[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՎԱՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ

 2013թ. աշնանն ու  ընթացիկ  տարվա գարնանը Քաշաթաղի շրջանում ընդհանուր առմամբ կատարվել է 17440հա հացահատիկի ցանքս: Արդեն մի քանի օր է, ինչ շրջանի հարավային թևում սկսվել է աշնանացան գարու հունձը: Մայիսի 25-ից Իշխանաձոր գյուղում շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի ղեկավարությամբ սկսել է գործել շտաբ՝ բերքահավաքը ժամանակին և անկորուստ կազմակերպելու համար: Շտաբում փակցված  հատուկ պլան-ուղեցույցում նշված են ցանքատարածքները և պատասխանատուների անուն-ազգանունները: 

Մայիսի 31-ին Իշխանաձոր գյուղում կայացավ հավաք՝ հարավային թևի համայնքների ղեկավարների, գյուղոլորտի պատասխանատուների, շրջանային ոստիկանության և փրկարար ծառայության ղեկավարների մասնակցությամբ:  Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը ներկայացրեց օրակարգը: Աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանն իր  ելույթում տեղեկացրեց, որ աշնանն ու գարնանը շրջանում  կատարվել է 6150հա ցորենի, 10075հա գարու և 1215հա հաճարի ցանքս: Անդրադարձ եղավ նաև այլ մշակաբույսերի ցանքսին: Տեղեկացվեց, որ 2013-14թթ. ՙԱՐԻ՚ ծրագրով շրջանի 108 հողօգտագործողի  տրամադրվել է 160,5 մլն դրամի վարկ՝ աշնանացան իրականացնելու նպատակով, և 81 մլն դրամի վարկ՝ գարնանացանի նպատակով՝ 54 հողօգտագործողի: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հողօգտագործողներին հատկացրել է 60տ ցորենի և 254տ գարու սերմացու, հատկացումներից  օգտվել են նաև սիրիահայերը: Բացի այդ՝ ԳԳԱՀ-ի կողմից եղել է աջակցություն նաև դիզվառելիքի ձեռքբերման հարցում.  տրամադրվել է 124200 լիտր վառելիք՝ 1 լիտրը 350 դրամով, ինչպես նաև 1000կգ մկնդեղ, 400լ ձեթ և 240տ ազոտական պարարտանյութ: Նույն հիմնադրամից ստացվել է նաև 12,6տ կորնգանի սերմացու:  Լ. Սիմոնյանը նաև  իրազեկեց,  որ հարավային թևի գրեթե բոլոր համայնքները տուժել են ցրտահարությունից, կարկտահարությունից, երաշտից, հեղեղներից:  Ցրտահարվել է 146,5 հա պտղատու այգի, կարկտահարվել 1420 հա ցանքատարածք: Կարևորվեց նաև այն, որ հրդեհներից խուսափելու համար նախատեսված է արտեզրերում իրականացնել զգալի քանակությամբ հակահրդեհային հերկ, իսկ հենակետերում պետք է հերթապահեն մեկական հրշեջ մեքենաներ։ Շրջանում առկա է 17 կոմբայն, որից այժմ գարու արտերում աշխատում է 12-ը: Բերքահավաքն ամբողջությամբ ավարտելու նպատակով ևս 50 կոմբայն բերելու են հարևան Սյունիքի մարզից: Հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումների մասին զեկուցեց Փրկարար ծառայության Քաշաթաղի բաժնի պետ, մայոր Քերոբ Մովսեսյանը: Նա անդրադարձավ անցած տարի իրենց կողմից իրականացված միջոցառումներին։ Այժմ փրկարար ծառայության կողմից տեղադրվել են հեռախոսներ, ստուգվում է բերքահավաքն իրականացնող կոմբայնների և մնացած մեքենաների տեխնիկական վիճակը: 
Անասնակերի պահեստավորման հարցի շուրջ զեկուցեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը: 
Օրակարգի վերջին հարցին, որը վերաբերում էր շրջանին հատկացված վարկերին, անդրադարձավ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Տեղեկացվեց, որ այժմ շրջանը պետությանը ժամկետանց վարկերի դիմաց պարտք է 315 միլիոն դրամ: Իսկ ընդհանուր առմամբ՝ 1միլիարդ 380 միլիոն դրամի չափով: Ս. Խաչատրյանն էլ հայտարարեց, որ ստիպված են լինելու ժամկետանց վարկերի հետբերման համար դիմել դատարան: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր