[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽԿԱԹ՚. ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՉԿՈՐՑՆԵԼ ԱՌԱՋԱՎՈՐ ԴԻՐՔԸ

2076.jpgԿաթնամթերքի արտադրատեսակներից շատերը դասվում են առաջին անհրաժեշտության սննդամթերքների շարքը: Թերևս դրանով է պայմանավորված  ոլորտի նկատմամբ սպառողների հատուկ ուշադրությունը:
 Մեր հանրապետությունում  առաջատար հանդիսացող  ՙԱրցախկաթ՚ ընկերությունն այսօր ղեկավարում է  Քաջիկ ԽԱԼԱԹՅԱՆԸ՝ մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ, ով կաթնամթերքի արտադրությամբ սկսել է զբաղվել 1995թ.՝ ՀՀ-ում հիմնելով ՙԱրարատյան կաթնամթերք՚ ընկերությունը: Ք. Խալաթյանի հետ մեր հարցազրույցում հիմնականում արծարծվում են սպառողներին հուզող հարցերն ու գործարանի ներկա խնդիրները, նորությունները:
-Պարոն Խալաթյան, ի՞նչ ծավալներով և ի՞նչ խնդիրներ հաղթահարելով է աշխատում այսօր ՙԱրցախկաթը՚:
- Անցած տարում  մեր ընկերության կողմից կաթի մթերման ծավալները  կազմել  են ավելի քան   2000  տոննա,  մենք հնարավորություններ ունենք կրկնապատկելու այդ  ցուցանիշը և այսօր աշխատում ենք այդ ուղղությամբ: Հանրապետությունում կաթի առատ հումք կա, սակայն ունեինք դժվարություններ՝ կապված կաթի տեղափոխման հետ: Ինչպես գիտեք, գործարանը կաթի մթերման կետեր էր բացել տարբեր համայնքներում, սակայն վերջին տարիներին որոշակի դժվարություններ կային՝ կապված դրանց գործարկման հետ՝ հեռավորություն, մթերող մեքենաների խնդիր և այլն: Այժմ նման խնդիրներ չկան, մթերման կետեր ունենք Նոր Գետաշենում, Կարմիր Շուկայում, Վազգենաշենում, տոհմային կայաններում, Ակնաի տարածքում, Քաշաթաղում անգամ երկու կետ ենք բացել: Հավաքված  կաթը տեղափոխելուց առաջ պարտադիր սառեցվում է: Նախատեսում ենք ընթացիկ տարում ևս նոր կետեր բացել:  Ասեմ, որ համայնքներում ոգևորությամբ են ընդունում մեր նոր կետերի գործունեությունը:
- Ի՞նչ գներով է մթերվում կաթը: Ձեր կարծիքով` այդ գինը գոհացնո՞ւմ է գյուղացուն:  
- Ընկերության  կողմից  կաթի մթերման գինը մեկ լիտրի դիմաց միջինը  կազմում  է  140-160  դրամ՝  կախված  յուղայնությունից: Չեմ կարծում, թե այդ գնից գոհ է գյուղացին, սակայն մենք այդ գնի հնարավորությունն ունենք այսօր: Բացի այդ, անկեղծ լինենք, ֆերմերի և գյուղացու շահի մասին մտահոգվելը շահույթ հետապնդող արտադրողի խնդիրը չէ: Այստեղ, իմ կարծիքով, պետական օգնության անհրաժեշտություն կա, կարելի է մթերված յուրաքանչյուր լիտրի դիմաց լրավճար (դոտացիա) տրամադրել գյուղացուն, ինչը կոգևորի նրան և կխթանի անասնապահության գործը: 
- ՙԱրցախկաթն՚ այսօր ի՞նչ տեսականի է առաջարկում սպառողներին:
- Ընկերությունն  արտադրում է պաստերիզացված կաթ, թթվասեր, մածուն, թան, կաթնաշոր, կարագ, ինչպես նաև լոռի, չանախ պանիրներ: Սեզոնային առանձնահատկությունն է թելադրում այս կամ այն արտադրանքի ծավալը: Ներկայում ավելի շատ մածուն, թան ու թթվասեր ենք արտադրում: Պանրի տեսականու մեծ մասն այսօր  ՀՀ-ում է վաճառվում, հայաստանյան մեր գործընկերներն այն նաև արտահանում են: Պետք է ասեմ, որ մեր ձեռնարկությունը մրցակցային է շուկայում հենց իր թողարկած արտադրանքի որակական հատկանիշների շնորհիվ, ինչի համար տարիներ շարունակ արժանանում է սպառողների բարձր գնահատականին: Այսօր արցախյան շուկայում վաճառվում է նաև կաթնամթերք արտադրող հայաստանյան տարբեր ընկերությունների արտադրանքը, սակայն սպառման մեր ծավալները թույլ են տալիս ենթադրել, որ բնակչության ստվար մասը մեր կաթնամթերքի սպառողն է:
- Ձեր ընկերությունը  կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք ունի: Ինչպես հայտնի է, ընկերության փորձը՝ թանկացնելու արտադրանքը, կասեցվեց ՀԾՏՄՊՀ-ի կողմից:  Արդյոք հնարավոր չէ՞ր խուսափել նման քայլից:
- Ինչ վերաբերում է մեր գնային քաղաքականությանը, ապա պետք է ասեմ,  որ անցած աշնանը գների բարձրացումը միայն որոշ ապրանքատեսակների է վերաբերվել՝ այն էլ 10-20 դրամով: Այսօր թանկացել ու թանկանում է ներկրվող և տեղում արտադրվող սննդամթերքի հսկայական մասը, սակայն մենք գոնե այս սեզոնին գնային փոփոխություն չենք նախատեսում: Անկախ ամեն ինչից, այսօր էլ ձգտում ենք, որ մեր կաթնամթերքը սպառողների համար մատչելի լինի: Ուզում եմ շեշտել, որ շուկայում մեր ընկերության կողմից գնային քաղաքականություն թելադրելու մասին կարծիքներն անհիմն են: Մթերման շուկայի, ներկրվող հումքի, փաթեթավորման նյութերի եւ վառելիքի գների կտրուկ աճի դեպքում, ինչ խոսք, ստիպված ենք լինելու վերանայել մեր գները: 
- Սպառողների շրջանում գերակշռում է կարծիքը, համաձայն որի՝ ոլորտի բոլոր ներկայացուցիչները կաթի փոշի կամ սոդա, անգամ՝ բուսական յուղ են գործածում, չբարեհաճելով այդ մասին տեղեկացնել սպառողին:   
- Նախ եկեք չմոռանանք, որ չոր կաթը եւս բնական է, եւ այն ստացվում է հում բնական կաթի ջերմային մշակման արդյունքում: Չոր կաթը ոչ բնական համարելը նույնն է, ինչպես պնդելը, որ խնձորի չիրը, ի տարբերություն թարմ խնձորի, բնական  չէ: Կաթնամթերքի արտադրության ոլորտում աշխատող ցանկացած ընկերություն, որն ունի արտադրության մեծ ծավալներ, պարզապես չի կարող  բացառել չոր կաթի օգտագործումը որոշ արտադրատեսակների, ասենք՝ պաղպաղակի պատրաստման մեջ։ Վաղուց ժամանակն է հրաժարվել չոր կաթի նկատմամբ ստեղծված կարծրատիպից, որովհետեւ չոր կաթը  ստացվում է նույն անարատ կաթից, չի պարունակում որևէ հավելում եւ կաթնամթերքի արտադրության մեջ ընդունված է ամբողջ աշխարհում: Կոնկրետ մենք այսօր այն օգտագործելու անհրաժեշտություն չունենք: Չոր կաթի օգտագործումը  սեզոնային բնույթ ունի և անպայման պետք է համապատասխան մակնշում ունենա: Ինչ վերաբերում է կաթի պիտանիությունը երկարաձգելու նպատակով սոդայի օգտագործմանը, դրանք շատ դեպքերում անհիմն մեղադրանքներ են, որովհետև մթերման բոլոր կետերն ու արտադրամասերը հագեցած են հում կաթի սառեցման եւ լավագույնս պահպանելու սարքավորումներով, եւ արտադրողը սոդայի կարիք չպետք է ունենա, հակառակը, սոդա կարող է օգտագործել շուկայում կաթ վաճառող գյուղացին, ում կաթը նաև հազիվ թե պարբերաբար փորձաքննություն է անցնում: Բուսական յուղ կամ կենդանական ծագման այլ ճարպեր օգտագործում են հիմնականում սփրեդներ կամ մարգարին արտադրող ընկերությունները: Մենք թարմ կարագ էինք արտադրում, որը ստացվում էր տեղական հումքից, սակայն լավ կարագը լավ գին ունի, և այն դժվարությամբ էր սպառվում: Այժմ մենք պանրի արտադրությունից ստացված շիճուկից գոյացած կարագը հալում և վաճառում ենք: Ինձ համար զարմանալի փաստ է, որ սպառողները կասկածամիտ ուշադրությամբ հետևում են մեր գներին՝ անտրտունջ գնելով նորզելանդական, ռուսական կամ ֆինլանդական հայտարարված կարագները, որոնք ավելի շուտ սփրեդներ են: Գեղեցիկ ու փայլուն փաթեթավորումն ու տարբեր հեռուստաալիքներով հնչող գովազդն անում են իրենց գործը: Չենք խոսում շուկան գրաված յոգուրտների մասին, որոնք մինչև 6 ամիս ժամկետ ունեն մակնշած, մինչդեռ դրանց իրական ժամկետը սառնարանային պայմաններում 2-3 օր է: 
- Սննդի անվտանգության պատասխանատուները խանութներում ձեր կաթնամթերքի մակնշման հետ կապված թերություններ էին հայտնաբերել: Ընդհանրապես կաթնամթերքը պիտանիության ի՞նչ ժամկետներ ունի:
- Կաթնամթերքի արտադրությունը կրում է ամենօրյա բնույթ, որի ժամանակ արտադրանքի վրա մակնշվում է տվյալ արտադրատեսակի արտադրման ամսաթիվը: Նշված խնդիրները բացառապես մակնշող սարքավորման տեխնիկական վրիպակ են՝ պայմանավորված մարդկային գործոնով:
Կաթնամթերքի պիտանիության ժամկետը, որպես շուտ փչացող մթերքի, ըստ նախկին ստանդարտների, չէր գերազանցում 36 ժամը` կիթից մինչեւ դրանով սնվելը: Հիմա տեսականու  տեխնիկական պայմանները մշակում, հաստատում է գործարանը, որոշում պիտանիության ժամկետը:  Կաթնամթերքների պիտանիության ժամկետն այսօր մինչև 7 օր է: Մակայն անգամ տասն օր հետո համապատասխան պայմաններում պահելու դեպքում մեր թթվասերն, օրինակ, չի կորցնում իր համային հատկանիշները, ինչն ամենևին էլ չի վկայում կոնսերվանտների առկայության մասին: Չնայած դրան, մեր առաքիչներն ամեն օր խանութներից հավաքում են ժամկետանց մթերքը և բերում գործարան:
- Ի՞նչ է արվում հետ վերադարձված կաթնամթերքի հետ: 
- Հիմնականում վաճառում ենք իբրև անասնակեր:
- Երկու տարի առաջ խոսք էր գնում գործարանում կաթնամթերքի բոլոր փորձաքննություններն իրականացնող ժամանակակից լաբորատորիայի անհրաժեշտության մասին:
- Ունենք միկրոբիոլոգիական և քիմիական լաբորատորիաներ, բացի այդ, շաբաթական պարբերականությամբ մեր մթերքը վճարովի և առավել խորքային փորձաքննության է ուղարկվում: Այսօր մենք բարձրակարգ որակավորմամբ միկրոբիոլոգի կարիք ունենք: Իբրև ոլորտի մասնագետ, ասեմ, որ կաթնամթերքի անվտանգության ապահովման կարևոր պայման է, որպեսզի գործարանի հոսքագծերում հումքի և պատրաստի արտադրանքի ճանապարհները չխաչվեն, սա մեր գործարանում բացառվում է:  Օգտագործում ենք չոր մերաններ, որոնք ավելի թանկ են և անվտանգ:  
- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
- Մոտ ապագայում ուզում ենք պրոբիոտիկներով հարստացված թթու կաթնամթերքի արտադրություն սկսել:
Այն ոչ միայն կարգավորում է մարսողությունը, այլև կանխում աղիքային խանգարումներն ու պաշտպանում որոշ վարակիչ հիվանդություններից: Այդ կաթնամթերքի հիմքում կովի կաթն է, որը յուղազերծվելուց հետո հարստացվում է բիֆիդում կոչվող բակտերիաներով, արդյունքում ստացվում է որոշակի զանգված` մածնի թանձրության մթերք, որը նման է Հայաստանում արտադրվող ՙՆարինե՚ կաթնաթթվային պատրաստուկին, այն տարբերությամբ, որ մեր մթերքն ավելի շատ օգտակար բակտերիաներ կպարունակի: Պրոբիոտիկներով կաթնամթերքը մարդու օրգանիզմն ավելի լավ է յուրացնում, քան կովի կաթը, այդ պատճառով էլ ամբողջ աշխարհում դրանք լայն տարածում ունեն որպես կլինիկական սննդակարգին նպաստող միջոցներ: Ծրագրել ենք նաև երևանյան շուկա դուրս  գալ: Իմ կարծիքով, մեր արտադրանքը շատ արագ կարժանանա  սպառողների ուշադրությանը:
-ՙԱրցախկաթն՚ այսօր համապատասխանո՞ւմ է  կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներին: 
- Այո: Մեզ մոտ մեծ ուշադրություն է դարձվում սանիտարահիգիենիկ նորմերի եւ կանոնների պահպանմանը: Արտադրական ցանկացած գործընթաց հիգիենայի կանոնների պահպանմամբ է ուղեկցվում: Կաթնամթերքն ընդհանրապես բարձր ռիսկայնություն ունեցող սննդատեսակներից է, և մեզ մոտ պարբերաբար ստուգումներ են իրականացվում: Կատարյալ ստերիլ պայմանների մասին խոսել չենք կարող, առաջավոր երկրներում, օրինակ, կաթնամթերքն արտադրվում է լրիվ փակ արտադրամասերում, որտեղ օդը սառեցված է: Մեր աշխատողները չեն անտեսում այն փաստը, որ արտադրանքից օգտվում են նաև երեխաներն ու տարեց մարդիկ, ում օրգանիզմը համեմատաբար թույլ է: Անգամ փոքր սխալի դեպքում հետևանքը զգացնել կտա: 
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ