[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՐՏԱՐՈՒՄ ԳՈՐԾԱԾ ԳՈՐԳԵՐԸ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ

Գորգագործությունն Արցախի մշակույթային  արժեհամակարգում արմատավորվել է անհիշելի ժամանակներից։ Այստեղ ստեղծված  գորգերն իրենց  տեսակով ու շքեղությամբ առանձնանում են և՜ հայկական, և՜ այլ ժողովուրդների կողմից ստեղծված գորգերից։ Արցախյան գորգերը միշտ էլ մեծ պահանջարկ ունեին, այսօր էլ նրանց նկատմամբ հետաքրքրությունը  մեծ է։ 
Արցախում հիմա վերաբացվում են գորգագործական կետեր, որտեղ վարպետները  փորձում են  ստեղծել մեր նախնիների արվեստին համահունչ գործեր։
Ճարտար գյուղում ս.թ. փերտվարի 1-ից գործում է Ստեփանակերտի ՙՂարաբաղ կարպետ՚ ՍՊԸ-ի մասնաճյուղը։ Տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի տեղեկատվությամբ՝ ներկա  դրությամբ այստեղ  աշխատում է  25 հոգի, տեղադրված է  10 հաստոց։ Գորգագործուհիներից  շատերը  Ճարտարի արվեստի դպրոցի սաներ են.  այստեղ բացված կարպետագործության բաժնում խմբակավար Արմինե Հարությունյանը համախմբել է  հետաքրքրվողներին ու սովորեցրել գորգագործության գաղտնիքները։ Մեկ-երկու ամսում նրանք արդեն գործում էին հմտորեն։ Արմինեն ծննդով Ստեփանակերտից է, իր աշխատանքային  մկրտությունն ստացել է Ստեփանակերտի գորգագործականում, որտեղ 16 տարեկանից սկսել է աշխատել։ Ինչ-ինչ պատճառներով փակվեց ձեռնարկությունը, և բարերար,  սիրիահայ Հովիկ Մահսերեջյանը նրան նվիրեց հաստոցներից մեկը։ Այնուհետև Արմինեն աշխատանքը շարունակեց տնային պայմաններում։ Ամուսնացավ։ Տեղափոխվեց Ճարտար։ 7 տարվա ընդմիջումից հետո երջանիկ պատահականությամբ նորից վերադարձավ սիրելի աշխատանքին՝ հնարավորություն ունենալով գորգագործություն սովորեցնել նաև երիտասարդ  աղջիկների։ Երբ բացվեց մասնաճյուղը, վարպետն աշխատանքի հրավեր ստացավ. նա իր հետ բերեց նաև սեփական հաստոցը։ Աշխատանքի հանդեպ սերն ու նվիրումը զգացվում են ոչ միայն վարպետի, այլև նրա սանուհիների մոտ։ Գործում են ՙՇուշի՚, ՙԱրցախ՚, ՙԽնձորեսկ-Վարանդա՚, ՙԱստղազարդ՚, ՙԵրամ՚, ՙԻշխանատուն՚, ՙՍևան՚ տեսակի գորգեր։ 
Վ. Մովսիսյանի տեղեկատվությամբ՝ արդեն 10 գորգ են գործել ու հանել վաճառքի ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում։ Պահանջարկը շատ մեծ է։ Ունեն բարձր գին. գորգերի քառակուսի մետրի արժեքը շուկայում արժե 140 հազ. դրամ։ Աշխատում են միայն տեղական մաքուր բրդյա հումքով, օգտագործվող թելը ստանում են Ստեփանակերտից՝  ՙՂարաբաղ կարպետ՚ ՍՊԸ-ից։ Գորգերն ունեն բարձր որակ, գործելու ժամանակ վարպետները հարազատ են մնում մեր նախնիների գորգագործության նրբություններին, աշխատում գույների ու նախշերի ճշգրիտ համադրությամբ։
Սա  դեռ սկիզբն է։ Շենքային պայմանները թույլ են տալիս ընդլայնել գործունեության շրջանակը։ Մոտ ժամանակներս մասնաճյուղը կհամալրվի ևս 5 հաստոցով, աշխատողների թիվը կհասնի մոտ 50-ի։ 
Այստեղ գործած մեկ քառ. մետրի դիմաց գորգագործուհիներին վճարվում է 50 հազ. դրամ։ 
 
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մարտունի