Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՆՇՎՈՒՄ

varch.jpgՍեպտեմբերի 3-ին ԼՂՀ կառավարությունում համատեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացնելուց հետո  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ կառավարության ղեկավար Արա Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում հիմնված ՙՄետաքսկոմբինատ՚ ՍՊԸ, որտեղ մի հարկի տակ տարբեր ընկերություններ են գործում: 
Չնայած շինարարական աշխատանքներն այստեղ ընթացքի մեջ են, սակայն արդեն գործող արտադրամասեր կան, շինարարներից բացի,  մոտ 120 մարդ է աշխատում: Արտադրական ամբողջ հարթակի գործարկումից հետո, ըստ ընկերության ներկայացուցիչների, աշխատանքով ապահովված կլինի մոտ  700 մարդ: 
ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է նման ձեռնարկության առկայությունն Արցախում, նշելով, որ գործարանի` ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն հանրապետությունում թեթև արդյունաբերության զարգացման համար: Ընկերությունում գործում են տեքստիլ, կարի, գորգագործական և բրդի մշակման արտադրամասեր: Նշվեց, որ  արտադրական նմանօրինակ հարթակի գործարկումը խոստանում է փոխել նաև երկրի արդյունաբերության բնութագիրը՝  ստեղծելով տեղական հումքի իրացման գործնական հնարավորություն:
Ներկայում ՙՄետաքսկոմբինատում՚ գործում են գորգի նախագծման, թելի ստացման ու ներկման և հետագա այլ գործընթացների համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասեր։ Բրդի վերամշակման արտադրամասն արդեն գործարկման փուլում է: Սկսվել է նաև տեղական հումքի ընդունումը: Պաշտոնյաների խոսքով` չնայած արտադրամասերն աշխատում են ընդամենը մի քանի ամիս, բայց արդեն դրականորեն են ազդել հանրապետության տնտեսական ցուցանիշների վրա: Աշխատողների մեծ մասը միջինը 75 հազար դրամ աշխատավարձ է ստանում:  Արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ ավելանալու է գորգագործ վարպետների թիվը։  
Ընկերության արտադրական հարթակներում կատարած շրջայցից հետո ՀՀ վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին`  ամփոփելով ԼՂՀ կատարած այցը: Այցը գնահատելով շատ արդյունավետ` Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարական պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ Արցախի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներին: ՙԾանոթացանք այն նոր ծրագրերին, որոնք իրականացվում են Արցախի տնտեսության տարբեր բնագավառներում: Այսօր մենք ծանոթացանք թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող հետաքրքիր մի ծրագրի հետ, որը ենթադրում է արդյունաբերության ամբողջական ցիկլի ձևավորում, ինչը նաև տեղական հումքի իրացման խնդիրն է լուծելու` սերտորեն կապված լինելով անասնապահության հետ:  Այս ծրագրերի իրականացմանն արդեն մասնակցում են հայաստանյան ընկերություններ: Առաջիկայում ենթադրվում են նոր հաստոցների շահագործման և նոր աշխատատեղերի ստեղծման աշխատանքներ: Սա շատ կարևոր է, քանի որ թեթև արդյունաբերությունն առաջին հերթին կանանց զբաղվածությունն է ապահովում՚,-նշեց նա: Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև  գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում իրականացվող նախագծերին` առանձնացնելով  ձեթի արտադրությունը, որը պահանջում է բավականին մեծ ծավալի հումք, ինչն էլ իր հերթին նպաստելու է, որպեսզի նոր ներդրումներ արվեն այդ բնագավառում` արտադրական հզորություններն ավելացնելու համար: ՀՀ վարչապետը համոզմունք հայտնեց, որ արտադրության հետագա հզորացմամբ հնարավոր կլինի ապահովել բարձրորակ ձեթի նկատմամբ ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի պահանջարկը: ՙԴա կազդի նաև ձեթի ներմուծման ծավալների կրճատմանը, և մենք կունենանք սեփական բավականին բարձր որակական հատկանիշներ ունեցող ձեթի տեսակներ՚,- ասել է Տ. Սարգսյանը: 
Պատվիրակությունը ծանոթացել է նաև բանակաշինության ծրագրերին, որոնք հաստատվել են կառավարության կողմից: ՙԾանոթացանք նաև զինվորի առoրյային, տեսանք, թե ինչպիսի բարոյահոգեբանական ոգևորիչ մթնոլորտ է տիրում բանակում: Այն, ինչ մենք տեսանք, ակնհայտորեն վկայում է մեր լրջագույն առավելությունները պաշտպանական բնագավառում՚,-ասել է նա: Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Արցախում բազմաթիվ քաղաքաշինական ծրագրեր են իրականություն դարձել: Մշակույթի ոլորտում ընթացող շինարարական աշխատանքները վերջին տարիներին լրջորեն խթանել են տուրիզմի ծավալները:  Արցախի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս զբոսաշրջային ոլորտին: Այս բնագավառում գրավիչ օբյեկտների շահագործման բազմաթիվ օրինակներ կան, ինչն ապագայում կավելացնի ոչ միայն Հայաստանից, այլև արտասահմանից եկող զբոսաշրջիկների թվաքանակը։ Ըստ ՀՀ վարչապետի` դրա համար Արցախում մեծ ներուժ կա: ՙԱյս օրերին մենք քննարկել ենք նաև սոցիալական ուղղվածության տարբեր ծրագրեր: Մեր գերատեսչությունները միշտ երկխոսության մեջ են, ձևավորված են արդյունավետ աշխատանքային հարաբերություններ: Բոլոր ծրագրերի շուրջ այս անգամ ևս եղան քննարկումներ, ստորագրվեցին փոխգործակցության պայմանագրեր, նաև կար տեխնիկական օժանդակության խնդիր, որպեսզի ԼՂՀ համապատասխան գերատեսչությունները պատրաստ լինեն գալիք տարվա հունվարի մեկից կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմանը՚,-նշել է Տ. Սարգսյանը:
 
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ