[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ ՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Սերգեյ Բաբայանը 2012 թվականը    համարում է կառույցի կայացման ու զարգացման հերթական փուլ: Ամփոփելով տարվա ընթացքում իրագործածը, նա նշեց, որ Կենտրոնը փորձել է ավելի արդյունավետ աշխատել, կատարելագործվել ինչպես կադրային, այնպես էլ տեխնիկական հագեցվածության առումով:
       Ս. Բաբայանը տեղեկացրեց, որ  արտադրական վտանգավոր օբյեկտեր  շահագործող անձանց հետ կնքվել են     պայմանագրեր, որոնց  համաձայն և  ըստ ՙՏեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին՚ ԼՂՀ օրենքի պահանջների, իրականացվել են արտադրական վտանգավոր օբյեկտների  փորձաքննություններ և արվել համապատասխան եզրակացություններ: Դրանցից երկուսը բացասական՝ ելնելով տեխնիկական անբավարար վիճակից:
 Մեր հարցին, թե ինչ է արվում նման դեպքերում, Ս. Բաբայանը նշեց, որ առկա թերությունների վերացման նպատակով անմիջապես   դադարեցվում  է նշված օբյեկտների հետագա շահագործումը:
     ՙԱշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով  2011թ. մայիսից  ՙՏեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին՚ ԼՂՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ ռեեստրի վարումը և դժբախտ դեպքերի հաշվառումը վերապահված է լիազոր մարմնին՚,- նշեց տնօրենը՝ տեղեկացնելով, որ  հաշվետու  ժամանակահատվածում, ըստ Կենտրոնի կողմից իրականացված  արտադրական վտանգավոր օբյեկտների վկայագրերի փորձաքննությունների` պետական ռեեստրում գրանցվել  է 80  արտադրական վտանգավոր   օբյեկտ։ Տնօրենն իրազեկեց նաև, որ կառույցի կանոնադրության մեջ կատարվել է փոփոխություն, որի համաձայն՝ Կենտրոնի լիազորություններին ավելացել է ևս մեկը` կաթսայատներում և լցակայաններում ացկացվելու է հրդեհատեխնիկական փորձաքննություն: Սա պահանջում է օրենքը, և արվում է   առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով:
Ս. Բաբայանը ցավով արտահայտվեց տարվա ընթացքում ԼՂՀ-ում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներում գրանցված դժբախտ պատահարների մասին: Տեղի են ունեցել վեց  դժբախտ դեպքեր։ Համաձայն ԼՂՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի, կատարվել են  դեպքերի տեխնիկական քննություններ, որոնց  նյութերն ուղարկվել են  համապատասխան մարմիններին: ՙՅուրաքանչյուր դժբախտ դեպքի տեխնիկական քննության ավարտից հետո արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձանց հետ, Կենտրոնի մասնագետների մասնակցությամբ քննարկվել են դրանց  պատճառները, կատարվել անհրաժեշտ վերլուծություններ և  տրվել համապատասխան ցուցումներ՚,-ասաց նա:
    Իսկ ինչպե՞ս են փորձում լուծել կադրերի հարցը։ Այս մասին նշվեց, որ  հաշվետու ժամանակաշրջանում Կենտրոնի կողմից մշակվել են ոլորտի տարբեր մասնագիտությունների գծով  ուսումնական ծրագրեր: Գործընթացը կրում է շարունակական բնույթ` համապատասխան արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության գծով պատասխանատու անձանց համար մշակվել են մեթոդական նյութեր և նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր, Կենտրոնի կողմից անց են կացվել ավելի քան  170 պատասխանատու անձանց ուսուցում,  որակավորում, տրվել  վկայականներ:
     Կառույցը սերտորեն համագործակցում է ՀՀ ՙՏեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի հետ: Կա պայմանավորվածություն մասնագետների որակավորման կատարելագործման ուղղությամբ` հետագայում փորձաքննությունների որակի  բարձրացման և  այդ գործընթացում  նոր ձեռք բերված չափիչ-ստուգիչ սարքավորումների լայն կիրառման նպատակով: Համագործակցության շրջանակներում 2012 թվականին վերջինս Արցախի համանուն կառույցին նվիրաբերել է ՙՆիվա՚ մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև  ժամանակակից սարքավորումներ: ՙՓորձաքննությունների որակի բարձրացման համար նպատակահարմար է  ձեռք  բերել   ախտորոշիչ և  չափիչ-ստուգիչ այլ սարքավորումներ ևս: Այս հարցում էլ  ՀՀ տեխանվտանգության ազգային կենտրոնը նման սարքավորումներ ձեռք բերելուց խոստացել է աջակցել, և մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանց` ի դեմս տնօրեն Աշոտ Պետրոսյանի՚,- ասաց Ս. Բաբայանը:
        Հաշվետու տարում  ԼՂՀ  ԿԱ փրկարար ծառայության և Տեխնիկական անվտանգության կենտրոնի  մասնագետների կողմից  ստուգվել է  ԼՂՀ-ում շահագործվող բոլոր կաթսայատների  և Ստեփանակերտ քաղաքի բնակելի շենքերի վերելակների տեխնիկական վիճակը,  հայտնաբերված թերությունների վերացման նպատակով կազմվել են համապատասխան փաստաթղթեր, տրվել հանձնարարականներ` դրանք հնարավորինս կարճ ժամկետներում վերացնելու համար: Տեխանվտանգության տնօրենը դժգոհություն հայտնեց կազմակերպությունների տեխնիկական անվտանգության ծառայությունների ոչ բավարար աշխատանքի կապակցությամբ:  ՙՉնայած 2006թ. հունիսից գործում է ՙՏեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին՚ ԼՂՀ օրենքը, բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ պատշաճ ձևով համապատասխան հսկողություն չեն իրականացնում արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործման նկատմամբ: Կազմակերպությունների կողմից օբյեկտներում քիչ են կազմակերպվում դիտարկումներ, վթարի ռիսկի հավանականության, դրանց հետևանքների ծանրության աստիճանի վերլուծություններ։
Ի կատարումն 2012թ. հոկտեմբեր ամսում ԼՂՀ կառավարությունում   տեղի ունեցած ջեռուցման խնդիրներին նվիրված խորհրդակցության  որոշումների, ստեղծվել են կաթսայատների շահագործումն ու սպասարկումն իրականացնող մասնագիտացված կազմակերպություններ, որոնց գործունեության արդյունքում զգալիորեն կբարձրանա  կաթսայատների շահագործման անվտանգության մակարդակը, կբարելավվի դրանց սպասարկման որակը, կապահովվի անխափան և անվտանգ ջերմամատակարարում՚,¬ասաց Ս. Բաբայանը:
Ստեփանակերտ քաղաքի,  Մարտունու, Մարտակերտի և Հադրութի շրջաններում գործող կաթսայատների տեխնիկական անվտանգության վկայագրերը  ներկայացվել են փորձաքննության, տրվել են համապատասխան եզրակացություններ ու  ՓԾ  արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցվելու համար ներկայացվել են հայտեր: Ասկերանի և Շուշիի շրջաններում շահագործվող կաթսայատների տեխանվտանգության վկայագրերը,  դրանք շահագործող մասնագիտական կազմակերպության  կողմից  դեռևս չեն ներկայացվել փորձաքննության, իսկ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում  չեն ստեղծվել համապատասխան մասնագիտացված  կազմակերպություններ:
        Ս. Բաբայանը խնդիրների շարքում առանձնացրեց այն, որ  հաճախ որոշ արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող անձինք չեն կատարում վերը նշված օրենքի պահանջները, չունեն համապատասխան կառույց և արտադրական վտանգավոր օբյեկտի պատասխանատու անձ են նշանակում պատահական մարդկանց, իսկ սպասարկող անձնակազմը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի ու հրահանգների պահանջներին։ Արհեստագործական ուսումնարաններն ի վիճակի չեն պահանջվող մակարդակով պատրաստելու արտադրական վտանգավոր օբյեկտներ  սպասարկող մասնագետներ (կռունկավար, հնոցապան, էլեկտրամեխանիկ, էլեկտրա և գազազոդող և այլն):
     Հանրապետության տարածքում օգտագործվում, պահվում և տեղափոխվում են վտանգավորության տարբեր աստիճաններով բազմաթիվ քիմիական նյութեր: ԼՂՀ կառավարության որոշմամբ հաստատվել են այդ նյութերի չափաքանակները, բայց նրանց առկա ընդհանուր քանակի հաշվառում ոչ մի կազմակերպության կողմից չի իրականացվում:  Տնօրենի կարծիքով հանրապետությունում պետք է ստեղծվի վտանգավոր նյութերի գրանցման և հաշվառման ռեեստր, ինչպես դա ընդունված է շատ պետություններում:
      Դրա հետ կապված  անհրաժեշտություն  է առաջանում կատարել օրենսդրական շտկում` ընդունել  ՙՏրանսպորտով վտանգավոր բեռների տեղափոխման մասին՚ օրենք, որոշ փոփոխություններ կատարել ՙՏեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին՚ ԼՂՀ օրենքում:
Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարների և դժբախտ դեպքերի մասին չհայտնելը դժվարություն է առաջացնում հետագա տեխնիկական քննության համար: Օրենքով պետք է տուգանք սահմանել նաև այս ոլորտում: Դժբախտ  դեպքերի հետաքննման աշխատանքների օպերատիվ կազմակերպման համար անհրաժեշտություն է ծագում որոշել տուժողի վնասվածքի ծանրության աստիճանը բուժող հաստատության կողմից:   
         ՙՆպատակահարմար ենք գտնում առաջարկել առողջապահության նախարարությանը հաստատելու արտադրական վտանգավոր օբյեկտում դժբախտ դեպքերից տուժողների վնասվածքի ծանրության աստիճանի սխեման, որը ՀՀ-ում գործում է  1993 թվականից:  
    Նշված գործառույթները պատշաճորեն իրականացնելու համար պետք է բարելավել Կենտրոնի շենքային պայմանները, ավարտել կիսատ նորոգման աշխատանքները, ունենալ կահավորված լսարան՚,- եզրափակեց Ս. Բաբայանը:
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ