ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

Օրվա դրությամբ դաշտերում աշխատում է շուրջ 50 կոմբայն: Հատկանշական է, որ 2 կոմբայն ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից են օգնության եկել: Կոմբայնավարներ Արմեն Հակոբյանը, ով 5-րդ տարին է, ինչ բերքահավաքի բերկրանքն ու դժվարությունները մեզ հետ է կիսում և Ալեքսան Պետրոսյանը, ով աշխատում է բարեխղճորեն, սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում կենսական նշանակության գործընթացի նկատմամբ։
Հատկանշական է, որ բերքահավաքին զուգահեռ ընթանում է նաև ծղոտի հավաքման, կիպավորման գործը:
Հասկանալի է, որ ամենքը ձգտում են օր առաջ հնձել հասունացած արտը: Սակայն շուրջ 13 հազար հա ցանքատարածքների բերքահավաքը 10-15 օրում ավարտելը գործնականում հնարավոր չէ: Այստեղ որոշակի դերակատարություն ունի նաև մարդկային գործոնը, ինչը երբեմն կախված է լինում կոմբայնավարի քմահաճույքից և տրամադրությունից, կամ էլ առաջնային է համարվում ընկեր-բարեկամ կապը:Այդուհանդերձ, շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի տվյալներով` հուլիսի 10-ի դրությամբ, հնձվել է 9862,4հա ցանքատարածք, ստացվել է 16518 տոննա համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 16,7 ցենտներ, ընդ որում` ցորենի բերքատվությունը հեկտարից 17,5, գարունը` 15,3 ցենտներ է:
Բերքահավաքի ամբողջ ընթացքը գտնվում է ԼՂՀ կառավարության, նրա ստորաբաժանումների և շրջվարչակազմի ուշադրության կենտրոնում: Երկրի իշխանավորները հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում են աջակցելու և խթանելու բերքահավաքը սեղմ ժամկետում և անկորուստ ավարտելու համար:
Հուլիսի 10-ին հնձի աշխատանքների ընթացքին և խնդիրներին ծանոթանալու նպատակով գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը և փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը այցելեցին Մարտունու շրջանի հնձվորներին: Նրանց ուղեկցում էին Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, հացահավաքի աշխատանքների հետ առնչվող մի շարք պատասխանատու աշխատողներ:
Դաշտում աշխատողների հետ հանդիպումը կայացավ Սպիտակաշենի համայնքի տարածքում, որտեղ բերքահավաքի աշխատանքները նոր են սկսվել և այժմ նրա եռուն շրջանն է: Համայնքի 266,3հա ցանքատարածքներից հնձվել է ընդամենը 54 հեկտարը:
Շրջվարչակազմի ղեկավարը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում, քննարկումներ են տեղի ունենում բերքհավաքի ընթացքի և առաջացած խնդիրների վերաբերյալ: ՙՉպետք է հուսահատվել կարկտահարության և բնական այլ աղետների հասցրած վնասներից, այլ պետք է տարեցտարի ավելի խելացիորեն և գիտականորեն մշակել հողը: Բնության հասցրած վնասը կամ՝ տեխնիկայի պատճառով գրանցված թերությունները չպետք է հուսահատության հասցնեն մեզ, պետք է նոր եռանդով սկսել և գալիք տարվա աշնանացանի համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել հենց այս օրերին՚,- նշեց Ն. Սողոմոնյանը:
Անդրանիկ Խաչատրյանը բարձր գնահատելով այս օրերին կոմբայնավարների կատարած աշխատանքը` միաժամանակ գոհունակություն արտահայտեց շրջանում բերքահավաքին զուգահեռ դաշտերը ծղոտից ազատելու և հերկի աշխատանքները կազմակերպելու առիթով: Գյուղնախարարի կողմից արժեքավոր նվերների արժանացան ոչ միայն կոմբայնավարները, այլ նաև բերքահավաքի աշխատանքներին առնչություն ունեցող մի խումբ մեխանիզատորներ:
Հանդիպմանը փրկարար ծառայության աշխատանքների մեկնաբանմամբ հանդես եկավ ծառայության տնօրեն Ա.Հարությունյանը:
Հայտնվեց, որ շրջանում բերքահավաքն անկորուստ կազմակերպելու համար մշակվել են համապատասխան ծրագրեր, որոնց իրականացման շնորհիվ բերքի կորուստ չի արձանագրվել:Հնարավոր հրդեհներից խուսափելու նպատակով խստացված ռեժիմով են աշխատում հակահրդեհային ծառայությունները, ինչի համար շնորհակալություն հայտնվեց բերքահավաքի բոլոր մասնակիցներին և շրջանի փրկարար ծառայության աշխատողներին:
Հանդիպումը աշխատանքային էր, որի ընթացքում քննարկվեցին հրատապ լուծում պահանջող ընթացիկ հարցեր:
Ռոմիկ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ք. Մարտունի