[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

DSCN9697.jpgՓետրվարի 7-ին Արցախում գտնվող՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությունը՝ նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ, կառավարության նիստերի մեծ դահլիճում ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ անցկացրեց ավանդական դարձած համատեղ նիստ։ Պատվիրակության անդամներին ողջույնի խոսք ասաց Արցախի կարգավորող մարմնի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը՝ նշելով, որ համատեղ նիստի նպատակը համագործակցության շրջանակներում կարգավորող պետական երկու հանձնաժողովների 2012թ. կատարած աշխատանքների ամփոփումն է և 2013թ. համատեղ աշխատանքային ծրագրի նախանշումը։ Նիստը վարեց հայաստանյան  հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը։ 
Անցած տարվա կատարած աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացրին հանձնաժողովների աշխատակազմերի ղեկավարներ Անդրանիկ Գասպարյանը և Տիգրան Խեչոյանը։ 
Համագործակցության շրջանակներում ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ-ի կողմից ընդունվել է տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառին առնչվող 7 որոշում, որոնցից 4-ը՝ նորմատիվ, 3-ը՝ անհատական։ 
ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ՙԿարագ՚ և ՙՍփրեդ՚ ապրանքային շուկաների ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ տվյալ ապրանքատեսակների իրացմամբ ՀՀ-ում ընդգրկված են նաև ԼՂՀ-ում հաշվառված տնտեսավարող սուբյեկտներ։ Այս կապակցությամբ ԼՂՀ հանձնաժողովի կողմից տեղեկատվություններ են տրամադրվել հայաստանյան գործընկեր հանձնաժողովին։ 
Կատարվել է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների մասին տեղեկատվությունների փոխանակում, ինչը հնարավորություն է տվել համադրել և վերահսկել այն ապրանքների գները, որոնք ներմուծվում են ՀՀ-ից։
2011թ. դեկտեմբերից մինչև օրս Ստեփանակերտ քաղաքում իրականացվել է առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների 59 դիտանցում 60 առևտրային օբյեկտներում, կատարվել արդյունքների վերլուծություն, և ՀՀ-ի հետ  համադրումից հետո ընթացքավորվել։
Ապրանքային շուկաների դիտանցումները որոշակիորեն զսպել են գների արհեստական բարձրացման միտումները, իսկ որոշ դեպքերում էլ օրենսդրորեն կասեցվել։ Էական փոփոխություններ են արձանագրվել մի շարք ապրանքային շուկաներում, մասնավորապես՝ գների իջեցում է արձանագրվել ՙՀնդկաձավար՚, ՙՈսպ՚, ՙՊանիր՚, ՙԿարագ՚, ՙՇաքարավազ՚ ապրանքային շուկաներում, գների բարձրացում է արձանագրվել ՙԱլյուր՚, ՙՅուղ՚, ՙՁեթ՚, ՙԹեյ՚ ապրանքային շուկաներում։
Պարբերաբար իրականացվել է գների անբարեխիղճ մրցակցության դեպքերի և ապրանքային շուկաներում հայտնաբերված հակամրցակցային հնարավոր դրսևորումների մասին տեղեկությունների փոխանակում։ 
Տեղի են ունեցել ՀՀ և ԼՂՀ հանձնաժողովների նախագահների, անդամների և աշխատակազմերի 18 գործնական այցելություններ, այդ թվում՝ ԼՂՀ հանձնաժողովի աշխատակիցների 13 մասնակցություն ՀՀ նշյալ հանձնաժողովի կողմից կազմակերպված սեմինարներին՝ հակամրցակցային համաձայնություններ, համակենտրոնացում, գերիշխող դիրքի չարաշահումներ, վարչական վարույթներ, պետական օժանդակություն, մրցակցային գործերի ընթացակարգեր ուղղություններով։
ՙՄրցակցային ուղղահայաց սահմանափակումները՚ և ՙՊետական օժանդակություն՚ թեմաներով միջազգային սեմինարներին մասնակցելու նպատակով ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ  երկու աշխատակիցներ ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել են արտասահմանյան գործուղումների։  
Երկու հանձնաժողովներում ստեղծվել են աշխատանքային խմբեր, հանձնաժողովների նախագահներին է  ներկայացվել գործունեության ծրագիր` առաջնահերթ  կերպով պարզելու գնագոյացման ընթացքը ՙԱլյուր՚, ՙՀաց՚, ՙՀացամթերք՚, ՙՄիս՚, ՙՄսամթերք՚, ՙԿարագ՚, ՙՄակարոնեղեն՚, ՙՇաքարավազ՚, ՙԸնդեղեն՚, ՙՁավարեղեն՚ ապրանքային շուկաներում։     
ՙՊետական գնումների ընթացակարգի և հետգնումային վերահսկողության վարույթի հիմունքներ՚ և ՙՊետական գնումներ և անբարեխիղճ մրցակցություն՚ թեմաներով 2012 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ ՏՄՊՊՀ-ի կազմակերպած սեմինարներին Արցախից մասնակցել է 4 լրագրող և 1 օպերատոր։
Համագործակցության համաձայնագրով հաստատված աշխատանքային ծրագրի շրջանակներում վերանորոգվել և տեխնիկական հագեցվածությամբ ապահովվել են  Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղերի դպրոցների համակարգչային դասարանները։ 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հրապարակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի պաշտոնական տեղեկագիրը, որը նպատակ ունի հանրությանն իրազեկել ոլորտում ընդունված որոշումների մասին։ 
Ա. Շաբոյանն իր գոհունակությունը հայտնեց աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր, ինչպես նաև դրանից դուրս, աշխատանքները կատարելու համար։ Դրանցում նա առանձնացրեց երկու ուղղություն։ Արդեն երրորդ տարին է՝ երկու հանձնաժողովները համագործակցում են, և դա իր դրական արդյունքներն է տալիս։ Կարգավորող մարմինները չեն բավարարվել միայն սեմինարների, կոնֆերանսների, կլոր սեղանների անցկացումով, նրանք նաև կատարել են կոնկրետ աշխատանք։ Մասնավորապես՝ խմելու ջրի ոլորտում ուսումնասիրություն է իրականացվել, որի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել նաև Արցախի տարածքում գործունեություն իրականացնող ՙՄԳԱ ՎՈԹԸՐ՚ ՍՊԸ-ում, որն անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության է ենթարկվել, իսկ այդ  ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են արցախյան  հանձնաժողովին։ Իսկ  ՙՍփրեդ՚ ապրանքային շուկայում ուսումնասիրություն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն եղավ տեղեկատվություն պահանջել Հայաստանի ու Արցախի տարածքում գործող մի շարք ընկերություններից։ Եվ դարձյալ խախտումներ բացահայտվեցին, մեղավորները պատասխանատվության ենթարկվեցին։ Ա. Շաբոյանի խոսքով՝ գլխավոր նպատակը, սակայն, տուգանքներ նշանակելը չէ, այլ՝ մրցակցության խնդիրների լուծումը, այն է՝ հավասար մրցակցային պայմանների և բարենպաստ միջավայրի ապահովում։ Այդ առումով նա ողջունեց ԼՂՀ կարգավորող մարմնի աշխատանքները, որն ուսումնասիրություններ է կատարել մի շարք սոցիալական նշանակության ապրանքների շուկաներում։ 
Երկրորդ ուղղությունը, ըստ  Ա. Շաբոյանի, տեղեկատվական բազաների ստեղծման հետ կապված աշխատանքներն են։ ՀՀ ՏՄՊՊՀ-ի նախաձեռնությամբ  Արցախի կարգավորող մարմնի համար ստեղծվել է համակարգչային սենյակ։ Համատեղ նիստից հետո տեղի ունեցավ նրա բացումը։ Այն շատ կարևոր նշանակություն կունենա գնագոյացման մեխանիզմների ուսումնասիրության գործում։ Դրանք հնարավորություն են ընձեռում օրվա կտրվածքով հետևել մի շարք ապրանքների գծով միջազգային և հայաստանյան շուկաներին։ Այս համատեքստում Ա. Շաբոյանը կարևորեց նաև հասարակական իրազեկության բարձրացումը, որի նպատակով անցած տարի մի շարք միջոցառումներ են իրականացվել հատուկ  լրագրողների համար։ Իսկ այս տարվա նորույթն այդ ուղղությամբ կլինի տեսահոլովակների պատրաստումը հանձնաժողովի թեմաներով՝ գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնությունների, անբարեխիղճ մրցակցության ուղղությամբ, որտեղ սերիալների ճանաչված դերասանները կյանքից վերցրած օրինակներ կներկայացնեն։ 
Համատեղ նիստը որոշեց ի գիտություն ընդունել համագործակցության շրջանակներում երկու հանձնաժողովների 2012թ. կատարած աշխատանքները և հաստատեց 2013թ. համատեղ ծրագիրը։ 
 
Սվետլանա ԱԽԱՉԱՏՐՅԱՆ