[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ

DSCN9707.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Արցախում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ ամփոփվեցին համագործակցության շրջանակներում ՀՀ և ԼՂՀ երկու կարգավորող մարմինների 2012 թ. կատարած աշխատանքները և հաստատվեց 2013 թ. աշխատանքային ծրագիրը։ 
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն ընդգծեց, որ շատ կարևորում են համագործակցությունը տեղեկատվության ոլորտում։ Հայաստանյան կարգավորիչ մարմնի  նախաձեռնությամբ  վերանորոգվել է Արցախի գործընկեր կառույցի համակարգչային սենյակը, ինչպես նաև տրամադրվել են համակարգիչներ՝ հետագայում տեղեկատվական բազայի տեղադրման և միջազգային համապատասխան կայքերից օգտվելու համար։ 
Համատեղ նիստից հետո տեղի ունեցավ համակարգչային սենյակի բացումը։ ՀՀ նշյալ հանձնաժողովի վերլուծության և մրցակցության գնահատման բաժնի մասնագետ Վաչագան Գասպարյանը ծանոթացրեց այն տեղեկատվական բազային, որի օգնությամբ հանձնաժողովները կարող են գնագոյացման հավաստի և ճշգրիտ հաշվարկներ անել, ինչի համար կարևոր է իմանալ, թե տարբեր երկրներում ինչպիսին են ապրանքային շուկաների գները և թե որքանով են դրանք համարժեք ապրանքների ձեռքբերման գներին։ Նաև տեղեկատվական բազաներ կան ներքին շուկաների ապրանքների գծով։
Ա. Շաբոյանի խոսքով՝ մուտքը  այն բոլոր տեղեկատվական բազաները, որոնց տիրապետում է հայաստանյան հանձնաժողովը, ապահովված է նաև Արցախի գործընկեր հանձնաժողովում։
ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ նախագահ Ա. Ղահրամանյանը նշեց, որ համակարգչային ծրագրի տրամադրումը և միացումը միջազգային կոդերին ոչ միայն հանձնաժողովի համար է կարևոր՝  ընթացիկ վերլուծություն կատարելու համար, այլև  հանրապետության այլ շահագրգիռ մարմինների, որոնց հետաքրքրում է միջազգային շուկաներում գործող գների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև անհատներին՝ բիզնես ծրագրերի կազմման համար։ 
Ա. Շաբոյանի հավաստմամբ՝  գնալով մեծանում է մրցակցային հանձնաժողովի վարկանիշը։ Ի շարս այլ հաջողությունների, նա վկայակոչեց միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից անցած տարի կատարված հարցման արդյունքները, ըստ որոնց՝ 143 երկրների մեջ, որոնց թվում նաև ՀՀ¬ն է ներկայացված, վերջինս  լուրջ բարելավում է արձանագրել. Հայաստանը մրցակցության ոլորտում 43 կետով առաջ է անցել, ընդ որում՝ դա 143 երկրների շարքում աճի ամենաբարձր տեմպն է եղել, հակամենաշնորհային քաղաքականության մեջ՝ 22 կետով և ներքին շուկայում մրցակցության ուժգնության ցուցանիշով՝ 9 կետով։
ՀՀ հանձնաժողովի փորձն ու հաջողությունները փոխանցվում են արցախյան կարգավորիչ կառույցին, որոնք դիտվում են  որպես ծրագրային ուղղություններն իրականացնող միասնական մարմին, հավելեց Հ. Ղահրամանյանը։ 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ