[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԿԱ ՆԵՐՈՒԺԻ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՄԲ

150213Ynderq_Info.jpgԻնչպես արդեն հաղորդել ենք, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օրերս անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2013 թվականի անելիքներին: Խորհրդակցությանը օրենսդիր եւ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ մասնակցել են նաեւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։
Նման ձեւաչափով եւ կազմով հանդիպում կազմակերպելու հնարավորությունն Արցախի համար արդեն իսկ ձեռքբերում է: Այդ համոզմունքն ընդհանուր էր խորհրդակցության մասնակիցների համար: Հանքարդյունաբերությունը, որը երբեք վճռորոշ դեր չի ունեցել Արցախի կյանքում, այսօր ոչ միայն զարգանալու իրական հիմքեր ունի, այլեւ մոտ հեռանկարում կկարողանա լուրջ ներարկում ապահովել երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Սա վերջին շրջանում տարբեր մակարդակներում իրականացված ակտիվ աշխատանքների արդյունքն է: Երկրի ղեկավարը դա գնահատում է: ՙՊետք է գոհունակությամբ նշեմ, որ վերջին ժամանակներս մեր հանրապետությունում իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված ընդերքի ուսումնասիրությանը, որոնց նպատակն է ինչպես գիտական ներուժի, այնպես էլ պրակտիկ հնարավորությունների համադրումը: Դա մեծապես նպաստում է ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի  մշակմանը եւ դրանց հաջող իրականացմանը,-իր խոսքում ընդգծել է Բակո Սահակյանը:- Հանքարդյունաբերության ոլորտը մեր տնտեսության ամենաերիտասարդ, բայց ռազմավարական ու հեռանկարային ճյուղերից է, որն ունի խոստումնալից հնարավորություններ` դառնալու տնտեսության շարժիչ ուժը եւ զբաղվածության կարեւոր աղբյուրներից մեկը: Եվ պատահական չէ, որ այս ոլորտը դարձել է տնտեսության ամենաարագ աճող հատվածներից մեկը եւ արդեն իսկ ապահովում է արդյունաբերական արտադրանքի մոտ 30 տոկոսը, պետական բյուջեի ընդհանուր մուտքերի ավելի քան 11 տոկոսը՚: 
Շարունակությունն` արդեն թվերի տեսքով: Արցախի երկրաբանական ֆոնդում հաշվառված են օգտակար հանածոների 285 հանքավայր, երեւակում եւ հանքայնացման կետ, որից 83-ը՝ մետաղական, 197-ը` ոչ մետաղական եւ 5-ը` վառելիքային: Ներկա դրությամբ ոլորտում իրականացվում է հետախուզման, ուսումնասիրության եւ արդյունահանման 78 ծրագիր, որից 13-ը մետաղական են, 63-ը՝ ոչ մետաղական, իսկ 2-ը՝ վառելիքային: Իրականացվող ծրագրերից 64-ը հանքարդյունահանման գծով են, որից 2-ը մետաղական են,  62-ը` ոչ մետաղական: Ուսումնասիրության գծով գործում է 14 ծրագիր, որից 11-ը` մետաղական, 1-ը` ոչ մետաղական, եւ 2-ը` վառելիքային: Արցախի  նախագահի ելույթում  ներառված թվերի տակ բնական պաշարներ են` սփռված հանրապետության բոլոր շրջաններում: Ընդ որում, հենց այդ պաշարների առկայության փաստն արդեն աննախադեպ մեծացրել է ներդրողների հետաքրքրվածությունն Արցախի անգամ ամենահեռավոր բնակավայրերից շատերի նկատմամբ` թե հարավում եւ թե հյուսիսում:
Առաջընթաց կա նաեւ ոլորտի կառավարման եւ համապատասխան միջավայրի ապահովմանն ուղղված քայլերի մասով: Այդ մասով ձեռքբերումների հիմնական մասը 2012 թվականին է գրանցվել: Հստակեցվել են ոլորտում պետական մարմնի գործառույթները, հիմնադրվել նոր, մասնագիտական ուղղվածություն ունեցող կառույցներ: ՙ2012 թվականին հիմնադրվել են Պետական երկրաբանական էքսպեդիցիան, ՙԵրկրաբան՚ ընկերությունը, որը զբաղվում է դաշտային եւ հորատման աշխատանքներով` հիմնականում պետպատվերի շրջանակներում, ՙԱպագա սերունդների հասարակական հիմնադրամը՚, որի աշխատանքներն ուղղված են Արցախի  բնական պաշարների հայտնաբերմանը եւ գնահատմանը, կենտրոնական լաբորատորիան, Երկրաբանության եւ օգտակար հանածոների թանգարանը՚,- մանրամասները ԼՂՀ նախագահի խորհրդական ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցն է ներկայացնում:
Այս ամենին զուգընթաց` քայլեր են արվում ոլորտը պահանջվող մասնագետներով ապահովելու ուղղությամբ` ոչ միայն հրավիրված, այլեւ հենց տեղում պատրաստված կադրերի հաշվին: Նաեւ տեղեկատվական բազան է աստիճանաբար ամբողջականացվում: Հավաքագրվել եւ թվայնացվել են տարբեր ժամանակներում Արցախում իրականացված երկրաբանական հետազոտությունների արդյունքները ներկայացնող փաստաթղթերը: Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները շնորհակալությամբ են նշում` ոլորտի ձեռքբերումներում անուրանալի է Մոսկվայից հենց այդ առաքելությամբ Արցախ ժամանած Գրիգորի Գաբրիելյանցի ներդրումը:
Պետական սեկտորի ակտիվությանը համարժեք է արձագանքել մասնավոր հատվածը: Եթե տարիներ շարունակ Արցախում հանքարդյունաբերության ոլորտում երեւում էր միայն մեկ անուն` ՙԲեյզ Մեթըլս՚-ը, ապա այս հանդիպմանը ներկայացել էին հենց արցախյան, կամ այստեղ գործող մոտ մեկ տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ՙԳոլդ սթար՚, ՙԻսթ ուեսթ գլոբալ մայնինգ, ինկ՚, ՙԳեգամենտ պլյուս՚, ՙԷներգիա պլյուս՚, եւ սա դեռ ողջ շարքը չէ: Յուրաքանչյուրն իր ձեռքբերումներն է ներկայացրել: Արցախի տարածքում պղինձի, մոլիբդենի, ոսկու, արծաթի ու այլ մետաղների հանքավայրերի որոնումները շարունակվում են: Նաեւ ոչ մետաղական հանածոների մասով են թվերը տպավորիչ: Ոմանց ակնկալիքները արդարացել են, ոմանք դեռ շարունակելու են որոնումները: ՙԳոլդ սթար՚-ը 2012-ը լավ լուրերով է ամփոփել` արդեն հասցրել են Քաշաթաղի հարավում մոտ 10 կիլոմետր ճանապարհ անցկացնել, վարչական եւ կենցաղային շենքեր կառուցել, տարվա կեսերին էլ կսկսեն հանքավայրի շահագործումը:
2013-ը բարի լուրերով է սկսել նաեւ Արցախի հանքարդյունաբերության ոլորտի ամենահին ներկայացուցիչը: ՙԲեյզ Մեթըլս՚-ի ղեկավարը վստահեցնում է` Կաշենի հանքավայրում ավելի քան 41 միլիոն տոննա հանքաքարի պաշարների հաստատումն արդեն ընթացքի մեջ է:
Ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում ջանքերի արդյունքներն Արցախի նախագահը գնահատում է: Նաեւ ոլորտում պետական քաղաքականության հետագա ուղղվածությունն է ներկայացնում. ՙԵրկրաբանական օբյեկտներում իրականացված հետազոտությունների մեծ մասը չի կարելի համարել ավարտված: Դրանք պահանջում են լրացուցիչ հետազոտությունների, ուսումնասիրությունների եւ փորձաքննությունների անցկացում՚: Հանքարդյունաբերության ոլորտի  հետագա զարգացումն ապահովելու ճանապարհին երկրի ղեկավարը կարեւորում է  մի շարք միջոցառումների իրականացումը` ուղղված ընդերքի ռեսուրսային եւ տնտեսական ներուժի գնահատմանը, օգտակար հանածոների հանքավայրերի որոնմանն ու հետախուզմանը, փորձաքննությունների իրականացման համար ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների ստեղծմանը, ընդերքօգտագործման բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Կվերանայվի հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիայի տրամադրման կարգը: Պետական մարմինը հետամուտ կլինի, որ նախատեսվող ուսումնասիրություններն ու հետազոտություններն իրականացվեն հստակ ժամկետներում: Մյուս կողմից` մետաղական հանածոների հետ առանձնահատուկ ուշադրության կարժանանա նաեւ ոչ մետաղական, հատկապես` շինարարության համար պահանջվող հանածոների արդյունահանումը` ինչի նպատակը ոչ միայն արտահանումն ավելացնելն է, այլեւ ներմուծման ծավալները կրճատելը. հաշվի է առնվում փաստը՝ որ ներմուծման ծավալներում  զգալի կշիռ ունեն հենց շինանյութերը, որոնց մեծ մասը հնարավոր է հայթայթել Արցախում: Անուշադրության չեն մատնվի նաեւ բնապահպանական խնդիրները: Բակո Սահակյանը հերթական անգամ այդ առթիվ պետության մոտեցումն է ներկայացրել. ՙՀանքարդյունաբերության զարգացումը կարող է եւ պետք է ընթանա բնօգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության նորմերի խստիվ պաշտպանությամբ: Եվ ընդերքը, եւ բնությունը Արցախի հարստությունն են, եւ մեկի զարգացումը չպետք է լինի մյուսի հաշվին՚:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ