[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ

DSC_7776.jpgԱրցախի ներդրումային հիմնադրամի նախագահ Արտակ ՄԻՐԶՈՅԱՆԻ մամուլի ասուլիսը
Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահ Արտակ Միրզոյանը փետրվարի 27-ին հրավիրեց մամուլի ասուլիս, որտեղ ներկայացրեց 2012թ. գործունեության արդյունքները` նշելով, որ  հաշվետու տարում Հիմնադրամը շարունակել է իր կողմից որդեգրած քաղաքականությունն՝ ուղղված ԼՂՀ-ում ՓՄՁ ոլորտի զարգացմանն ու քաղաքացիների  բնակարանային պայմանների բարելավմանը:
Հաշվի առնելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսական և տարածքային համաչափ զարգացման գործում, ինչը ներկայումս հանդիսանում է ԼՂՀ կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկը, և հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության կողմից հաստատվող ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերը` Արցախի ներդրումային հիմնադրամը 2012թ. շարունակել է իրականացնել ՓՄՁ պետական աջակցությանն ուղղված ծրագրերը, որոնցից մեկն էլ ՙՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում՚ ծրագիրն է: Հիմնադրամի կողմից աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների քանակը 2012թ. համալրվել է ևս 98 նոր սուբյեկտներով, որոնց գործակալ բանկերի կողմից տրամադրվել է 2.0 մլրդ դրամ ընդհանուր գումարով վարկ, իսկ տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմանն է ուղղվել 656.4 մլն դրամ: Տրամադրված վարկային միջոցներից ամենամեծ չափաբաժինն, ըստ գործունեության ոլորտների, արդյունաբերությանն է` 41,4 %:
Ընդհանուր առմամբ, Հիմնադրամի կողմից այս ծրագրի գործարկման հինգ տարիների ընթացքում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 494 ՓՄՁ սուբյեկտի` շուրջ 16,9 մլրդ դրամի չափով վարկերի տարեկան տոկոսադրույքների սուբսիդավորմամբ: Ա. Միրզոյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին ֆինանսական աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների թիվը նվազել է. նվազել է ինչպես աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների քանակը (մոտ 15 տոկոսով), այնպես էլ տրամադրված վարկերի գումարները (մոտ 43 տոկոսով): Նա այդ երևույթը բացատրեց ինչպես բանկային ռեսուրսների բացակայությամբ, այնպես էլ դրանք արտարժույթով տրամադրելու հանգամանքով, ինչը հաճախ ձեռնտու չի լինում հայտատուներին: ՓՄՁ սուբյեկտներին պետական աջակցության հաջորդ ծրագիրը դրանց կողմից թողարկվող արտադրանքների շուկաներում առաջմղմանը նպատակաուղղված  ծրագիրն է, որի շրջանակներում 2012թ. ապահովվել է այդ սուբյեկտների մասնակցությունը ԼՂՀ, ՀՀ և արտերկրյա մի շարք ցուցահանդեսներին, համաժողովներին և տոնավաճառներին: Նրանցից որոշներին Արցախը մասնակցել էր առաջին անգամ:
Հիմնադրամն անցյալ տարի գնել է ՙՍտեփանակերտ-Սերվիս՚ ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը։ Ինչպես հայտնի է, ընկերությունը վարկային պարտավորություններ ունի, և այդ ամբողջ բեռը փոխանցվել է Հիմնադրամին: Ուղևորների հոսքի և վառելիքի ծախսի հաշվառման և վերահսկողության ժամանակակից համակարգ ներդնելու նպատակով Կիև քաղաքում բանակցություններ են տարվել նման սարքավորումներ արտադրող ընկերությունների հետ, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ և այս տարի աշխատանքներ կիրականացվեն այդ ուղղությամբ: Ընդհանուր առմամբ՝ այդ ընկերությունում կատարվել են 200 մլն դրամի ներդրումներ: 
 Հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն, այնուհանդերձ, մնում է հիփոթեքային վարկավորումը: Շարունակվել է բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման  գործընթացը: 
Բնակարանային պայմանների բարելավման հարցով 2012 թվականին Հիմնադրամ է դիմել 412 քաղաքացի: Նշված ծրագրի շրջանակում 2012թ. աջակցություն ստացած ընտանիքների թիվն ավելացել է ևս 324-ով` բանկերի կողմից 2,3 մլրդ դրամի չափով վարկերի տրամադրմամբ։ 
Ընդհանուր առմամբ` բանկերի կողմից հիփոթեքային պետական աջակցության ծրագրերով հինգ տարիների ընթացքում բնակարանի գնման, կառուցման կամ վերանորոգման նպատակով աջակցություն է ստացել 1524 ընտանիք` 9,9 մլրդ դրամ գումարի չափով վարկ ստանալու միջոցով: Հիմնադրամի նախագահի տեղեկատվությամբ, նշված ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների սուբսիդավորումը  կազմել է  925,5 մլն դրամ: 
Չնայած պետական աջակցությանը, բնակարանային խնդիրը շատերի համար մնում է հրատապ, իսկ  բնակարան ունենալու միակ հույսը` հիփոթեքային վարկավորումը: Դրա տրամադրման մեխանիզմների վերանայման անհրաժեշտության մասին վերջին շրջանում շատ է խոսվում. այդ հարցին  պատասխանելով, Ա. Միրզոյանն ասաց, որ վարկավորման գործընթացի վերաբերյալ փոփոխությունների իրենց առաջարկներն արդեն ներկայացվել են իշխանություններին: Նախօրոք մանրամասներ ներկայացնել նա չցանկացավ, բայց ասաց, որ դրանք, բնականաբար, լինելու են բնակչության օգտին և կհրապարակվեն մոտ ապագայում: Խոսքը գնում է առաջնային շուկայում բնակարանների ձեռքբերման մասին: Հիմնադրամն իրականացնում է նաև բնակարանաշինարարական մի շարք ծրագրեր Ստեփանակերտում և շրջկենտրոններում: Իրականացվել են նաև շրջաններում բազմազավակ և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար 67 առանձնատների կառուցման աշխատանքներ: 2012թ. դեկտեմբերի 12-ին դրանք փոխանցվել են ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությանը: 2012թ. վերոնշյալ շենքների և առանձնատների կառուցման և գնման նպատակով ծախսվել է մոտ 2,4 մլրդ դրամ: Ծրագրի իրագործման հինգ տարիների ընթացքում ծախսվել է շուրջ 7,2 մլրդ դրամ գումար:
Հիմնադրամի կողմից արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու նպատակով փոխառություններ են տրամադրվել նաև ԼՂՀ ոստիկանության աշխատողներին` համաձայն ոստիկանության ծառայողների կողմից բնակարանների և բնակելի տներ ձեռք բերելու ֆինանսական աջակցության ծրագրի, որի շրջանակներում 2012 թվականին աջակցություն է ստացել 5 ընտանիք` 105,8 մլն դրամի չափով: Ընդ որում, նշված ծրագրի շրջանակներում ոստիկանության ծառայողներին փոխառությունները տրամադրվում են 1% տարեկան տոկոսադրույքով, 18 տարի մարման ժամկետով, կանխավճարի չափը կազմում է 5%:
Արցախի ներդրումային հիմնադրամը հանդիսանում է ՖԻԴԵՍ հիփոթեքային ընկերության, ՙԱրմատ՚ ՍՊԸ, ՙՍտեփանակերտ-Սերվիս՚ ՓԲԸ 100% և ՙԱրցախ Ֆրութ՚ ՓԲԸ 81,9% բաժնետոմսերի և բաժնեմասի սեփականատեր: Նշված ընկերությունների կանոնադրական կապիտալում Հիմնադրամի կողմից ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 2 մլրդ դրամ:  
Այն ներդրումներ է կատարում նաև ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ բաժնետոմսերում. Հիմնադրամի կողմից ներդրումների ծավալը կազմում է մոտ 30 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ, 2012թ. ընկերությունների կողմից ակնկալվող շահույթը կազմում է շուրջ 48 մլն դրամ: Հիմնադրամն այս ընկերություններից շահաբաժիններ է ստանում՝ սկսած 2009 թվականից, ընդ որում` տարեցտարի նկատվում է շահույթի աճ: Բացի այդ, ավելանում է շահույթով աշխատող ընկերությունների թիվը և կրճատվում վնասով աշխատող ընկերությունների վնասի չափը: Լրագրողները հետաքրքրվեցին անպատասխանատու վարկառուների քանակով ու դրանց հանդեպ կիրառվող տույժերի մեխանիզմներով, Հիմնադրամում իրականացված ստուգումների արդյունքում Վերահսկիչ պալատի կողմից վերհանված թերությունների վերացման ընթացքով և այլն: Նշվեց, որ սահմանված ժամկետներում խախտումները վերացվելու են, անպատասխանատու վարկառուների  տոկոսների սուբսիդավորումը դադարեցվում է:
 
 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ