[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

DSC_7736.jpgՀունվարի  25-ին տեղի ունեցավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը: 
Նախքան օրակարգային հարցերին անցնելը, լսվեց հանձնաժողովի ԶԼՄ-ների հետ կապերի գծով գլխավոր մասնագետ Արև Հակոբյանի տեղեկատվությունը` հունվարի 31-ից փետրվարի 16-ը  ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (ՀՌԱՀ) կատարած արցախյան հանձնաժողովի ներկայացուցիչների գործուղման մասին, որի ընթացքում նրանք հայաստանյան գործընկերների հետ միասին մասնակցել են  հեռարձակվող ծրագրերի` ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի՝ Հայաստանի ընտրական օրենսդրությանը համապատասխանության մշտադիտարկմանը։ 
Այն իրականացվել է  տեսագրությունների անմիջական դիտարկման արդյունքների, գրանցամատյանների և ընկերություններից ստացված տեղեկատվության հիման վրա: Նշվեց, որ ուսումնասիրության արդյունքում գնահատվել են հիմնականում լրատվական թողարկումներում և հասարակական-քաղաքական հաղորդումներում թեկնածուների  նախընտրական քարոզչության միջոցառումների լուսաբանումն անկողմնակալ լինելու հանգամանքը, ինչպես նաև լուսաբանման հավասարության և ոչ խտրական սկզբունքի պահպանումը: Արցախի ներկայացուցիչները մասնակցել են նաև հարցի առնչությամբ կազմակերպված մամուլի ասուլիսներին: 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, նրա անդամ Աիդա Ավագյանը, բաժնի պետ Աննա Առաքելյանը ՀՌԱՀ նախագահ Գ. Ամալյանի կողմից պարգևատրվել են շնորհակալագրով` արդյունավետ համագործակցության և օժանդակության համար:           
Նիստն ընդունեց որոշում տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտից ընդգրկված մեկ հարցի վերաբերյալ, ըստ որի՝ կաթնամթերքի շրջանառության ոլորտի (կաթ, մածուն, կաթնաշոռ, թթվասեր) և ՙՀավի ձու՚ ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն պետք է ներկայացվի հանձնաժողով: Տնտեսական և անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ Ս. Գրիգորյանի տեղեկատվությամբ` ուսումնասիրության արդյունքում, ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության տրամադրած տվյալներով, կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում ներկրման և արտադրության առավել բարձր տեսակարար կշիռ ունեն  ՙՍեմյոն Բադալյան՚ անհատ ձեռնարկատերը, ՙԱննա-Ալեքս՚ ՍՊԸ-ն, ՙԱռաջնեկ՚ և ՙԱրցախկաթ՚ ՓԲԸ-ները, իսկ ՙՀավի ձու՚ ապրանքային շուկայում` ՙԴվին՚ ՍՊԸ-ն: Նշված տնտեսավարող սուբյեկտները 10-օրյա ժամկետում պետք է տեղեկատվություն ներկայացնեն հանձնաժողով 2012թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն իրենց արտադրած, ներկրած և իրացրած կաթնամթերքի ծավալների վերաբերյալ:  
Ի դեպ, հիշյալ տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչները նիստին ներկա չէին, թեպետ, ըստ հարցը ներկայացնողի, նախօրոք տեղեկացված էին, ինչը հարուցեց հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի դժգոհությունը: Հարցն ընդունվում է վարչական վարույթ, և օրենսդրությամբ հարկ է, որ տվյալ տնտեսավարող սուբյեկտները ներկա գտնվեին քննարկմանը և իրենց վերաբերմունքն արտահայտեին: Հ. Ղահրամանյանը հայտարարեց, որ եթե ընկերությունները հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրավիրվելուց հետո չեն ներկայանում նիստին, դա կարող է դիտվել որպես հանձնաժողովի աշխատանքին  խոչընդոտում: Նա նաև հանձնաժողովի մասնագետներին հորդորեց՝ ինչպես հարկն է, աշխատանք տանել այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնց առնչությամբ հարց կքննարկվի հանձնաժողովում:
Նիստի օրակարգում հեռահաղորդակցության բնագավառից երեք հարց կար: Ընդունվեց որոշում մի շարք ազատ հաճախականություններով Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային կամ կաբելային հեռարձակման (վերագեռարձակման) լիցենզավորման մրցույթ հայտարարելու մասին:
Հանձնաժողովը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում` հիմք ընդունելով ՙ14՚ ՍՊԸ-ի տեղեկատվությունը գործունեության վայրի` բազային ռադիոկայանի տեղափոխման, օգտագործման վայրի աշխարհագրական կոորդինատների և արձագանքի փոփոխման մասին:  Մեկ այլ որոշմամբ անհատ ձեռնարկատիրոջ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման թույլտվություն տրվեց, որը  գործունեություն կիրականացնի  Ստեփանակերտ քաղաքի Առաքելան փողոցում:  
  
Սվետլանա Խաչատրյան