[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ինչպես  դրանք կանդրադառնան  Հայաստանի վրա
Տնտեսական պատժամիջոցները երկկողմանի երևույթ են, ուստի  Ռուսաստանը նույնպես ի վիճակի է Արևմուտքի սպառնալիքներին ի պատասխան սահմանափակող միջոցներ մտցնել: 
Ավանդաբար ռուսաստանյան պատժամիջոցներն իրականացվում էին Ռուսաստանի  սպառողների իրավունքների վերահսկման ծառայության   գերատեսչության միջոցներով, որը ճնշում էր գործադրում անցանկալի երկրների վրա՝ արգելք սահմանելով առանձին ապրանքատեսակների ներմուծման վրա։
 Ուկրաինական ճգնաժամի պայմաններում Ռուսաստանն արդեն ձեռնարկել է առաջին կանխարգելիչ միջոցները. Ռուսաստանի գյուղատնտեսության և պարենի վերահսկման ծառայությունը  հայտարարել է ԱՄՆ-ից խոզի մսի ներմուծման արգելքը վերացնելու որոշումը մարտի 10-ից դադարեցնելու մասին՝ Ռուսաստանի հետ ռազմական փոխգործակցությունը դադարեցնելու վերաբերյալ Պենտագոնի հայտարարությունից անմիջապես հետո: 
Ուկրաինայում տիրող իրավիճակը, որը պատճառ դարձավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Արևմուտքի սպառնալիքներին, կարևոր հարցի տեղիք տվեց. իսկ որքանո՞վ է Ռուսատանը զգայուն տնտեսական պատժամիջոցների հանդեպ, դրանք ի՞նչ վնաս  կարող են հասցնել Ռուսաստանի տնտեսությանը և ի՞նչ աստիճանի է վերջինս սուվերենացված: 
Իհարկե, այսօր Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը, ավելի շուտ, ցուցադրական սպառնալիք է, որը ներկա դրությամբ իրական արդյունք չի տա: Բայց եթե ապագայի կանխատեսումներ անենք և պատկերացնենք ազգային շահերի ապահովման, եղբայրական ազգերին պաշտպանելու նկատառումներով արևմտյան երկրներին անմիջականորեն դիմակայելու մի իրավիճակ, ապա հարցը նախկինի պես բաց կմնար. ի՞նչ զոհողության ստիպված կլինի գնալ երկիրը հանուն դրա, և արդյո՞ք այդ զոհողությունը համարժեք  կլինի նպատակին: 
Գլոբալ տնտեսության պայմաններում անհնար է պատկերացնել մի պետություն, որը ներկառուցված չլինի համաշխարհային տնտեսական կապերի համակարգի մեջ: Բայց և այնպես, փոխադարձ կապի աստիճանը կարող է տարբեր լինել: Երկրի առևտրային հաշվեկշռում հիմնական գործընկերներ են մնում ԵՄ (ներմուծման 42,2%¬ը, ողջ արտահանման 53,8%¬ը), ԱԽՏՀ (ներմուծման 34,3%¬ը, արտահանման 18,9%¬ը) և ԱՊՀ (ներմուծման 13%¬ը և արտահանման 14%¬ը) երկրները, խոշորագույն գործընկերներ Չինաստանն ու Գերմանիան: Ռուսաստանի համար աշխարհից նման կախվածությունը կարող է անդրադառնալ մի շարք ոլորտների վրա: Ամենից առաջ, դա երկրի ապահովված լինելն է ռազմավարական այնպիսի կարևոր ապրանքներով, ինչպիսիք են պարենամթերքը, դեղորայքը, տեխնոլոգիաները և մեքենաների բաղադրամասերը:
Ռուսաստանի գազի բնագավառը գործնականում ամբողջովին կողմնորոշված է դեպի Եվրոպայի և ԱՊՀ երկրներ. այսպես, ռուսաստանյան գազի 64,7%-ը խողովակաշարերով հասնում է Եվրոպա, իսկ 27,85%-ը՝ հետխորհրդային տարածքի երկրներ, մնացած մասը հեղուկ գազի տեսքով ուղարկվում է Ասիա: Հայրենական հումքային ընկերություններն ամբողջապես կախված են եվրոպական գազի շուկայից, այն դեպքում, երբ Եվրոպան բազմազանեցրել է իր առևտրային հարաբերությունները. ռուսաստանյան գազի մասնաբաժինը նրա ներմուծման կառուցվածքում կազմում է 34,46%, երկրորդ մատակարար  է հանդիսանում Նորվեգիան, երրորդ՝ Նիդեռլանդները: 
ԱՄՆ-ն գազի իր պահանջները բավարարում է Կանադայի հաշվին և, տնտեսագետների գնահատմամբ, ՙթերթաքարային հեղափոխության՚ հաշվառումով նա շահագրգռված է այն բանում, որ Եվրոպան աստիճանաբար անցում կատարի ամերիկյան թերթաքարային գազին: Սակայն Եվրոպայի երկրների մեծ մասի համար ռուսաստանյան գազը ներմուծման կարևորագույն աղբյուր է: 
Վաշինգտոնն արդեն սպառնացել է ռուսաստանյան մասնավոր ներդրողների և պետական ընկերությունների հաշիվների սառեցումով ռուսաստանյան բանկերի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու իր մտադրությամբ: Հենց այստեղ ԱՄՆ-ն ունի ճնշման մեծագույն լծակներ: Եվրախորհրդարանը քննարկել է ռուսաստանյան պաշտոնյաների ակտիվների նկատմամբ համանման սահմանափակող միջոցների հարցը: Այստեղ հարկ է վերհիշել, որ ՙՄագնիտսկու գործից՚ հետո, երբ ԱՄՆ-ն սառեցրեց այդ գործի մեջ ներգրավված անձանց հաշիվները, Ռուսաստանում ուժի մեջ մտավ պաշտոնյաների՝ արտասահմանյան բանկերում հաշիվներ ունենալու արգելքի մասին օրենքը (2013թ. մայիս): Սակայն գույքի վրա տվյալ օրենքը չի տարածվում, այդ պատճառով էլ ճնշման լծակները Եվրոպայի և ԱՄՆ-ի մոտ պահպանվում են: Ավելի բարդ է իրավիճակը մասնավոր ակտիվների հարցում, որոնց ընդհանուր ծավալը հայտնի չէ: Այստեղ մնում է միայն խորհուրդ տալ հետևյալը՝ միջոցները պահել հայրենական բանկերում, դրանք  չհանել Ռուսաստանի տնտեսությունից.  դրանով իսկ այդ միջոցների սեփականատերերը միաժամանակ կօգնեն երկրին, և՜ իրենց կապահովեն արտաքին քաղաքական ռիսկերից: 
Տնտեսական պատժամիջոցներ կիրառելը ձեռնտու չէ նաև Ամերիկային: Որոշ գնահատումների համաձայն, ԱՄՆ-ի հաշիվներում գտնվող Ռուսաստանի պետական միջոցների ծավալը կազմում է մոտ 400 մլրդ դոլար: Ռուսաստանը ԱՄՆ դոլարների խոշորագույն մասնատերն է, իսկ հետևաբար՝ ռուսաստանյան ակտիվների սառեցումը վտանգավոր որոշում կլիներ ամերիկյան տարադրամային համակարգի համար, ինչը կկարողանար շղթայական ռեակցիա հարուցել և էապես թուլացնել շուկայի վստահությունն ամերիկյան տարադրամի հանդեպ: Այդ իսկ պատճառով ամենահավանական որոշումը կարող է լինել մասնավոր ներդրողների հաշիվները սառեցնելը, իսկ այստեղ արդեն գործի կդրվի մասնավոր շահերի՝ լոբբինգ վարելու մեխանիզմը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ռուսաստանում:
 Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ մտցնելը ձեռնտու չէ, քանի որ այստեղ միաձուլվում են մասնավոր բիզնեսի և իշխանության շահերը: Ռուսաստանի վրա թիրախային ձևով ներգործել հնարավոր է, բայց այդ դեպքում  կհետևեր Ռուսաստանի պատասխան արձագանքն՝ ի դեմս նախագահի կամ Սպառողների իրավունքների վերահսկման դաշնային ծառայության, որը, ավանդույթի համաձայն, դեռևս Գենադի Օնիշենկոյի՝ որպես ղեկավարի նրա պաշտոնավարման ժամանակ պատժիչ գործառույթ էր իրականացնում: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ չնայած պատժամիջոցների՝ այդկերպ  անհնար և ոչ ձեռնտու լինելուն, Ռուսաստանը խոցելի է մնում դրանց հանդեպ, և այդ կախվածության մեջ նա ինքն է իրեն ներքաշել, երբ դադարեցրել է վերամշակող արդյունաբերությանն օժանդակելը և անցել ներկրվող արտադրանքի սպառմանը՝ փոխանակ զարգացնելու  սեփական արտադրությունը: 
Իսկ ինչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Հայաստանի վրա:  Մասնավորապես՝ նրա բանկային համակարգի վրա:
Ռուսաստանի բանկային համակարգի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները չեն անդրադառնա ռուսատանյան կապիտալով հայկական բանկերի վրա: Հայաստանում գործում են արտասահմանյան բանկերի ոչ թե մասնաճյուղեր, այլ ՙդուստրեր՚, որոնց վրա տարածվում են երկրում գործող պրուդենցիալ (նախնական) կարգավորման կանոնները: Դրսի կապիտալի նկատմամբ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդել տեղական բանկերի վրա, քանի որ ռուսաստանյան բանկերը գրանցված և լիցենզավորված են Հայաստանում: ԱՄՆ-ն և Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ, Ղրիմի հարցում նրա դիրքորոշմամբ պայմանավորված, մի շարք անհատական պատժամիջոցներ են մտցրել՝ հաստատելով մուտքի և ելքի  թույլտվություն չունեցող անձանց ցուցակներ և սառեցնելով նրանց ակտիվները: Իրավաբանական անձերից պատժամիջոցների է ենթարկվել միայն ՙՌոսիա՚ բանկը, միջազգային Visa և Master Card վճարման համակարգերը ԱՄՆ-ի կողմից Ռուսատանի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելուց հետո դադարեցրել են գործարքներ իրականացնել ՙՌոսիա՚, ՙՍՄՊ բանկ՚, ՙՍոբինբանկ՚ և ՙԻնվեստկապիտալբանկ՚ բանկերի հաճախորդների համար: Միաժամանակ Մեծ յոթնյակի երկրները Ուկրաինայի շուրջ ծավալվող իրավիճակի հետագա սրման դեպքում Ռուսաստանին սպառնացել են տնտեսության մի շարք հատվածներին ուղղված պատժամիջոցներով: Ռուսատանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անտեղի է և անարդյունավետ: 
  
Աստղիկ ԱՌՍՏԱՄՅԱՆ
Տնտեսագետ