[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՈՒՆՁ-2014-Ը

avto.jpgԳյուղատնտեսությունը համարվում է ներդրումների համար ռիսկային ոլորտ, որտեղ  միշտ չէ, որ արդյունքները պայմանավորված են լինում  մենատնտեսի կատարած աշխատանքով: Ցավոք, ազդում են տարբեր, այդ թվում նաև` օբյեկտիվ  գործոններ, ինչպես, օրինակ` եղանակային անկանխատեսելի  պայմանները` ցրտահարություն, կարկտահարություն, սելավներ, երաշտ և այլն:
  Յուրաքանչյուր տարի հողօգտագործողները բավականին մեծ կորուստներ են ունենում, ինչն իր լուրջ ազդեցությունն է ունենում հաջորդ տարվա ցանքսի աշխատանքների կազմակերպման վրա:
Ինչպես տեղեկացանք Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Միքայել Բաբայանից` 2014թ. կարկտահարությունից և սելավներից 50%¬ի չափով տուժել է 238,75հա ցանքս, 50-80%-ով` 437,87հա,  80-100%-ով` 285,35հա, ՊՊՖ-ի հողերից 15հա ( 50%-ով): 
Տուժել են նաև թթայգիներ պտղատուներ, բոստանային կուլտուրաներ, ծխախոտ և այլն։ 
Լուրջ վնասներ է կրել շրջանի 16 համայնք` Կոլխոզաշեն, Խերխան, Քերթ, Ծովատեղ, Ղ.Ճարտար, Ճարտար, Հերհեր, Սոս, Կարմիր Շուկա, Շեխեր, Թաղավարդ, Ջիվանի, Սարգսաշեն, Զարդանաշեն, Քարահունջ, Մաճկալաշեն: Կան  նաև երաշտից տուժած տարածքներ, որոնց չափն առայժմ ճշտվում է:
Եթե նախորդ տարիներին մկներից ու մկնանման կրծողներից ցանքսերը զգալի վնասներ էին կրում, ապա վերջին տարիներին այն հասցվեց նվազագույնի՝ շնորհիվ ժամանակին և ճիշտ իրականացրած պայքարի աշխատանքների: 14000հա-ի վրա պայքար է կազմակերպվել, որից 5000հա-ի վրա կրկնակի` պետական միջոցներով, ծախսվել են 458կգ ցինկի ֆոսֆիդ, 378լ ձեթ, 13տ 420կգ ցորեն` գրավչանյութ պատրաստելու համար:
Բերքահավաքի նախօրեին հակահրդեհային միջոցառումներ են կազմակերպվել: Դաշտեզրերում 6-8մ լայնությամբ 64կմ երկարությամբ հերկ է կատարվել, հրշեջ մեքենաների տեղակայման վայրերում   հերթապահում է մեկական հերկի տրակտոր իր գութանով, շուրջօրյա հերթապահությունն այստեղ պարտադիր բնույթ է կրում։
Մ. Բաբայանը նաև նշեց, որ հնձի աշխատանքներին սկզբնական շրջանում խանգարում էին եղանակային պայմանները: Ներկա դրությամբ խանգարող հանգամանքներ չկան: Օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով այս տարի միասին են հասունացել գարու և ցորենի արտերը: Տեխնիկայի խնդիրն այդ իսկ պատճառով ավելի սուր է դրված:
Ինչպես տեղեկացրեց բաժնի՝ տեխնիկայի գծով գլխավոր մասնագետ Արսեն Հակոբյանը,  բերքահավաքին, ՄՏԿ-ի տեխնիկայի հետ միասին, 91 կոմբայնից մասնակցում է մոտ 60-ը: Մնացածի  չօգտագործման պատճառը մաշվածությունն ու կոմբայնավարների պակասն է:
Շրջանում խնդիր կա նոր գյուղտեխնիկայի, առանձնապես հացահատիկահավաք կոմբայնների: 2014թ. բերքի տակ կատարվել է 14,121հա ցանքս, որից 10,220հա ցորեն, 3,807հա գարի, 936հա հաճար:  Շրջանում բերքահավաքի մեկնարկը տրվել է հունիսի 8-ին: Հունիսի 19-ի դրությամբ` հնձվել է 3316հա, որից կալսվել է 28984ց բերք, 8,7ց միջին բերքատվությամբ, որից ցորեն` 862,5հա, ստացված համախառը բերքը` 9361,8ց, 10,9ց միջին բերքատվությամբ, գարի` 2454հա, ամբարվել է 19622ց բերք` հեկտարից 8ց միջին բերքատվությամբ:
Հակահրդեհային միջոցառումների ճիշտ կատարման շնորհիվ նախորդ երկու տարիներին ցանքսերում հրդեհի բռնկման դեպքեր չեն արձանագրվել: Հույս հայտնվեց, որ այս տարի ևս կհաջողվի բերքը պաշտպանել հրդեհից:
 
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մարտունի