[ARM]     [RUS]     [ENG]

ՙՆԱՐԻՆԵ ԵՎ ԳԵՂԱՆԻ՚. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ

Նարինե և Գեղանի՚ ՍՊԸ-ի քարի վերամշակման արտադրամասը հանդիսանում է համանուն ընկերության մասնաճյուղը, որի սեփականատերն ու տնօրենը Վիտալի Մուսայելյանն է: Իսկ  գլխամասային ընկերությունն իրենից ներկայացնում է ճարտարապետական արվեստանոց:  Հիմնադրվել է  Վլադիմիր Սարգսյանի կողմից, ով էլ և ներկայումս ղեկավարում է այն: 
Քարի արտադրամասը սկսել է գործել քիչ ավելի ուշ՝ 2009 թվականին: Ընկերությունը հիմնականում զբաղվում է սալիկների, եզրաքարերի, քիվերի արտադրությամբ: Հումքը ձեռք է բերվում Ասկերանի շրջանի Հարավ գյուղի քարհանքերից: Արտադրության համար օգտագործվում է նաև Հադրութի գրանիտը: Աշխատողների թիվն այստեղ մեծ չէ՝ հիմնական աշխատողները չորսն են: Վիտալի Մուսայելյանը գտնում է, որ առայժմ նման թիմով հասցնում են պատվերները ժամանակին կատարել, քանի որ արտադրամասը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, աշխատանքի մեծ մասը կատարվում է ավտոմատ կերպով: Պատվերների ծանրաբեռնվածության դեպքում վերցնում են նաև պայմանագրային աշխատողների:
Ընկերության իրացման ծավալները կազմում են տարեկան շուրջ 20մլն դրամ: Պատրաստի արտադրանքն իրացվում է ԼՂՀ տարածքում: Վ. Մուսայելյանն այն կարծիքին է, որ արցախյան շուկան բավականին հեռանկարային է, հանրապետությունում առկա շինարարական ծավալներով պատվերներն առայժմ բավարարում են: Խոսելով հումքի, հետևաբար և` արտադրված սալիկների որակական հատկանիշներից, նա նշեց, որ Հարավի մարմարն ըստ որակական հատկանիշների կարելի է բաժանել մի քանի տեսակի: Ներկայումս Հարավում շահագործվում է 5 քարհանք, որոնցից միայն երկուսն են բարձրակարգ: Լավ հումքը թանկ արժե, դրանով աշխատելը միշտ չի եկամտաբեր լինում: Վ. Մուսայելյանը համաձայն չէ այդ տեսակետին, ըստ նրա՝ լավ քարանյութից քիչ թափոն է ստացվում, հետևաբար և, խոտանումը քիչ է լինում:
Վերջին շրջանում քարի վերամշակման արտադրամասն սկսել է մասնագիտանալ նաև դեկորների արտադրության ուղղությամբ, պատրաստում է զարդաքանդակներ, պատվանդաններ,  հուշատախտակներ, տապանաքարեր:
Վ. Մուսայելյանը գործի մեջ կարևորը համարում է պատասխանատվությունը. հաճախորդի հետ աշխատանքում դա գլխավորն է, քանի որ եթե կա պատասխանատվության զգացում, կա նաև որակյալ աշխատանք և պատվերների ժամանակին կատարում:   
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ