[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

IMG_0022.jpgՔաշաթաղի շրջանի հարավային թևում, բացի հացահատիկ մշակելուց, արտադրում են նաև մեծ քանակությամբ բանջարեղեն և պտուղ: Երբեմն ստեղծած բարիքների իրացման խնդիր է լինում: Հարցը կարգավորելու նպատակով մարտի 21-ին Իշխանաձորում ՙԱրցախ Բրենդի կոմպանի՚ և ՙԱրցախ Ֆրութ՚ փակ բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում ունեցան ենթաշրջանի համայնքների ղեկավարների հետ: 
Ներկա էին նաև Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը և ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը, ով և,  ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց նրանց այցի նպատակը՝ ճշտել  ստացվող բերքի մոտավոր քանակը, տեսակները, հավաքելու, տեղափոխման, մթերման հնարավորություններն ու տեղը և այլ հարցեր: ՙԱրցախ Բրենդի կոմպանի՚ ՓԲԸ տնօրեն Սլավիկ Սահակյանը տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը հնարավորություն ունի մթերել մեծ քանակությամբ թութ, այլ հատապտուղներ, մրգեր:
- Մենք ուզում ենք աշխատել ձեզ հետ, սակայն առայժմ տեղյակ չենք տեղի հնարավորություններին: Ցանկանում ենք տարածքում ստեղծել մի կենտրոն և կազմակերպել մթերումը,- ասաց Ս. Սահակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ թթի 1 կգ-ի մթերման գինը կկազմի 80-120 դրամ՝ կախված պտղի շաքարայնությունից։ Տեղափոխումը կիրականացնեն իրենք, եթե 8-10 տոննա և ավելի բերք հավաքված լինի: Տարաների տրամադրման հարցը նույնպես կլուծեն: 
Հուզող հարցերի շուրջ հանդես եկան համայնքների ղեկավարները: Ուռեկան համայնքի ղեկավար Գարիկ Մաթևոսյանն ասաց, որ իրենք մեծ քանակությամբ խաղող են արտադրում, առաջարկեց նաև մշակել համատեղ աշխատելու ծրագիր՝  ՙԱրցախ Բրենդի՚-ին անհրաժեշտ խաղողատեսակ առաքելու հարցում: Ձորափ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ կարող են տրամադրել արքայախնձոր: Եղան այլ առաջարկներ ևս: Բերքի ընդունման, որակի, քանակի պայմանների մասին տեղեկություններ տվեց ընկերության գինեգործ Բենիկ Սալյանը: Կարևորվեց հատկապես թթի մթերման հարցը (տարբեր օրերի հավաքածը տեղափոխել առանձին): Համայնքների ղեկավարներին տրվեցին պայմանագրի օրինակներ: Ս. Սահակյանը հայտնեց, որ  հաջորդ հանդիպումը կկայանա պայմանագրերը կնքելուց հետո: 
ՙԱրցախ Ֆրութ՚ ՓԲԸ տնօրեն Արարատ Միրզոյանը տեղեկացնելով, որ իրենց ընկերությունն արտադրում է մուրաբաներ և պահածոներ, անդրադարձավ բանջարեղենի և մրգի տարբեր տեսակների մթերմանը: Ընկերությունը շրջանից արդեն մթերում կատարել է և այս տարի կարող է մթերել 300տ սմբուկ, նույնքան լոլիկ, 50-ական տոննայով պղպեղի տեսակներ՝ կանաչ, կարմիր և ծիծակ, ինչպես նաև այլ տեսակի բանջարեղեն՝ ոչ մեծ քանակով: Կարևորվեց կանաչ ընկույզի մթերումը, որը կիրականացվի կիլոգրամը 200 դրամով և մեծ քանակությամբ: Իսկ բանջարեղենի մթերումը կիրականացվի 60-80 դրամով, որը երկու անգամ ավելի է ՀՀ-ում գործող գներից: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսված է բանջարեղեն մշակել մոտ 170 հեկտարի վրա: 
Հանդիպումից հետո զրուցեցի ՙԱրցախ Բրենդի կոմպանի՚ ՓԲԸ ներկայացուցիչների հետ: Տնօրեն Սլավիկ Սահակյանն ասաց, որ իրենց արտադրանքը հիմնականում առաքվում է արտասահմանյան մի քանի երկրներ, և լինելով որակյալ՝ մեծ պահանջարկ ունի: Կոմերցիոն տնօրեն Էդիկ Պողոսյանը  հավելեց, որ արտադրում են օղի, կոնյակ, գինի՝ մոտ 200 տեսակի խմիչք: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր