[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆԱԼ ՆԱԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆԸ՝ ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ

էլեկտրատեխնիկական գործարանը: Ավելի ճիշտ՝ նախկին գործարանը: Այն ժամանակին հազարավոր աշխատատեղեր էր ապահովում: Այս օրերին այստեղ միայն շինարարներն են աշխատում: Խնդիր է դրված կարճ ժամանակահատվածում բարեկարգել շենքն ու տարածքը, նոր պահանջներին համապատասխան կարգավորել ենթակառուցվածքները: Շինարարական աշխատանքները մայիսի կեսերին են սկսվել: Նախատեսվում է ավարտել օգոստոսին:
Արդյունքում կապահովվի 15 հազ. քառ. մ մակերեսով բիզնես-միջավայր, որն արտոնյալ պայմաններով վարձակալության կտրվի որոշակի պահանջներ բավարարող փոքր եւ միջին ձեռնարկություններին: Եվ եթե ՙՂարմետաքսկոմբինատ՚-ի նախկին մասնաշենքում հիմնականում տեքստիլ արդյունաբերության ոլորտից են կազմակերպություններ ներգրավվում, ապա Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տարածքում ձեւավորվող բիզնես-տարածքում այլ ուղղության է նախապատվությունը տրվելու: ՙՑանկանում եմ մեր ժողովրդին անակնկալ մատուցել,- փակագծերը մասամբ է բացում փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:- Նախկին էլեկտրատեխնիկական գործարանը տրամադրվելու է վերամշակող ձեռնարկություններին՚: Ավելի կոնկրետ՝ այս տարածքում աշխատելու են հրավիրվելու հատկապես գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունները: 
Վերանորոգված տարածքում գործարար ծրագիր սկսելու առավելությունն այն է, որ ներդրումները կուղղվեն ոչ թե շենքային պայմանների բարելավմանը, արտադրական տարածքների նախապատրաստմանը եւ ենթակառուցվածքների անցկացմանը, այլ անմիջապես արտադրության կազմակերպմանը, նոր սարքավորումների, նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Դրանով ներդրումների պատրաստակամություն հայտնողը ազատվում է բավական մեծ ռիսկերից: Սա փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը եւ արտահանման ծավալների մեծացմանն ուղղված պետական 
քաղաքականության տրամաբանության մեջ է տեղավորվում:
Փոխվարչապետի խոսքով՝ արդեն 2-3 կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ կան, որոնք հիմք են տալիս համոզմունք հայտնել, որ մինչեւ տարեվերջ այս տարածքում առաջին արտադրությունը կկազմակերպվի: Այս տարածքում նաեւ գյուղմթերքի փաթեթավորման հնարավորություններ են ապահովվելու: Ծրագրի այս մասի իրագործումը վերամշակված գյուղմթերքի արտահանման հեռանկարն է ենթադրում: 
Սկզբնական շրջանում Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տարածքում մինչև 7, ոչ հեռու ապագայում՝ գյուղմթերք վերամշակող 10-12 ձեռնարկություն է աշխատելու՝ ապահովելով մի քանի հարյուր նոր աշխատատեղ:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ