[ARM]     [RUS]     [ENG]

ՙՃԱՊՈՆԱՑԻ՚ ՎԱՀԱՆԱԿԻՐՆԵՐԸ` ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽՅԱՆ ԹԹԵՆՈՒ

Օրն անցնում է, գյուղացու հոգսը` ավելանում: Արցախցի հողի մշակի հակառակորդների շարքում նոր անդամ է ավելացել: Գնայուկներին, սղոցակիրներին եւ մյուս վնասատուներին ավելացել է թթենու վահանակիրը: Նորահայտ վնասատուն այնպիսի մասշտաբներով է գործունեություն ծավալել, որ Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է այս տարի գլխավորել նրա դեմ պայքարը:
Թթենու վահանակիրի ներկայությունը մեր հանրապետությունում վերջին 2-3 տարիներին առավել զգալի է դարձել: Մասնագետները համոզված են` վարակը ներմուծված է: ՙԱմենայն հավանականությամբ` այս վնասատուն հանրապետություն է ներթափանցել կիվիի հետ՚,- գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանն առայժմ ենթադրություն է ներկայացնում:
Այս վնասատուն շուրջ 7 տասնյակ ծառատեսակների համար իրական վտանգ է ներկայացնում: Նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերը կարող են նրա համար հեշտ ավար դառնալ: Արցախում նրա թիրախը, սակայն, ավելի կոնկրետ է` թթայգիները: Մասնագետների խոսքով` հանրապետության ողջ տարածքում այգիների 60-70 տոկոսն արդեն իսկ վարակված է: Մեկից մինչեւ կես միլիմետր երկարությամբ բզեզները հաստատվում են գաղութներով, ճերմակ փառի նման պատում բույսի հիմնականում մատղաշ ճյուղերը: Այս վնասատուները ծառի հյութով են սնվում: Իսկ նրանց գերության մեջ հայտնված ճյուղերն էլ արագորեն ուժասպառվում ու չորանում են: Ծառերին նման ճերմակ կետեր հայտնվելն այգում վահանակիրների հաստատման մասին է վկայում: ՙԲոլոր տարածքներում էլ կան, մի տեղ մի քիչ ավել, մի տեղ մի քիչ պակաս: Արդեն նաեւ դրանց պատճառած վնասն է անզեն աչքով նկատելի՚,- մանրամասնում է Կարեն Աղաջանյանը:
Վահանակիրի պատճառած վնասը շատ երկրներում առավել քան տեսանելի է: Սա կեղծ ահազանգ չէ, վստահեցնում է գյուղատնտեսության նախարարի տեղակալը. ՙԺամանակին հենց այս վնասատուներն են հսկայական վնասներ պատճառել ճապոնիայի թեյի պլանտացիաներին՚:
Հնարավո՞ր է, որ ճապոնացիներին թեյից զրկած վահանակիրները վտանգի տակ դնեն նաեւ արցախյան թթի օղու ապագան: Համարժեք պայքար չծավալելու պարագայում դա միանգամայն հավանական է, վստահեցնում է փոխնախարարը: Իսկ պայքարի առաջին փուլում շատ բան չի պահանջվում: ՙՎտանգը կանխելու համար անհրաժեշտ է մինչեւ գարնան սկիզբը իրականացնել ծառերի էտի, ձեւավորման աշխատանքները, հեռացնել չորուկները, արմատախիլ անել արդեն տնտեսական նշանակություն ունեցող ծառերը՚,- թվարկում է Կ. Աղաջանյանը: Հաշվի առնելով, որ Արցախում մոտ 950 հա թթայգիների հիմնական մասը վարձակալներին  է հանձնված, հորդորն առաջին հերթին հենց նրանց է ուղղում: Ընդ որում, խորհուրդ չի տրվում կտրատված ծառերն ու ճյուղերը պահել որպես վառելափայտ: Վարակված ծառերի մնացորդները եւս վարակի աղբյուր են: Դրանք պարզապես պետք է այրել:
Նաեւ թունաքիմիկատների կիրառումն է խրախուսվում: Կարեն Աղաջանյանը առավել երաշխավորված դեղերն է թվարկում՝ ՙԴա Բ՚-58-ն է եւ կարբոֆոսը՚:
Այս դեպքում էլ ժամկետները կարեւոր են: Սրսկումն անհրաժեշտ է կատարել այն ժամանակ, երբ վնասատուն դեռ թրթուռի մակարդակում է, ակտիվ սնվում է եւ առավել խոցելի է: Մեր կլիմայի պարագայում դա մայիս ամսվան է համընկնում: Սակայն տեղային առանձնահատկություններից ելնելով, հնարավոր են նաեւ որոշակի շեղումներ:
Ներկայումս վահանակիրի դեմ պայքարի ծրագիր է մշակվում` 300 հեկտարի հաշվառմամբ: Ըստ անհրաժեշտության` որոշակի աջակցություն կլինի նաեւ այգիների վարձակալներին, եթե նրանք իրենց հերթին որոշակի քայլեր իրականացնեն վարակի տարածումը կանխելու ուղղությամբ:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ