Հիվանդության հարուցիչն օժտված է տեսակային առանձնահատկությամբ. վարակվում են միայն խոզերը, իսկ մյուս  կենդանիները և մարդիկ դրա նկատմամբ անընկալունակ են։ Արցախում առաջին անգամ աֆրիկյան ժանտախտի բռնկում է արձանագրվել 2007 թվականին։ Այդ ժամանակ մեծ հարված հասցվեց հանրապետությունում խոզաբուծության զարգացմանը. խոզերի գլխաքանակը կրճատվեց գրեթե հինգ անգամ։ Շնորհիվ պետական աջակցության, որը հիմնականում արտահայտվեց փոխհատուցումներով, դանդաղ, բայց վճռական քայլերով սկսեց վերականգնվել անասնագլխաքանակը։ Այդուհանդերձ՝ խոզերի ժանտախտն իսպառ չվերացավ. 2010-ին դարձյալ անկման դեպքեր արձանագրվեցին հանրապետության որոշ համայնքներում։ Ներկայումս կրկին մեծացել է վարակի սպառնալից բռնկման ու նոր կորուստների վտանգը։ 
2012թ. կրկին խոզերի անկման հատուկենտ դեպքեր արձանագրվեցին։ Վարակը, սակայն, դեկտեմբեր ամսին ՙաշխուժացավ՚՝ ընդգրկելով 7 օջախ, իսկ հունվարին արդեն դրանց թիվը հասավ 15-ի։ Նույն ամսին հանրապետությունում անկվել է 583 գլուխ խոզ։ Տիգրան Առստամյանի հավաստմամբ՝ վարակի օջախներում ոչնչացվել են խոզերը, կատարվել է ախտահանում, սահմանվել կարանտին։ Մասնագետների կողմից համապատասխան միջոցներ են ձեռնարկվել, ու նման աշխատանքներն այսօր էլ շարունակվում են՝ վարակի հետագա տարածումը կանխելու համար։ Տեսչության պետի խոսքերով՝ հիվանդությունը չունի բուժում, ինչպես նաև դրա դեմ կանխարգելիչ պատվաստանյութեր չկան։ Վարակի դեպքում մահացությունը  90-100% է։ Հիվանդությունը կարելի է կանխել` պահպանելով միայն սանիտարահիգիենիկ կանոնները, մասնավորապես՝ խոզերի հետ շփման ժամանակ օգտագործել արտահագուստ, որը պետք է թողնել անասնագոմում և պարբերաբար ախտահանել ինչպես հագուստը, այնպես էլ կոշիկները։ 
Որ աֆրիկյան ժանտախտը մեծ վտանգ է սպառնում խոզաբուծության զարգացմանը՝ արդեն իսկ փաստ է։ Անկման դեպքեր են գրանցվել Ասկերանի շրջանում (Խնձրիստան, Խանցք, Այգեստան, Հիլիս, Քռասնի, Պատարա, Շոշ), Աղդամի մերձակա ֆերմաներում, Մարտակերտի շրջանում (Ծմակահող, Գառնաքար, Առաջաձոր)։ Մարտունու շրջանում գրանցվել է ընդամենը մեկ դեպք՝ Թաղավարդ գյուղում։ Եվս մեկ դեպք Ստեփանակերտի քաղաքամերձ Խանեն բաղ կոչվող տեղամասում է արձանագրվել։ 
Հիվանդության տարածման պատճառ են հանդիսանում վայրի խոզերը, օրմիթոդորոս տեսակի տզերը, շփումը վարակված խոզերի հյուսվածքների, արյան, գոմաղբի, մեզի կամ այլ նյութերի հետ, վարակված խոզի մսեղիքի մնացորդները աղբարկղ նետելը, եթե այդ միսը բավարար կերպով չի եփվել։   
ՙՄենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հիվանդությունը հպավարակային է, և խոզերը պետք է պահել մեկուսացված վիճակում։ Ֆերմերային կամ գյուղացիական տնտեսություններում անհրաժեշտ է անցնել խոզերի խիստ մեկուսացված պահվածքի՝ բացառելով թափառական կամ ազատ պահվածքը և այլ կենդանիների հետ շփումը։ Կենդանիների տեղաշարժը կամ տեղափոխումը պետք է իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ շրջանը կամ համայնքն սպասարկող անասնաբույժի գիտությամբ ու թույլտվությամբ՚,- ասաց Տիգրան Առստամյանը։ Նրա խոսքերով՝ մասնագետների բացատրական աշխատանքներից հետո էլ կան խոզապահներ, ովքեր  շարունակում են ՙազատություն՚ տալ անասուններին։ Նման մոտեցումն անհնար է դարձնում վարակի տարածման կանխումը։ ՙԿան անասնատերեր, ովքեր անասուններին բաց են թողնում` հոխորտալով՝ անասունն իմն է՝ թող սատկի։ Բայց չէ՞ որ դրանով նա վնաս է հասցնում ամբողջ հանրապետության անասնագլխաքանակին։ Փորձը ցույց է տվել, որ փակ, մեկուսացված պահվածքի դեպքում վիրուսը կարելի է բացառել։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ միակ ելքը դա է՚,- վստահ ասում է տեսչության պետը։  
Այն հարցին, թե արդյո՞ք պատժամիջոցներ են կիրառվում կարգազանցների նկատմամբ, հանրապետության գլխավոր անասնաբույժը նշեց, որ առայսօր նման միջոցների չեն դիմել, բայց արդեն կա ԼՂՀ վարչապետի հանձնարարականը այսուհետ խիստ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Բացի այդ, բոլոր բնակավայրերի մոտ պետք է կառուցվեն անասնագերեզմանոցներ։ Վարակի դեմ պայքարի համար մեծ պատասխանատվություն է դրված համայնքների և շրջվարչակազմերի ղեկավարների վրա։ Տիգրան  Առստամյանի կարծիքով՝ հիվանդության դեմ պայքարում մեծ է նաև բնակչության դերը. նա նույնպես պետք է օգնի կարգը խախտողներին  բացահայտելու գործում։ 
Հանրապետության գլխավոր անասնաբույժը հորդորում է խոզապահությամբ զբաղվողներին՝ անասունների հիվանդացության և անկման դեպքում անհապաղ տեղեկացնել շրջանային անասնաբուժական ծառայությանը, դրանց սպանդը կամ դիակների ոչնչացումն իրականացնել համայնքը սպասարկող անասնաբույժի հսկողությամբ։ Իսկ բնակչությանը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, շարունակել ճաշակել խոզի միսը, քանզի խստիվ արգելված է վարակակիր օջախներից խոզի մսի ընդունումը։ Այդ առումով նախազգուշացված են նաև մսավաճառները, ուժեղացված է վերահսկողությունը բոլոր օբյեկտներում։ 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ