[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՄԱՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ՚

KarlenPetrosyan.jpgԼՂՀ կառավարության վերջին նիստերից մեկին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մի շարք փոփոխություններ և առաջարկություններ էր ներկայացրել, որոնք, կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանի խոսքերով, նպատակաուղղված են բնագավառի օրենսդրական կարգավորմանը և արդյունավետ աշխատանքին։ 
Այս և կադաստրի կոմիտեին առնչվող այլ հարցերի պարզաբանման նպատակով Կառլեն ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ հրավիրեցինք հարցազրույցի։ 
-Պարոն Պետրոսյան, ԱԳԿ պետական կոմիտեն կառավարության նիստերից մեկում հանդես եկավ օրենսդրական մի շարք փոփոխություններով։ Ի՞նչ փոփոխություններ էին դրանք  և ի՞նչ նպատակով են կատարվել։ Ի՞նչն է առիթ հանդիսացել նման փոփոխությունների համար։ 
- Ներկայացված օրենսդրական փոփոխություները վերաբերում էին մի քանի օրենքների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքին:
ՙԼիցենզավորման մասին՚ և ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունները բխում են ԼՂՀ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրով նախատեսված, լիցենզավորման ոլորտում ԼՂՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության տրամաբանությունից: Դրանք նպատակաուղղված են հանրապետությունում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատմանը, պարզեցմանն ու հստակեցմանը, մրցակցության ուժեղացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Հաշվի առնելով ոլորտի ապալիցենզավորումը` կատարվել են փոփոխություններ և լրացումներ ՙԱնշարժ գույքի գնահատման գործունեության մասին՚ ԼՂՀ օրենքում:
ՙԱշխարհագրական անվանումների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ և ՙԳեոդեզիայի և քարտեզագրության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ԼՂՀ օրինագծերի մշակումը բխում է վերջին տարիների ընթացքում աշխարհագրական անվանումների, գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառներում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունների և իրավական ակտերի արդիականացման պահանջներից:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա զարգացնելու տվյալ ոլորտը: Եվ քանի որ քարտեզագրական նյութերն օգտագործվում են քաղաքաշինության,   բնապահպանության, արդյունաբերության և այլ բնագավառներում, այն կնպաստի  նաև այդ ոլորտների զարգացմանը:
 Հողային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով հստակեցվում են հողերի նպատակային նշանակության փոփոխության ժամանակ կադաստրային արժեքների տարբերության վճարման հետ կապված հարցերը: Նախագծի ընդունումը խթան կհանդիսանա գյուղատնտեսական ձեռնարկությունների համար, կբացառվեն ավելորդ քաշքշուկները, կկանխվի հողերի ոչ նպատակային օգտագործումը:
- Աշխարհագրական անունների փոփոխությունների վերաբերյալ նիստում հնչած կարծիքները միանշանակ չէին։ Արդյոք  պե՞տք են այդ փոփոխություններն իրականում, չէ՞ որ մարդիկ այդ տեղանքը, միևնույն է, հիշելու են հին անվամբ։ Իսկ ընդհանրապես` որքանո՞վ են հիմնավորված դրանք։ 
- ԼՂՀ կառավարության նիստում ներկայացվել է նաև կառավարության համապատասխան  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը, որի ընդունմամբ կհաստատվեն Մարտակերտի շրջանի 43 համայնքների աշխարհագրական օբյեկտների անվանափոխումները: Դրանով իսկ ավարտին կհասցվի Մարտակերտի շրջանի համայնքների աշխարհագրական օբյեկտների անվանափոխման գործընթացը: Նախորդ տարիների ընթացքում կատարվել են աշխարհագրական օբյեկտների անվանափոխումներ Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Հադրութի շրջաններում: 
2013 թվականին նախատեսվում է աշխարհագրական օբյեկտների անվանափոխումներ իրականացնել Քաշաթաղի շրջանում: Բնագավառի քաղաքականության առաջնային խնդիրն է` ձերբազատվել օտարահունչ և ոչ բարեհունչ աշխարհագրական օբյեկտների անվանումներից և վերականգնել  արցախյան պատմական անվանումները, որոնք դարեր շարունակ մեր ժողովուրդը գործածում էր:
Կարգավորման նպատակն է կանոնակարգել աշխարհագրական օբյեկտների անվանումները և քաղաքացիներին, կազմակերպություններին, պետական կառավարման մարմիններին տրամադրել պաշտոնական և հավաստի տվյալներ աշխարհագրական անվանումների վերաբերյալ:
- Կոմիտեն պարբերաբար տեղեկություններ է հրապարակում անշարժ գույքի շուկայի  գների վերաբերյալ։ Ինչպիսի՞ն են անշարժ գույքի շուկայի վերջին մեկ տարվա վերլուծության արդյունքները: Նաև` անցյալ տարիների հետ համեմատության մեջ:
- Անշարժ գույքի շուկայի տարվա կտրվածքով կատարված դիտարկումը ցույց է տվել, որ 2012 թվականին հանրապետության տարածքում անշարժ գույքի հետ իրականացվել է առուվաճառքի 1815 գործարք, որը 30,8%-ով ավել է 2011 թվականի համեմատ: Դրանց  մեծ մասը կատարվել է չկառուցապատված հողամասերի նկատմամբ` 929 գործարք: Երկրորդ տեղում բնակարաններն են` 421 գործարք և 221 գործարք իրականացվել է առանձնատների հետ: Մնացած գործարքներն իրականացվել են հասարակական և արտադրական նշանակության անշարժ գույքի հետ: Ինչ վերաբերում է գներին, նախորդ տարվա համեմատ բնակարանների  միջին գների մակարդակը բարձրացել է 7,7%-ով, իսկ առանձնատներինը՝ 7,9%-ով: Գների բարձրացումը հիմնականում պայմանավորված է առաջնային շուկայում, այսինքն նորակառույց բազմաբնակարան շենքերում գտնվող  անշարժ գույքի վաճառքի հետ:
- Իսկ քարտեզագրման գործընթացն ավարտվա՞ծ է։ 
- Քարտեզագրման աշխատանքները հիմնականում ավարտված են  Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի շրջանների և Ստեփանակերտի տարածքում: Այժմ իրականացնում ենք կադաստրային քարտեզագրման արդյունքում ի հայտ եկած սխալների ուղղման ծրագիրը: Նրանում ընդգրկված են այն տարածքները, որոնք քարտեզագրվել են կադաստրի համակարգի ստեղծման առաջին տարիներին՝ առանց ժամանակակից համապատասխան չափիչ գործիքների, ինչի արդյունքում և ունենք նշված թերությունները:
- ԱԳԿՊԿ-ն պարբերաբար բարեփոխումներ է կատարում` նպատակաուղղված համակարգի պարզեցմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Եղե՞լ են նման նախաձեռնություններ վերջին տարում:
- 2012 թվականի հուլիսի 1-ից անշարժ գույքի պետական միասնական կադաստրի բնագավառում իրականացվել են համակարգային բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակներն են համակարգի գործառույթների իրականացման ընթացքում վարչարարության բարելավումը, այդ թվում` այդ գործառույթներից օգտվող անձանց սպասարկման որակի, գործառույթների իրականացման թափանցիկության և վերահսկելիության մակարդակի բարձրացումը, բյուրոկրատական քաշքշուկի առավելագույնս բացառումը, առկա աշխատանքային և նյութական ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը և աշխատանքի  արդյունավետության բարձրացումը: 
Բարեփոխումների արդյունքում մասնավորեցվել է անշարժ գույքի չափագրման` հաշվառման գործառույթը, այն վերապահվելով համապատասխան որակավորում ունեցող անձանց: Պարզեցվել են համակարգի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարները:  
Հաշվի առնելով հաշվառման գործառույթի մասնավորեցումը` պետական գրանցման առավելագույն ժամկետը 12 աշխատանքային օրից հասցվել է 4 աշխատանքային օրվա: 
Սահմանվել են արտոնություններ պատերազմական գործողություններից տուժած, նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերում բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գծով: Նշված տարածքներում բնակարանների և բնակելի տների պետական գրանցման համար 15 0000 դրամի փոխարեն գանձվում է 1000 դրամ:
2012 թվականին ԼՂՀ կառավարության կողմից հաստատվել են նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը` տիպային պայմանագրեր, որոնք չեն պահանջում նոտարական վավերացում: Այդ պայմանագրերը պարտադիր նոտարական վավերացման փոխարեն կարող են կնքվել կողմերի ստորագրությունների ճանաչմամբ: Մասնավորապես անշարժ գույքի գործարքներ կատարող անձինք գործարքը կնքելու նպատակով կարող են այցելել միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում, որտեղ հնարավորություն կունենան առանց նոտարական վավերացման համար վճարումներ կատարելու ստորագրել գործարքի փաստաթուղթը և նույն վայրում միաժամանակ այն հանձնել` գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման համար: Մոտակա տարիներին նախատեսվում է կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ, այսինքն`էլեկտրոնային եղանակով պետական գրանցման և  տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացումը:
- Վերջին տարիներին մի քանի նորարարություններ մտցվեցին   փաստաթղթաշրջանառության պարզեցման ուղղությամբ, նոտարական, ՙԱրցախփոստի՚ հենակետեր  բացվեցին կադաստրի  կոմիտեի շենքում։ Կա՞ն էլի,  կամ սպասվո՞ւմ են  նման կարգի այլ նախաձեռնություններ։ 
-Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրման դիմումների ընդունման ոլորտում մեր կառույցի և  ՀՀ ԿԱ  անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  միջև 2013 թվականի ընթացքում նախատեսվում է ստորագրել փոխադարձ համագործակցության համաձայնագիր, ինչը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներին թույլ կտա ստանալ ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվություն` առանց գույքի  գտնվելու վայր այցելելու: 
Այսինքն, ԼՂՀ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրման դիմումները ՀՀ քաղաքացին կկարողանա  ներկայացնել ցանկացած սպասարկման գրասենյակ և ստանալ հայցվող տեղեկատվությունը այդ նույն գրասենյակից, իսկ ԼՂՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած տարածքային ստորաբաժանումից:
 Համաձայնագրի նախագծի ստորագրման համար արդեն ստացել ենք ՀՀ և ԼՂՀ վարչապետների համաձայնությունը:
2013 թվականին նախատեսված աշխատանքները հիմնականում նախորդ տարիներին իրականացված աշխատանքների տրամաբանական շարունակությունն են: Ծրագրերի մեծ մասը ուղղված է լինելու գեոդեզիայի, քարտեզագրության և հողաշինարարության ոլորտներին: Պետք է իրականացնենք 10 ծրագրային աշխատանք:  Համագործակցում ենք  ՀՀ համանուն կառույցի հետ. ստորագրված հուշագրի շրջանակներում նյութական, մեթոդական և գործնական օգնություն ենք ստանում: Մարտակերտի, Հադրութի և Ասկերանի տարածքային ստորաբաժանումների համար մեր գործընկերների օժանդակությամբ նոր մասնաշենքեր են կառուցվել, տրամադրվել են նոր ծրագրային փաթեթներ` աշխատակազմի գործառույթներն  ավելի արագ կազմակերպելու համար: Համագործակցության շրջանակները շատ լայն են և բոլորը թվարկել հնարավոր չէ:
-Ապահովվա՞ծ եք համապատասխան մասնագետներով; 
-Բարձրորակ կադրերի խնդիր կա, այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Վերապատրաստման նպատակով համակարգի աշխատողները պարբերաբար գործուղվում են Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտե, կենտրոնական ապարատի կողմից պարբերաբար դասընթացներ են իրականացվում տարածքային ստորաբաժանումների մասնագետների հետ:  
 
 Սրբուհի ՎԱՆՅԱՆ