Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՏԱԿԸ ԱՐՑԱԽԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՈՒ ՀԶՈՐԱՑՈՒՄՆ Է

29.jpgՀրադադարի հաստատումից հետո անցած քսան տարիներին ԼՂՀ իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը եղել և մնում է Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցումը։  Նպատակի կարևորությունը խորապես գիտակցում են սփյուռքահայ  այն գործիչները, ովքեր այս տարիներին մեծ նվիրումով ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Արցախի Հանրապետության կառավարության ծրագրերին։

Քաշաթաղի շրջանի վերակառուցման ու զարգացման գործում մեծ է սփյուռքահայ մի շարք ընկերությունների՝ ՙԹուֆենկյան՚, ՙՀայրենիք՚, ՙՀայրենասեր՚, ՙԱրցախֆոնդ՚ հիմնադրամների, ինչպես նաև ՙԱրի՚ ներդրումային բաժնետիրական ընկերության ավանդը։ 2008թ. շրջկենտրոն Բերձորում շրջանի զարգացմանը նվիրված համահայկական խորհրդաժողովից հետո մի խումբ լիբանանահայ ձեռնարկատերեր, խոսքը գործի վերածելով, ստեղծեցին ՙԱրի՚ ընկերությունը, որի կենտրոնը դարձավ Կիպրոսը, իսկ գործունեության դաշտը՝ Քաշաթաղի և Շահումյանի շրջանները։ Համագործակցելով ԼՂՀ կառավարության հետ, ՙԱրի՚ ընկերությունը նոր խթան հանդիսացավ շրջանի տնտեսության զարգացման համար։  Կայուն, երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքներով վարկավորումն անասնապահության և հացահատիկային մշակաբույսերի մշակման ճյուղերում նպաստեց շրջանում վերջին տարիների դինամիկ զարգացմանը։ Արդյունքում անասնագլխաքանակը շրջանում աճեց 1,5 անգամ, իսկ ցանքատարածություններն ավելացան մոտ 5000 հեկտարով։ 

ՙԱրի՚ ծրագիրը շրջանում իր գործունեությունը չսահմանափակեց միայն գյուղատնտեսական ծրագրերի իրականացմամբ. ԼՂՀ կառավարության հետ համատեղ կազմակերպությունը ձեռնամուխ եղավ նաև շրջանի հիմնախնդիրներից մեկի՝ բնակարանաշինության խնդրի լուծմանը։ 

Ծրագիրն  սկսվեց Արցախի դարպաս հանդիսացող Աղավնո համայնքից։ ԼՂՀ կառավարության, Արցախի ներդրումային հիմնադրամի և ՙԱրի՚ ընկերության միջև կնքված համաձայնագրի հիման վրա նախաձեռնվեց Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում նոր բնակելի թաղամասի կառուցում։ Պատվիրվեց 150 բնակելի առանձնատներով թաղամասի նախագիծը։ Ծրագրի առաջին փուլում նախատեսված է կառուցել 50 բնակելի տուն, որոնցից 25-ը՝ մեկ հարկանի՝ 3-սենյականոց, 25-ը՝ ձեղնահարկով՝ 4-սենյականոց։ Այսօրվա դրությամբ ավարտման փուլում են 30 առանձնատների կառուցման աշխատանքները, սկսված են տնամերձ տարածքների բարեկարգման և հենապատերի կառուցման, տարածքի ուղղաձիգ հարթեցման և բարեկարգման, արտաքին ջրամատակարարման և կոյուղու համակարգերի կառուցման, արտաքին լուսավորության և էլեկտրամատակարարման աշխատանքները։ Արդեն իսկ տեղադրված է տրանսֆորմատորային ենթակայան։ 

Կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 14-ին Աղավնո գյուղ այցելեցին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ՙԱրի՚ ծրագրի հարյուրից ավելի մասնակիցներ։ 

Առաջին փուլի աշխատանքներին նվիրված միջոցառմանը, որ վարում էր Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շրջանի համայնքների ղեկավարներ, բնակիչներ, հրավիրվածներ,  լրագրողներ։

ԼՂՀ վարչապետին և ՙԱրի՚ ծրագրի մասնակիցներին տոնական տրամադրությամբ դիմավորեց Աղավնոյի բնակչությունը՝ մեծից փոքր։ 

Ինչպես բացման խոսքում ասաց Դ. Դավթյանը, կառուցվող հարմարավետ տները միայն մեկ նպատակ են հետապնդում. բարելավել քաղաքացու ապրելակերպը, նպաստել նրա բարեկեցության բարձրացմանը և խոր արմատներով նրան կապել ազատագրված այս սուրբ հողին։ Ծրագիրը չի ավարտվի միայն բնակարանների կառուցմամբ. գյուղում կկառուցվեն նաև մանկապարտեզ, գյուղապետարան, ձկնաբուծարան, ջերմոց, խաղահրապարակներ, այսինքն այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժողովրդին՝ բարեկեցիկ կյանքի համար։

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը շնորհավորեց Աղավնո գյուղի բնակիչներին՝ որպես այդ ծրագրի շահառուներ։  Շնորհակալություն հայտնելով ՙԱրի՚ ծրագրի ներկայացուցիչներին՝ նա հույս հայտնեց, որ տարիներ հետո նրանց կողմից առավել խոշոր նախագծեր կիրականացվեն վերաբնակեցվող մյուս շրջաններում։ Ձեր օգնությամբ, ասաց վարչապետը, ոչ միայն քաշաթաղցիները, այլև Շահումյանի շրջանի տասնյակ ընտանիքներ կարողացել են օգտվել երկարաժամկետ արտոնյալ վարկային միջոցներից և հոգալ իրենց ապրուստի մասին, զարգանալ։ Ա. Հարությունյանի խոսքով՝ զարգացման անհրաժեշտություն ունեցող շրջանները միայն այս նախագծերով չեն սահմանափակվում. բազմաթիվ պետական նախագծեր են իրականացվում Շահումյանում և Քաշաթաղում, որոնց թվում ռազմավարական նշանակություն ունի բնակարանաշինության ծրագիրը։ Վերջինս Քաշաթաղի շրջանում սկսվում է Կովսականից, որտեղ սիրիահայ ընտանիքներին տրամադրվում են բնակարաններ։ Բնակարանաշինություն է իրականացվում Իշխանաձորում. շուրջ 28 բնակարանի շինարարություն արդեն ընթացքի մեջ է, իսկ ըստ փաթեթի՝ նախատեսվում է մոտ 150 բնակարանի կառուցում։ Կառավարության ղեկավարի հավաստմամբ՝ տարիների ընթացքում միլիոնների արժողությամբ շինանյութեր են տրամադրվել բնակիչներին։ Այդ ծրագիրը ևս շարունակական է. միայն այս տարի 250 մլն դրամի շինանյութ է հատկացվել վերաբնակիչներին՝ նրանց կենցաղային պայմանները բարելավելու համար։ ՙՍա է պատասխանը մեր հակառակորդներին, նրանց, ովքեր ասում են, որ Ղարաբաղը դատարկվում է, որ երկիրը չի զարգանում, վերաբնակեցում չի իրականացվում։ Սա է պատասխանը այն մարդկանց, ովքեր ասում են, թե Ղարաբաղում երկարաժամկետ ծրագրեր չեն կատարվում… Ասեմ, որ Կովսականից է սկսվում մեր կապիտալ շինարարության ծրագիրը՝ դպրոցաշինություն, նախադպրոցական հիմնարկներ, բնակարանաշինություն, ճանապարհաշինություն,- ասաց ԼՂՀ վարչապետը։- Միայն այն փաստը, որ այս ձորակում՝ Աղավնո գետի վրա, կառուցվել է հինգ փոքր հիդրոէլեկտրակայան (չորսն աշխատում է, մեկն էլ շուտով կշահագործվի), վկայությունն է ասվածի։ Փոքր հէկերի շինարարությունը տեղափոխվել է մյուս՝ Ղոչազ գետը, որտեղ մեծ նախագիծ է իրականացվում՝ 6 մգվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանի կառուցում։ Համոզված եմ, որ իրականացվող այս նախագծերը շրջանին հնարավորություն կտան առաջանցիկ տեմպերով զարգանալ՚։ 

Դիմելով Աղավնո համայնքի բնակիչներին՝ Ա. Հարությունյանը մասնավորապես ասաց. ՙԱյս բնակարաններն առաջին հերթին ծառայելու են նրանց, ովքեր իրենց հայրենիքն են համարում Աղավնոն, Քաշաթաղը, Արցախը։ Ծառայելու են նրանց, ովքեր մտադիր են արմատավորվել այս գյուղում և շարունակել հետագա կյանքը՝ իրենց սերունդներին դարձնելով Աղավնոյի հիմնական բնակիչներ՚։  

Բեյրութում լիբանանահայերի կողմից ստեղծված ՙԱրցախֆոնդը՚, ինչպես ասաց Ա. Հարությունյանը, տարուց ավելի է ծրագրեր է իրականացնում Քաշաթաղի շրջանում։ Դրանցից մեկը ընտանիքում երրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ խոշոր եղջերավոր անասունների հատկացման գործընթացն է, ինչը կառավարության ղեկավարի կարծիքով՝ յուրօրինակ ձևով խթանում է շրջանի ժողովրդագրական պատկերի փոփոխմանը։ Ծրագրի մասնակիցներից մեկը՝ Տիգրան Քալաջյանը, այդ օրը Աղավնո գյուղի  նորածին բնակչուհի Գոհարիկին նվիրեց կով՝ հորթի հետ միասին։ Սկսած 2007-ից առայսօր ծրագրի մասնակիցները Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակչությանը բաժանել են 800 կով։ Նախագիծը կարևոր նշանակություն ունի ինչպես ծնելիության խթանման, այնպես էլ երկրի տնտեսության զարգացման առումով։  

ՙԱրի՚ ընկերության խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանի ելույթը տանտիրոջ ողջույնի խոսք էր՝ ուղղված հյուրերին։ Այս օրերին լինելով Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում, նրա մոտ վերաբնակեցման նոր ծրագրեր են մտահղացել։ ՙԱյս շրջաններում այնքան բնակարաններ պետք է կառուցվեն, որ բավարարեն դրսում գտնվող հազարավոր անտուն մեր եղբայրներին ու քույրերին,- ասաց խորհրդի նախագահը։- Դա պետք է անենք մենք և մյուս բոլոր կարող սփյուռքահայերը։ Այստեղ պետք է շարունակվի բնակարանաշինությունը, որպեսզի այս բարեբեր ու սքանչելի շրջանները վերաբնակեցվեն մեծ ներուժով՚։   

Իր ելույթում ՙԱրի՚ ընկերության խորհրդի անդամ Ստեփան Տեր-Պետրոսյանն անդրադարձավ հետհրադադարային շրջանի իրավիճակին, ապա՝ 2009-2014թթ. իրենց կողմից իրականացված աշխատանքներին։

ՙԱրի՚ ծրագրի ներկայացուցիչներն այսօր ուրիշ զգացումներով են գտնվում քաշաթաղցիների կողքին։ 

ՙՄենք պետք է ամբողջացնենք ծրագիրը՝ կառուցելով նախատեսված 150 տունը։ Այսօր մենք 150 ներդրող ենք, 4-5 տարուց հետո կդառնանք 1050 ներդրող։ Այդ ամենը մենք հանձն ենք առնում կատարելու։ Մեր խնդրանքն է՝ սկսած իշխանություններից մինչև հասարակ բնակիչ՝ օգնել մեզ նույն հանձնառությամբ, այնպես, ինչպես աշխատել ենք մինչ այժմ՝ այդպես էլ շարունակենք։ Սա մեր ապագայի միակ երաշխիքն է՚,- ասաց Ստեփան Տեր-Պետրոսյանը։ 

Բանախոսը բազմիցս առիթ է ունեցել իրականացվող ծրագրերը ներկայացնել նաև  արտասահմանյան  տարբեր երկրների հայերին՝ կոչ անելով միանալ դրանց իրագործմանը։ Երբ եկավ ժամանակը, ասաց Ստեփան Տեր-Պետրոսյանը, Արցախի ժողովուրդն իր արյամբ փաստեց հայրենիքի փրկության համար տարվող աշխատանքը, և այսօր ժամն է, որպեսզի սփյուռքահայությունը նույնպես հայրենիքի հանդեպ իր պարտքը լիարժեք կատարի, իր ներդրումներով ապահովի այդ հողի վրա արցախահայության ազատ ապրելու իրավունքը։

Աղավնո գյուղի բնակչության անունից շնորհակալական խոսք ասաց համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանը։ Նա իրազեկեց, որ Աղավնո համայնքի ավագանու որոշմամբ նորաստեղծ թաղամասի երկու փողոցներն անվանակոչվել են Արցախյան պատերազմում նահատակված սփյուռքահայ Վիգեն Զաքարյանի և Մհեր Ջուլհաճյանի անուններով։

Աղավնո գյուղում 50 տների կառուցման աշխատանքների և շինարարության ընթացքի մասին խոսք ասաց ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։ Նրա հավաստմամբ՝ ՙԱրի՚ ընկերության կողմից այսօրվա դրությամբ իրականացվել է 492 մլն դրամի ֆինանսավորում։ Ընթացող շինարարական աշխատանքներում ընդգրկված են որակյալ ու բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած 10 կապալառու կազմակերպություններ, որոնցից 7-ն իրականացնում են առանձնատների կառուցում, մեկական՝ տարածքի բարեկարգման ու ճանապարհների կոպճապատման, ջրամատակարարման ապահովման և էլեկտրամատակարարման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ՝ գործընթացում ընդգրկված են ավելի քան 100 շինարար և բանվոր։ Առաջին փուլի 50 առանձնատների կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 1 111,181 մլն դրամ, որից 924,181 մլն դրամը պետք է տրամադրի ՙԱրի՚ ընկերությունը։ Կ. Շահրամանյանի հավաստմամբ՝ աշխատանքների ընթացքը խստորեն վերահսկվում է նախարարության մասնագետների  և  ՙԱրի՚ ծրագրի ներկայացուցիչների կողմից։ ՙՀավաստիացնում ենք, որ հաջորդ տարի կունենանք ժամանակակից պահանջներին համապատասխանող, կոմունալ բոլոր հարմարություններով նոր տիպի գյուղական բնակավայր։ Այն կդառնա ԼՂՀ կառավարության և սփյուռքահայ ներդրողների համագործակցության գեղեցիկ ու մնայուն դրսևորում, որի նպատակը Արցախի զարգացումն ու հզորացումն է՚,- ասաց Կ. Շահրամանյանը։          

ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ և հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով պետական պարգևով՝ ՙԵրախտագիտություն՚ մեդալով պարգևատրվեցին Իշխանաձորի, Արտաշավիի, Գողթանիկի և Նորաշենիկի համայնքների ղեկավարները։ Պետական պարգևները հանդիսավոր պայմաններում հասցեատերերին հանձնեց վարչապետ Արա Հարությունյանը։ 

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ