[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

98.jpgՀունվարի 21-ին ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը հրավիրեց աշխատանքային խորհրդակցություն՝ գերատեսչության որոշ ենթակառույցների պատասխանատուների մասնակցությամբ։

Նշելով, որ առաջիկայում անցած տարվա ամփոփիչ ցուցանիշներով հանդես կգա մամուլի ասուլիսում. Ա. Խաչատրյանն այնուհետև  անցավ բուն օրակարգին։ 
Այն ընդգրկում էր 2014-ին ստեղծված Սննդամթերքի անվտանգության ծառայության և անասնաբուժական սպասարկման կայանի շրջանային մասնաճյուղերի պատասխանատուների հաշվետվությունները։
Նշվեց, որ տարիներ շարունակ խոսվել է սննդամթերքի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, մատնացույց արվել համակարգի թերացումներն ու անելիքները, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել  ստեղծել կառույց՝ գյուղնախարարության ենթակայության տակ, որը կոչված է համակարգելու այդ ոլորտը։ Նախկինում սննդամթերքի անվտանգությունը երաշխավորողի պատասխանատվությունն ընկած էր մի քանի ոլորտների՝ առողջապահության, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության նախարարությունների վրա, ինչն, ըստ Ա. Խաչատրյանի, մի շարք դժվարություններ էր ստեղծում։ Մեկ տարի առաջ, նաև միջազգային փորձն ուսումնասիրելուց և տեղի առանձնահատկությունները հաշվի առնելով, երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել սննդի անվտանգության ոլորտը համակարգել գյուղատնտեսության լիազորության տակ գործող այս կառույցով։ Ըստ նախարարի, մեկ տարվա աշխատանքն ապացուցել է որոշման ճիշտ լինելը։ Սննդի անվտանգության ծառայության և անասնաբուժական սպասարկման կայանների տարեկան հաշվետվությունների ունկնդրումը միևնույն խորհրդակցության ընթացքում ևս պատահական չէր. այդ երկու կառույցների աշխատանքները խիստ փոխկապակցված են, քանի որ սննդամթերքի անվտանգության հիմնական պահանջը բխում է անասնաբուժական սպասարկման կայանի կանխարգելիչ միջոցառումներից։ 
Հանդես գալով տարեկան հաշվետվությամբ, Սննդի անվտանգության ծառայության պետ Լ. Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ արդյունքները, որ արձանագրվել են այս տարի, հետագայում կլինեն ավելի շոշափելի։ Եվ դա՝ ավելի կատարելագործված, կազմակերպված աշխատանքի շնորհիվ։ Նա նշեց, որ 2014թ. նորաստեղծ ծառայության առջև երեք կարևոր խնդիր էր դրված՝ կառույցի կայացումը իրավական առումով, կադրերով համալրումը և աշխատանքի արդյունավետ կազմակերպումը։ Դրա համար ստեղծվեց համապատասխան օրենսդրական դաշտ, կատարվեցին ենթաօրենսդրական փոփոխություններ, վերապատրաստվեցին մասնագետներ։ Որոշվեց, որ կառույցի իրավական կայացումը կկատարվի ոչ թե փուլային տարբերակով, այլ իրավական կողմի կազմակերպմանը զուգահեռ։ Լ. Սարգսյանը համագործակցության ու օգտակար խորհրդատվական օժանդակության համար հատուկ երախտագիտություն հայտնեց ՀՀ համանուն կառույցին։ Ներկայացնելով 2014թ. արդյունքները, նա նշեց, որ սննդամթերքի անվտանգության, որակի ու օպերատիվ վերահսկողության տեսչության կողմից հաշվառվել է 1200 տնտեսվարող սուբյեկտ։ Շրջաններում (50 համայնքներում) իրականացվել են  դիտարկումներ (ներառյալ շրջկենտրոնները)։ Իրականացված աշխատանքի արդյունքում  կաթնամթերքի, հացի և հրուշակեղենի արտադրամասերում վերացվել են հակահիգիենիկ մի շարք թերություններ, տեսուչների հանձնարարականների հիման վրա նշյալ ոլորտներում կատարվել են բարեփոխումներ։ Վաճառքի շուկայից հանվել և ոչնչացվել են 1տ 448 կգ կաթնամթերք, 1տ 296 կգ մսամթերք, 32 կգ ձկնամթերք, 1529 փաթեթ տարբեր ապրանքատեսակներ, ավելի քան 6000 ձու և այլն։ Բակային վաճառքում  արձանագրված դեպքերի մի մասը, որը ևս հակասում է սննդի անվտանգության կանոններին, կասեցվել է։
Ա. Խաչատրյանը հավելեց, որ այս աշխատանքները կազմակերպելիս ծառայության կողմից որևէ տուգանք չի գանձվել՝ ելնելով տնտեսվարող սուբյեկտներին չվնասելու նկատառումներից։ Սա, ըստ Ա. Խաչատրյանի, նշանակում է, որ ծառայության նպատակը ոչ թե պատժամիջոցներ կիրառելն է, այլ սննդամթերքի շուկայում ժամկետանց, չափանիշներին հակասող ապրանքատեսակների շրջանառումը և սպառողի կողմից օգտագործումը կանխելը։ Եվ սա պետք է ազդակ լինի, որ մեր գործարարները ևս  խուսափեն նման ապրանքը վաճառասեղաններ հասցնելուց։ Իսկ հասարակությունը գիտակցի, որ սննդամթերքի անվտանգության ծառայության տեսուչները հիմնական կապող օղակն են արտադրողի և սպառողի միջև։
Գյուղնախարարն իրազեկեց, որ առաջարկներ են ներկայացված կառավարություն, և, հավանության արժանանալու դեպքում, ծառայությունն իր աշխատանքները 2015 թվականին կազմակերպելու է դրանց շրջանակներում։ Նշվեց նաև, որ ԵՏՄ¬ին ՀՀ-ի միանալու փաստով իրացման շուկա է բացվել նաև ԼՂՀ արտադրանքի համար, և ինչպես տնտեսվարողները, այնպես էլ հասարակությունը պիտի հասկանան, որ առավել ևս պիտի հետևեն միջազգային չափանիշերին, իսկ պետությունը, ի դեմս ոլորտը համակարգող ծառայության, հետևողական կլինի, որ դրանք պահպանվեն։
Անելիքներն ու խնդիրները քիչ չեն այս ոլորտում, և առաջիկայում, Ա. Խաչատրյանի խոսքով, աշխատանքներ են  կատարվելու վերջիններիս լուծման ուղղությամբ։
Մինչև խոսքը անասնաբուժական սպասարկման կայանների ղեկավարներին փոխանցելը Ա. Խաչատրյանը նշեց, որ ի տարբերություն բուսաբուծության ոլորտում արձանագրված համեստ  ցուցանիշների, անցած տարում անասնաբուծության ճյուղում զգալի առաջընթաց է արձանագրվել։ Եվ դա՝ ինչպես անասունների գլխաքանակի ավելացման, այնպես էլ մթերատվության բարձրացման մասով։ Նախարարը կարևոր ձեռքբերումներից է համարում այն կանխարգելիչ միջոցառումները, որ կատարվել են համաճարակների կանխման նպատակով։ Շնորհիվ այդ միջոցառումների հաջողվել է կայուն հակահամաճարակային իրավիճակ ապահովել հանրապետության ողջ տարածքում։ Հանրապետությունում այսօրվա դրությամբ առկա են շուրջ 60 հազ. գլուխ խոշոր եղջերավոր, ավելի քան 108 հազ. գլուխ մանր եղջերավոր անասուն, 400 հազ. թև թռչուն, և անասնաբուժական սպասարկման կայանների աշխատանքի ճիշտ կազմակերպմամբ է, որ առանց վնասի  հաջողվել է տարին ամփոփել։ Այս առթիվ նախարարը շնորհակալություն հայտնեց և արժևորեց այդ կառույցների աշխատանքը՝ նշելով, որ սննդամթերքի անվտանգության երաշխիքը հենց  ծառայության աշխատանքի մեջ է կայանում։ Իր շնորհակալական խոսքը Ա. Խաչատրյանն ավարտեց հայտնի արտահայտությամբ՝ ՙԲժիշկը բուժում է մարդուն, անասնաբույժը՝ մարդկությանը՚։ Հաշվի առնելով  նրանց գործի կարևորությունը, պետական մակարդակով աշխատանքներ են տարվում ինչպես ոլորտի մասնագետների սոցիալական վիճակի (աշխատավարձեր և այլն), այնպես էլ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։ Հանդիպման վերջում անասնաբուժական սպասարկման շրջանային միավորումների պատասխանատուները ներկայացրին տարեկան հաշվետվությունները, խոսվեց աշխատանքի ընթացքում ծագած խնդիրների,  դրանց վերացման հնարավորությունների ու հեռանկարների մասին։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ