[ARM]     [RUS]     [ENG]

ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժինը, առաջնորդվելով ԼՂՀ կառավարության որոշումներով և վարչակազմի ղեկավար Ն.Սողոմոնյանի հրահանգներով, 2012թ. շրջանի անասնաբուժական սպասարկման կայանի հետ համագործակցված, որոշակի աշխատանք է կատարել անասնապահության զարգացման, անասանապահական մթերքների արտադրության ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինության և հողօգտագործման բաժնի անասնաբույժ Էդուարդ Դանիելյանը՝ համայնքներում և ֆերմերային տնտեսություններում բացատրական և մասնագիտական աշխատանքներ են տարվել գյուղկենդանիների և թռչունների լիարժեք կերակրման, խնամքի պայմանների բարելավման, բուժկանխարգելիչ միջոցառումների ժամանակին և արդյունավետ կատարման վերաբերյա։  Դրա շնորհիվ նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն պակասել են անասունների և թռչունների կորուստներն ու հարկադիր մորթը, ի սպառ վերացել են վարակիչ և ինվազիոն հիվանդությունները, որոնք նախորդ տարիներին մեծ վնաս են պատճառել անասնապահությանը:
Շրջայցի ժամանակ կարևորվել է անասունների հաշիվ-հաշվառքի դրվածքի բարելավման գործը, ինչը նախկինում գտնվում էր բարձիթող վիճակում, արդյունքում աննպատակ թաքցրած անասունները դուրս էին մնում հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացումից՝ պատվաստումից, ու պատճառ հանդիսանում այս կամ այն հիվանդությունների առաջացմանն ու տարածմանը:
Համայնքներում և ֆերմերային տնտեսություններում, շնորհիվ բացատրական և մասնագիտական աշխատանքների կատարման, շտկվել են տեղ գտած թերություններն, արդյունքում զգալիորեն աճ է գրանցվել և անասնագլխաքանակի, և անասնապահական մթերքների արտադրությունում:
Գլխավոր անասնաբույժը նշեց, որ հանրապետության մի շարք շրջաններում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը գլուխ է բարձրացրել և  սպառնում է նաև մեր շրջանին: Այն խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որով հիվանդանում են միայն խոզերը, իսկ մյուս կենդանիները և մարդիկ նրա նկատմամբ անընկալունակ են: Շրջանում առաջին անգամ աֆրիկյան ժանտախտի բռնկում  է արձանագրվել 2007 թվականին: Այդ ժամանակ մեծ հարված հասցվեց  խոզաբուծությանը, խոզերի գլխաքանակը կրճատվեց գրեթե չորս անգամ: Շնորհիվ նաև պետական աջակցության, որը հիմնականում արտահայտվեց փոխհատուցումներով, դանդաղ, բայց վճռական քայլերով վերականգնվեց  գլխաքանակը:
Ս.թ. փետրվարի 1-ի դրությամբ շրջանի տնտեսություններում առկա է 4412 գլուխ խոզ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 2500¬ով:
Որ աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը մեծ վտանգ է սպառնում խոզաբուծության զարգացմանն՝ արդեն իսկ փաստ է: Անկման դեպքեր են գրանցվել շրջանի Շեխեր և Կարմիր Շուկա համայնքների տնտեսություններում:
-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հիվանդությունը բուժում չունի, վարակի դեպքում անկումը 100 տոկոսանոց է, նրա նկատմանբ, բացի փակ պայմաններում պահելուց, այլ կանխարգելիչ միջոցառումներ չկան, որ այդ հիվանդությունը հպավարակային է, խոզերը պիտի պահվեն մեկուսացված  վիճակում: Մեկուսացված պահվածքի դեպքում վարակը հնարավոր է բացառել: Մարդիկ պետք է գիտակցեն, որ միակ ելքը դա է:
 ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ  փետրվարի 1-ին կայացած աշխատանքային խորհրդակցությունից բխած հարցերից ելնելով՝ շրջանի համայնքների ղեկավարներին, ոլորտի պատասխանատու մասնագետներին հանձնարարված է՝ հնարավոր ամեն ինչ անել խոզերը աֆրիկյան ժանտախտից  ապահով պահելու համար: Շրջանի բոլոր համայնքներում ավագանու նիստ է հրավիրվել, որտեղ հատուկ քննարկման հարց է դրվել խոզերի աֆրիկյան ժանտախտի վերաբերյալ և կայացվել որոշում խոզերը փակ վիճակում պահելու մասին,-ասաց Է. Դանիելյանը։ 
 Վերջում նշվեց, որ քաջ գիտակցելով անասնապահության դերն ու նշանակությունը՝ հնարավոր ամեն ինչ կարվի շրջանի տնտեսությունները ոչ միայն խոզերի աֆրիկյան ժանտախտից, այլ նաև մյուս վարակներից ապահով պահելու համար: Անասնապահությունը գյուղատնտեսության գերակա ճյուղն է: Շրջանի անասնապահության ոլորտի պատասխանատուները հնարավոր բոլոր միջոցները կօգտագործեն այն ավելի զարգացնելու համար:
 
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մարտունի