ԳՅՈՒՂՈԼՈՐՏՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼԻ ԵՆ

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը ներկայացրեց 2012թ. աշնանը և 2013թ. գարնանը շրջանում կատարված աշնանացանի և գարնանացանի ծավալները և բերքահավաքի արդյունքները: Ըստ տեղեկության՝ կատարվել է 15,059 հա աշնանացան, 2,379 հա գարնանացան, այսինքն՝ ընդհանուր հաշվով ցանվել է 17,438 հա հացահատիկ, որից ցորեն՝ 5200 հա, գարի՝ 11091հա, հաճար՝ 1147հա: Գարնանը կատարվել է նաև 917հա եգիպտացորենի ցանք: Կարկտահարությունից տուժել է 2485 հա ցանքս, իսկ երաշտից՝ 2794 հա: Լ. Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը հարավային թևում գրեթե ավարտվել է, բացառությամբ Ծաղկաբերդի, որտեղ կատարելու քիչ աշխատանքներ են մնացել: Բերքահավաք է կատարվում նաև Աղավնո համայնքում, իսկ հյուսիսային մի քանի համայնքներում դեռ վաղ է բերքահավաք սկսելու համար: Նշվեց նաև, որ բերքահավաքի սկզբից գործել է շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի ղեկավարությամբ, այժմ էլ գործում են հակահրդեհային հենակետերը: Հրդեհներից խուսափելու նպատակով արտեզրերին կատարվել է հերկ:
Խոսելով այս տարվա բերքատվության մասին՝ Ա. Մխիթարյանը նշեց, որ ցածր բերքատվությունը (միջինը մոտ 17 ց/հա ցորեն և 15ց/հա գարի) պայմանավորված է նաև նրանով, որ աշնանացանը ժամանակին չի կատարվել, ագրոտեխնիկական կանոնները ճիշտ չեն կիրառվել, իսկ վարկավորումն ուշացել է, քանի որ անցած տարիների վարկերը կամ չեն մարվել, կամ ուշացումով են մարվել: Անթույլատրելի է հատկապես եգիպտացորեն մշակելու համար ստացված վարկերի չմարումը կամ ուշացումը: ՙԵգիպտացորենն այն բույսն է, որը միշտ էլ բերք կապահովի, եթե բարեխղճորեն մշակվի՚,- ասաց Արտուշ Մխիթարյանը՝ հավելելով, որ կամ աշխատանք չի կատարվել, կամ վարկառուները պարզապես բերք ստացել են, սակայն չեն ցանկացել մարել պետական պարտքը:
ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տարածքային փորձագետ Մհեր Եսայանը ներկայացրեց վարկերի մարման ընթացքը՝ այն համարելով անբավարար, նա համայնքների ղեկավարներին հորդորեց, որ աշխատանքներ տանեն վարկառուների հետ վարկային պարտավորությունները կատարելու համար: Լուրեր են պտտվում, թե իբր ժամկետանց վարկային պարտքերը սառեցվելու են կառավարության կողմից։ Մ. Եսայանն ասաց, որ այդ լուրերն անհիմն են՝ հավելելով, որ կարկտահարությունից և երաշտից տուժած տարածքների վերաբերյալ նույնպես դեռ որոշում չկա: Առավել շատ պարտքեր ունեն Կովսական, Իշխանաձոր, Տիգրանավան (1 տարվա ընթացքում ոչ մի մարում չի կատարվել) և այլ համայնքներ: Կովսականի քաղաքային համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենց պարտքերը մինչև օգոստոսի կեսը կմարվեն: Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը տեղեկացրեց, որ իրենց համայնքում հացահատիկի ցանք գրեթե չի արվել, և այդ պատճառով դժվարություն է առաջացել վարկերը մարելու գործում: Այնուամենայնիվ, տարվում են աշխատանքներ, որ բնակիչներն այլ միջոցներով մարեն պարտքերը:
Արծվաշեն համայնքն ընդհանուր առմամբ պարտք է 8 միլիոն դրամ: Համայնքի ղեկավարն ասաց, որ այս տարի կատարվել է 125հա եգիպտացորենի և 34հա բանջարաբոստանային մշակաբույսերի ցանք. հույս կա, որ կստացվի լավ բերք, բնակչությունը վարկերը կմարի 80-90 տոկոսով: Այս համայնքում կան որոշ չպարզված խնդիրներ՝ կապված վարկերի մարման հետ, ուստի որոշվեց մոտ ժամանակում Արծվաշենում հրավիրել խորհրդակցություն՝ բնակչության մասնակցությամբ:
Հայկազյանի համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանն առաջարկեց հաշվի առնել անցած տարիների փորձը, որ սերմացուի համար տրվելիք վարկի ուշացումը բերում է նաև աշնանացանի ուշ կատարում, և առաջարկեց այս տարվա բերքից որպես սերմացու նախատեսված հատիկի արժեքը համարել վարկ՝ հետագայում ստանալու ակնկալիքով: Այս նպատակով անհրաժեշտ համարվեց ստեղծել հանձնաժողով: Մյուս համայնքների ղեկավարները ևս հավաստիացրին, որ մինչև սեպտեմբեր, եթե ոչ ամբողջությամբ, այնուամենայնիվ, հնարավորինս շատ մարումներ կիրականացնեն: Սակայն որոշ համայնքներում կան լուրջ խնդիրներ հատկապես անցած տարիներին ստացված վարկերը մարելու գործում: Կան վարկառու բնակիչներ, որոնք ինչ¬ինչ հիմնավորումներով չեն ուզում ստացած գումարները վերադարձնել, կան տեղափոխվածներ այլ բնակավայր, կան մահացածներ: Որոշվեց, որ համայնքների ղեկավարները ներկայացնեն անբարեխիղճ վարկառուների ցուցակը, որպեսզի դատական կարգով գանձվի պետական պարտքը:
Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը տեղեկացրեց, որ 2 շաբաթ հետո այսօրվա արդյունքները կքննարկվեն նոր խորհրդակցությունում: Գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը հորդորեց համայնքների ղեկավարներին, որ աշնանացանն սկսելուց առաջ բոլոր վարձակալների հետ կնքեն պայմանագրեր, նոր թույլատրեն դաշտերում ցանք կատարել:
Եգիպտացորեն մշակող համայնքների ղեկավարներն անհանգստացած են հավաքող կոմբայնների հարցով: Նման մեկ տեխնիկա ունի ագրոտնտեսությունը։ Հուսանք, որ ընթացքում դրանց թիվը կավելանա:
Բերձոր-Իշխանաձոր-Բերձոր
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ