[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1.jpgՄարտի 1-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը Ստեփանակերտի երիտասարդության պալատում հանրապետության գյուղատնտեսների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն՝ նվիրված երկրագործության հիմնախնդիրներին: Նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ոլորտի առաջնահերթ խնդիրների և գարնան-դաշտային աշխատանքներում հանրապետության գյուղատնտեսների հիմնական անելիքների վրա:
Ինչպես նշվեց խորհրդակցությունում, տարիներ շարունակ ցուցաբերվող պետական աջակցությունը, ցավոք, միշտ չէ, որ ակնկալած արդյունքներ է տալիս: Ճիշտ է, երբեմն հողօգտագործողներից  ոմանք ստանում են քիչ թե շատ բարձր բերք, սակայն, ընդհանուր առմամբ, զարգացման և բերքատվության աճի դինամիկա չի արձանագրվում: Հաջողությունները կրում են տարերային,  կարծես թե  պատահական բնույթ: Իսկ ցածր բերքատվության ու անհաջողությունների համար, որպես կանոն, պատճառ են բերվում բնակլիմայական պայմանները:
Հարկ է նշել, սակայն, որ ցածր բերքատվության գլխավոր  պատճառը ոչ թե բնակլիմայական պայմաններն են, այլ նախևառաջ`  ագրոտեխնիկական կանոններին չհետևելը:       
Նախարարը նշեց, որ կառավարության կողմից ամեն տարի  միջոցներ են ձեռնարկվում հանրապետության համայնքները գյուղատնտես-մասնագետներով ապահովելու ուղղությամբ: Եթե սրանից մի քանի տարի առաջ հանրապետության շրջաններում աշխատանքով ապահովված էին հատուկենտ գյուղատնտեսներ, ապա այսօր նրանց թիվը հասնում է շուրջ 4 տասնյակի: 
Հողօգտագործողները տարիներ շարունակ հողը մշակում են առանց ագրոկանոնների պահպանման, չեն հետևում մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաներին։
Ինչպես նշեց նախարարը, այդ գործում ցանկացած պատճառաբանություն, կապված աշխատավարձի չափի, աշխատանքային պայմանների կամ տեխնիկական հնարավորությունների հետ, անհիմն է: Անկախ ամեն ինչից, գյուղատնտես-մասնագետը պարտավոր է հսկել համայնքում մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիայով նախատեսված աշխատանքները, կատարել դիտարկումներ ցանքսերի, այգիների վիճակի, հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի տարածման վերաբերյալ և համայնքի ղեկավարի հետ միասին կազմակերպել դրանց դեմ պայքար, իրականացնել մասնագիտական-խորհրդատվական աշխատանքներ բնակչության շրջանում:
Գյուղատնտեսը, որպես փորձուսուցում, սեփական հողատարածքների վրա իր իսկ ձեռքով կատարած գրագետ աշխատանքով պետք է օրինակ ցույց տա համայնքի հողօգտագործողներին: Նրա կապը համայնքի հողօգտագործող բնակիչների հետ պետք է լինի ամենօրյա ու արդյունավետ:
 Հարկ է նշել, որ գյուղատնտեսների աշխատանքների կազմակերպման գործում դեռևս շատ անելիքներ ունեն շրջվարչակազմերի գյուղբաժինների վարիչները: Անհրաժեշտ է բարձրացնել վերահսկողությունը և նրանցից պահանջել ամենամսյա  հաշվետվություններ կատարածի վերաբերյալ: 
Խորհրդակցության վերջում գյուղատնտեսները իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու մի շարք միջոցներ նշեցին: Նախարար Անդրանիկ Խաչատրյանը նրանց հայտնեց ըստ ամենայնի աջակցելու իր  պատրաստակամությունը։
 
Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆ