[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԻԼԻԱՐԴՈՎ

karenshahramanyan.jpgՕրերս կառավարության նիստում  հաստատվեց 2013թ. պետական բյուջեի  միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը։ Ինչպես նշեց ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն  Շահրամանյանը, այն կազմում է 11 մլրդ 500 մլն դրամ` նախորդ տարվա 13 մլրդ 637 մլն դրամի փոխարեն։ 
Քանի որ  անցյալ տարվա համեմատ այն կրճատվել է ավելի քան 2 մլրդ դրամով, ծրագրում նախևառաջ ընդգրկվել են փոխանցվող օբյեկտները, որոնք կազմում են  ընդհանուր ծրագրի մոտ 75%-ը։  Շինարարական ո՞ր  ծրագրերին է առաջնահերթություն տրվելու այս տարի, և ի՞նչ խնդիրներ են փորձելու լուծել. այս մասին՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցում։
-Պարոն Շահրամանյան,  ինչպիսի՞ն է կապիտալ շինարարության այս տարվա քաղաքականությունը։
- Ինչպես  նախորդ տարիներին, այս տարի էլ որպես պետական պատվերի գերակա ուղղություններ  նշել ենք բնակարանաշինությունը, որն ընդգրկում է զոհված ազատամարտիկների ընտանիքների, վերաբնակիչների ու բազմազավակ ընտանիքների բնակարանների կառուցում և կապիտալ վերանորոգում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային խնդրի լուծում։ Ծրագրեր կան՝ կապված մշակութային և սպորտային օբյեկտների, դպրոցների և նախադպրոցական  հիմնարկների  կառուցման և վերանորոգման հետ։ Ճանապարհաշինական, ջրային համակարգերի  կառուցման ծրագրերը ևս ուժի մեջ են։ 
 -Բնակարանաշինությանը հատկացվող  գումարներն ինչքա՞ն կլինեն։
- 2013թ. պետական բյուջեով բնակարանային շինարարության համար կհատկացվի 1024,617 մլն դրամ, ինչը հիմնականում կնպատակաուղղվի փոխանցվող օբյեկտների ավարտմանն ու վերանորոգվող օբյեկտներին։ Այդ թվում՝ շրջաններում բնական աղետի հասցրած վնասների վերականգնման նպատակով շրջվարչակազմերին կհատկացվի 160 մլն դրամ։ Նախատեսվում է նաև շարունակել շրջկենտրոններում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները, որի համար հատկացված է 57 մլն դրամ։
- Կառավարությունը կրթության ոլորտում ակտիվ կառուցապատում է իրականացնում, այնուամենայնիվ, դպրոցական, հատկապես նախադպրոցական հիմնարկների խիստ պահանջ է զգացվում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում։ 
- Այս տարի ավարտին կհասցնենք 5 դպրոցների և 6 մանկապարտեզների կառուցումն ու վերանորոգումը, 12 դպրոցում և 2 մանկապարտեզում շինարարական աշխատանքները կշարունակվեն։ Այս տարվանից շինարարություն կծավալվի Քարվաճառ քաղաքի մանկապարտեզի շենքում։
- Ցավոք, Արցախում ճանապարհները դեռ հեռու են բարեկարգ կոչվելուց։ Ձեր ծրագիրն այս ասպարեզում։
- Պետական բյուջեով ճանապարհաշինության համար նախատեսված է 2մլրդ 561 մլն դրամ։ Կշարունակվեն աշխատանքները Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ճանապարհահատվածում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի և Ասկերանի շրջանի Իվանյան-Նորագյուղ ավտոճանապարհի վերանորոգման և ասֆալտապատման ուղղությամբ։ Հանրապետական ճանապարհների պահպանման և շահագործման նպատակով հատկացված է 50 մլն դրամ, իսկ հանրապետական և  տեղական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների պահպանման, շահագործման և ընթացիկ  վերանորոգման նպատակով՝ 400 մլն։
- Քաղաքաշինության ոլորտում ամենախոշոր և արագ լուծում պահանջող խնդիրը թերևս ջրային համակարգերի կառուցումն է։ Եթե չեմ սխալվում, Ստեփանակերտի ջրամատակարարման ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել այս տարի։ 
- Այո, բավականին խոշոր և ընդգրկուն ծրագիր է. նախատեսված թվով 4 համայնքներում՝ Մուշկապատ, Հաղորտի, Ակնաբերդ և Արտաշավի գյուղերում կկառուցվեն ջրամատակարարման համակարգեր և ջրաչափիչ հանգույցներ։
Ոռոգման ծրագրով նախատեսվում է 80 մլն դրամ, որից 50 մլն¬ը կուղղվի Քաշաթաղի շրջանին։ Ստեփանակերտում նախատեսված է շահագործման հանձնել 2012-ից սկսած բակերի բարեկարգման աշխատանքները, որը կազմում է 641,142 մլն դրամ, իսկ ջրամատակարարման  բարելավման համար՝ կկատարվի 1մլրդ 185 մլն դրամի շինմոնտաժային  աշխատանք։ Ջրամատակարարման ծրագրի արժողությունը 9մլրդ 564 մլն դրամ է։ Այս պահի դրությամբ 8 մլրդ 145 մլն-ը կատարված է։ Տարվա վերջին, ինչպես  սպասվում է, ծրագիրը գրեթե  կավարտենք, որով 47446 բնակիչ շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված կլինեն։ Ցանցին զուգահեռ մենք կավարտենք թիվ 2 ֆիլտրակայանի վերակառուցումը։
Միաժամանակ պետք է նշել, որ հանրապետության տարածքում շինարարական աշխատանքները կատարվելու են ոչ միայն պետական միջոցներով։
Օրինակ՝ առողջապահության ոլորտում աշխատանքները կիրականացվեն ՂՏ-ի կողմից ԼՂՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային  հաշվին մուտքագրվող ֆինանսական միջոցների հաշվին։ Նշված ծրագրով կշարունակվի Մարտակերտ, Մարտունի և Բերձոր քաղաքների  հիվանդանոցների շենքերի կառուցման, Կովսական քաղաքի հիվանդանոցի շենքի վերակառուցման, հանրապետական պոլիկլինիկայի շենքի առաջին հարկի վերակառուցման գործընթացը։ 
Արտաբյուջետային միջոցների հաշվին կշարունակվեն նաև Ստեփանակերտ քաղաքի հ. 1 դպրոցի կառուցման աշխատանքները։
- Պարոն Շահրամանյան, երբեմն  բողոքներ են հնչում շինարարության ցածր որակի մասին։ Որքանո՞վ է Քաղաքաշինության նախարարությունը կարողանում վերահսկել իրավիճակը։
- Խնդիրը կարելի է դիտարկել մի քանի կողմերից։ Այն օբյեկտները, որտեղ վերահսկողությունն իրականացնում ենք մենք, անորակ շինարարության (հատկապես շենքերի հուսալիության հետ կապված) խնդիր չի լինում։ 
Հարցն ավելի սուր է այն դեպքերում, երբ  օբյեկտները  կառուցվում են մասնավոր ներդրումների միջոցով. այս դեպքում բացակայում է տեխնիկական հսկողությունը։ Սա բավականին լուրջ, ես կասեի՝ առաջնահերթ լուծում պահանջող  հարց է։ Լինելով ամենապատասխանատու և կարևորագույն օղակը շինարարական ողջ գործընթացոում՝ այն բաց է թողնված։ Մինչդեռ շինարարության  թույլտվություն տրամադրող մարմինը պարտավոր է պահանջել և ստուգել տեխհսկողություն իրականացնող կազմակերպության առկայությունը։ Ճիշտ է, կա համապատասխան տեսչություն, որը սահմանված կարգով միայն տեսչական ստուգում է կատարում, բայց դա բավարար չէ։
Նախարարությունը հաստիքացուցակով նախատեսված 20 տեխհսկիչով ամբողջ հանրապետության տարածքի շինարարությունը ֆիզիկապես չի կարող  վերահսկել. մենք շինարարություն ենք իրականացնում ավելի քան 300 օբյեկտում։
- Վերջերս ԼՂՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ շինարարների կողմից բազմաթիվ հարցեր բարձրացվեցին, որոնցից մեկն առնչվում էր տեղական արտադրանքի որակին ու քանակին։ Դրանք, ինչպես նշվել էր, որակի առումով չեն համապատասխանում ընդունված չափանիշներին և քանակապես ի վիճակի չեն բավարարել հանրապետության պահանջարկը։
- Այո, կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ պետք է հնարավորինս օգտագործենք տեղական շինանյութեր։ Այստեղ հիմնականում կիրառում ենք քարերի տեսականին և բետոնը։ Բայց ունենք շինանյութերի որակի անհամապատասխանության խնդիր, հատկապես ներքին հարդարման աշխատանքների համար պահանջվող նյութերում։ Նախ, այն մրցունակ չէ շինանյութերի շուկայում. կերամոգրանիտներին այն զիջում է ինչպես դիզայներական լուծումներով, այնպես էլ չափերով ու որակով։ Շինանյութերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պահանջվող ժամկետներում չեն հասցնում բավարարել պահանջարկը, իսկ օբյեկտի շինարարությունն այդ պատճառով սառեցնել չենք կարող։ Խնդրի լուծումը տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման մեջ եմ տեսնում միայն։ 
- Ինչպե՞ս պետք է դա անել, կա՞ն պետական օժանդակության մեխանիզմներ։
- Բացի հումքից, որ մենք ունենք, անհրաժեշտ է ունենալ նաև վերամշակման արտադրամասեր և ժամանակակից սարքավորումներ։ Մեր հանրապետությունում օգտագործվող քարի վերամշակման սարքավորումները դեռ խորհրդային տարիներից մնացածներն են, բացառությամբ մեկ¬երկու կազմակերպության, որոնք  վերջերս են  ձեռք բերել  և հանրապետության ամբողջ պահանջարկը բավարարել չեն  կարող։ Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, այդ խնդրով զբաղվում էր Տնտեսական զարգացման նախարարությունը։ Որքան տեղյակ եմ, որոշ կազմակերպություններ ժամանակակից սարքավորումներ ձեռք են բերել պետության աջակցությամբ, արտոնյալ վարկի միջոցով։ 
- Բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում նաև ջրամատակարարման համակարգերի շահագործման հետ կապված, երբ ինչ-ինչ պատճառներով նոր ասֆալտապատ ճանապարհները քանդելու լրացուցիչ բարդություններ են առաջանում, ինչո՞վ է դա  պայմանավորված։
- Դա, իմ կարծիքով, պայմանավորված է  Ստեփանակերտի ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ի չկայացվածության հանգամանքով և կադրային դեֆիցիտով. մեզ մոտ ջրաշինարարներ գրեթե չկան։ Ջրային ցանցը նոր՝ պոլիէթիլենե խողովակներով փոխարինելուց հետո նրանք ինչ-ինչ պատճառներով սպասարկումը շարունակում են կատարել հին ցանցով, որն արդեն չէր դիմանում, և վթարներ էին առաջանում։ Սա շատ լուրջ խնդիր է, և մենք առաջիկա օրերին հանրապետության Նախագահի մոտ  տեղի ունենալիք խորհրդակցության ժամանակ  կասենք այդ մասին, մանավանդ որ շահագործման հանձնված օբյեկտների կատարողական սխեմաները հանձնվում են ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ին։ Սխեմաների հետ միասին նրանց տրամադրելու ենք նաև դրանց  էլեկտրոնային տարբերակը։
- Պարոն նախարար, իսկ Քաղաքաշինության նախարարությունը վերահսկո՞ւմ է, թե Ստեփանակերտում  կառուցվող շենքերը որքանով են համապատասխանում քաղաքաշինության նորմերին, այդ թվում՝  ճարտարապետական տեսանկյունից։ 
- Ստեփանակերտում այդ առումով խնդիրները բազմաթիվ են, և, ըստ իս,  քաղաքապետարանն այդ հարցում պետք է ավելի սկզբունքային լինի։ Առաջինը, որ պիտի արվի, մայրաքաղաքում  մասսայական հողահատկացումների դադարեցումն է, քանի որ մարդիկ շինարարության թույլտվություն արդեն ստանում են կանաչ գոտիների, մայթերի հաշվին։ Այնուհետև անհրաժեշտ է ձերբազատվել անօրեն շինություններից։  Մի խոսքով, գոյություն ունի  ճարտարապետաշինարարական առաջադրանք հասկացությունը, և դրա նորմերը պետք է պահպանվեն։ Իսկ բնակչությունը պետք է ընդառաջի  դրան։
 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ