[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ՚

DSC00080_1.jpgԼՂՀ ՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Սերգեյ Բաբայանը 2012թ.  համարում է կառույցի կայացման ու զարգացման հերթական փուլ:
       Նա տեղեկացրեց, որ ԱՎՕ-ներ շահագործող անձանց հետ կնքվել են     պայմանագրեր, որոնց  համաձայն և  ըստ ՙՏեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին՚ ԼՂՀ օրենքի պահանջների, իրականացվել են   արտադրական վտանգավոր օբյեկտների  փորձաքննություններ և տրվել համապատասխան  եզրակացություններ: Դրանցից երկուսը` անբավարար տեխնիկական վիճակից ելնելով՝ բացասական: Մեր` ինչ է նախաձեռնվում նման դեպքերում, հարցին ի պատասխան Ս. Բաբայանը նշեց, որ առկա թերությունների վերացման նպատակով, անմիջապես   դադարեցվում  են նշված օբյեկտների հետագա շահագործումը:
 ՙԱշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով  2011թ. մայիսից  ՙՏեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխության հետևանքով ռեեստրի վարումը և դժբախտ դեպքերի հաշվառումը վերապահված է լիազոր մարմնին՚, մեր զրույցի ընթացքում նշեց տնօրենը՝ տեղեկացնելով, որ  հաշվետու  ժամանակահատվածում, ըստ կենտրոնի կողմից իրականացված  արտադրական վտանգավոր օբյեկտների վկայագրերի փորձաքննությունների` պետական ռեեստրում գրանցվել  է 80  արտադրական վտանգավոր   օբյեկտ։ Տնօրենն իրազեկեց նաև, որ կառույցի կանոնադրության մեջ կատարվել է փոփոխություն, որի համաձայն կենտրոնի լիազորություններին ավելացել է ևս մեկը`կաթսայատներում և լցակայաններում ացկացվելու է հրդեհատեխնիկական փորձաքննություն: Սա պահանջում է օրենքը, եվ կատարվել է առավելագույնս անվտանգություն ապահովելու նպատակով:
         Խոսելով հանրապետությունան տարածքում տեխանվտանգության պահպանման կանոններից՝ Ս. Բաբյանը ցավալիորեն  արտահայտվեց տարվա ընթացքում ԼՂՀ-ում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներում գրանցված դժբախտ պատահարների մասին: Տեղի են ունեցել վեց  դժբախտ դեպքեր։ Համաձայն ԼՂՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի, կատարվել են  դեպքերի տեխնիկական քննություններ, որոնց  նյութերն ուղարկվել են  համապատասխան մարմիններին: ՙՅուրաքանչյուր դժբախտ դեպքի տեխնիկական քննության ավարտից հետո արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձանց հետ, Կենտրոնի մասնագետների մասնակցությամբ, քննարկվել են դրանց  պատճառները, կատարվել են անհրաժեշտ վերլուծություններ և նմանատիպ դեպքեր չկրկնվելու համար տրվել համապատասխան ցուցումներ՚,-ասաց նա:
    Իսկ ինչպես են փորձում լուծել կադրերի հարցը, այս մասին նշվեց, որ  հաշվետու ժամանակաշրջանում Կենտրոնի կողմից մշակվել են ոլորտի տարբեր մասնագիտությունների գծով  ուսումնական ծրագրեր: Գործընթացը կրում է շարունակական բնույթ` համապատասխան արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության գծով պատասխանատու անձանց համար մշակվել են մեթոդական նյութեր և նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր, Կենտրոնի կողմից անց են կացվել ավելի քան  170 պատասխանատու անձանց ուսուցում,  որակավորում, տրվել  վկայականներ:
     Կառույցը սերտ համագործակցում է ՀՀ ՙՏեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի հետ: Կա պայմանավորվածություն մասնագետների որակավորման կատարելագործման ուղղությամբ` հետագայում փորձաքննությունների որակի  բարձրացման և  այդ գործընթացում  նոր ձեռք բերված չափիչ-ստուգիչ սարքավորումների լայն կիրառման նպատակով: Համագործակցության շրջանակներում  վերջինս 2012 թվականին Արցախի համանուն կառույցին նվիրաբերել է ՙՆիվա՚ մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև  ժամանակակից սարքավորումներ: ՙՓորձաքննությունների իրականացման որակի բարձրացման համար նպատակահարմար է  ձեռք  բերել   ախտորոշիչ և  չափիչ-ստուգիչ այլ սարքավորումներ էլ: Այս հարցում էլ  ՀՀ տեխանվտանգության ազգային կենտրոնը, նման սարքավորումներ ձեռք բերելուց, խոստացել է աջակցել, և մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանց` ի դեմս տնօրեն Աշոտ Պետրոսյանի՚,- ասաց Ս. Բաբայանը:
        Հաշվետու տարում  ԼՂՀ  ԿԱ  ՓԾ  ԱԻ ՊՀՏ և ՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚-ի  մասնագետների կողմից  ստուգվել են  ԼՂՀ-ում շահագործվող բոլոր կաթսայատների  և Ստեփանակերտ քաղաքի բնակելի շենքերում  առկա  մարդատար վերելակների տեխնիկական վիճակները,  որոնց արդյունքում հայտնաբերված թերությունների ու բացթողումների  վերացման նպատակով  կազմվել են համապատասխան փաստաթղթեր, տրվել  են հանձնարարականներ`   դրանք հնարավորինս կարճ ժամկետներում վերացնելու համար: Տեխանվտանգության տնօրենը դժգոհություն հայտնեց կազմակերպությունների տեխնիկական անվտանգության ծառայությունների ոչ բավարար աշխատանքի կապակցությամբ:  ՙՉնայած 2006թ. հունիսի 14-ից գործում է ՙՏեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին՚ ԼՂՀ օրենքը, բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ (արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ), իրենց կազմակերպություններում օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի բ/ ենթակետի համաձայն  ստեղծված  նմանատիպ ծառայությունները պատշաճ ձևով չեն իրականացնում համապատասխան հսկողություն արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործման ուղղությամբ: Կազմակերպությունների կողմից օբյեկտներում քիչ են կազմակերպվում դիտարկումներ, վթարի ռիսկի հավանականության, դրանց հետևանքների ծանրության աստիճանի վերլուծություններ,-ասաց նա:- Դեռևս բավարար չի կարելի համարել առանձին կառույցների կողմից տեխնածին վթարների և արտադրական պատահարների կանխարգելման ուղղությամբ իրականացվող պարբերական զննումները, տեխնոլոգիական սարքավորումների, օբյեկտների կառուցվածքների անվտանգության գոտու նկատմամբ՚:
        Ի կատարումն 2012թ. հոկտեմբեր ամսում ԼՂՀ կառավարությունում   տեղի ունեցած ջեռուցման խնդիրներին նվիրված խորհրդակցության  որոշումների, ստեղծվել են կաթսայատների շահագործումն ու սպասարկումն իրականացնող մասնագիտացված կազմակերպություններ, որոնց գործունեության արդյունքում զգալիորեն կբարձրանա  կաթսայատների շահագործման անվտանգության մակարդակը, կբարելավի դրանց սպասարկման որակը, կապահովվի անխափան և անվտանգ ջերմամատակարարում`հավաստիացրեց Ս. Բաբայանը:
         Այսպես, Ստեփանակերտ քաղաքի,  Մարտունու, Մարտակերտի և Հադրութի շրջաններում գործող կաթսայատների տեխնիկական անվտանգության վկայագրերը  ներկայացվել են փորձաքննության, տրվել են համապատասխան եզրակացություններ ու  ՓԾ  արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցվելու համար ներկայացվել են հայտեր: Ասկերանի և Շուշիի շրջաններում շահագործվող կաթսայատների տեխանվտանգության վկայագրերը,  դրանք շահագործող մասնագիտական կազմակերպության  կողմից  դեռևս չեն ներկայացվել փորձաքննության, իսկ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում  չեն ընտրվել համապատասխան մասնագիտացված  կազմակերպություններ:
        Ս. Բաբայանը խնդիրների շարքում առանձնացրեց այն, որ  հաճախ որոշ արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող անձինք չեն կատարում վերը նշված հոդվածի պահանջները, չունեն համապատասխան կառույց և արտադրական վտանգավոր օբյեկտի պատասխանատու անձ են նշանակում պատահական մարդկանց, իսկ սպասարկող անձնակազմը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի ու հրահանգների պահանջներին, նշելով միաժամանակ , որ  ԼՂՀ-ում գոյություն ունեցող արհեստագործական ուսումնարանները ի վիճակի չեն պահանջվող մակարդակով պատրաստելու ՙՏեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին՚ ԼՂՀ  օրենքով սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտներ  սպասարկող մասնագետներ (կռունկավար, հնոցապան, էլեկտրոմեխանիկ, էլեկտրա և գազազոդող և այլն):
       ՙՀաշվի առնելով կենտրոնի հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային փորձը, առաջացած դժվարություններն ու խնդիրները, կենտրոնը նպատակ ունի 2013թ. առաջնահերթ կարգով լուծում տալ  մի շարք խնդիրների` կատարելագործել տեխնիկական անվտանգության փորձաքննության ձևերն ու մեթոդները, փորձաքննության մասնագիտական որակը, այն դարձնել հրապարակային` օբյեկտների մասնագետների մասնակցությամբ, տեխնիկական փորձաքննության արդյունքում տրված փորձագիտական եզրակացությունները դարձնել  կոնկրետ, հիմնավորված, տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի լրիվ ընդգրկմամբ: Պետք է կիրառել նաև անկախ փորձագետների մասնակցության պրակտիկան, սերտ կապ հաստատելով ՀՀ համանուն կառույցների ու հաստատությունների հետ, ինչպես նաև մշակել և հաստատել  այն ոլորտների  տեխնիկական կանոնակարգերը, որոնք ներկայումս գոյություն չունեն՚, ասաց նա:
       Տեխնիկական անվտանգության կենտրոնը 2013թ. առաջնահերթ խնդիրներից է համարում նաև ոլորտի  մասնագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներա-տեխնիկական և պատասխանատու անձանց ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպման շարունակականությունը , գտնելով որ պետք է հասնել նրան, որ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող յուրաքանչյուր  կազմակերպություն  ունենա   Կենտրոնի կողմից ուսուցանված և որակավորված առնվազն մեկ   պատասխանատու անձ:
     Հանրապետության տարածքում օգտագործվում, պահվում և տեղափոխվում են վտանգավորության տարբեր աստիճաններով բազմաթիվ քիմիական նյութեր: ԼՂՀ կառավարության որոշմամբ հաստատվել են այդ նյութերի չափաքանակները, բայց նրանց առկա ընդհանուր քանակի մասին ոչ մի կազմակերպության կողմից հաշվառում չի իրականացում:  Տնօրենի կարծիքով հանրապետությունում պետք է ստեղծվի վտանգավոր նյութերի գրանցման և հաշվառման ռեեստր, ինչպես դա ընդունված է շատ պետությունների միջազգային պրակտիկայում:
      Դրա հետ կապված  անհրաժեշտություն  է առաջանում կատարել օրենսդրական շտկում` օրենք ընդունել  ՙՏրանսպորտով վտանգավոր բեռների տեղափոխման մասին՚, որոշ փոփոխություններ կատարել ՙՏեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին՚ ԼՂՀ օրենքում:
Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարների և դժբախտ դեպքերի մասին չհայտնելը, դժվարություն է առաջացնում հետագա տեխնիկական քննության համար: Օրենքով պետք է տուգանք սահմանել նաև այս ոլորտում: Դժբախտ  դեպքերի հետաքննման աշխատանքների օպերատիվ կազմակերպման անցկացման համար անհրաժեշտություն է առաջանում տուժվողի վնասվածքի ծանրության աստիճանի որոշումը` բուժող հաստատության կողմից:   
         ՙՆպատակահարմար ենք գտնում առաջարկել առողջապահության նախարարությանը հաստատելու արտադրական վտանգավոր օբյեկտում դժբախտ դեպքերից տուժվողների վնասվածքի ծանրության աստիճանի սխեման, որը ՀՀ-ում գործում է  1993 թվականից:  
    Նշված գործառույթները  որակով և պատշած իրականացման համար պետք է բարելավել կենտրոնի շենքային պայմանները, ավարտել կիսատ շինվերանորոգման աշխատանքները, ունենալ կահավորված լսարան՚,¬ եզրափակեց ` Ս. Բաբայանը:
 
Սրբուհի Վանյան