ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻՆ՝ ԼՈՒՐՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Չնայած անցած տարի հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը բավականին ցածր էր, այնուամենայնիվ, Հադրութի շրջանում 2015թ. բերքի տակ կատարվել է մոտ 8000հա աշնանացան հացահատիկայինների ցանքս:
Այս օրերին շարունակվում են ցանքատարածությունների սնուցման և մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքները:
Այդ նպատակով ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացվել են 700կգ ցինկի ֆոսֆիդ, 450կգ ձեթ: Շրջանում քայլեր են արվում գարնանացանի ուղղությամբ: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնի վարիչ Ս. Հակոբյանի՝ 2015թ. մարտի 1-ի դրությամբ շրջանում գարնանացանի տակ կատարվել է մոտ 1200հա հերկ` գյուղամերձ սեփականաշնորհված և գյուղամերձ ու պետական պահուստային վարձակալված վարելահողերում, որից մոտ 700 հա-ն կթողնվի սև ցելի տակ: Համայնքներից ստացված հայտերի հիման վրա ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել գարնանացանի համար պահանջվող սերմերի քանակը: Ըստ այդ հայտերի՝ պետք է ներկրվի 3060կգ եգիպտացորենի, 4320կգ հաճարի, 350 կգ սորգոյի, 6350կգ կորնգանի, 432կգ առվույտի, 83150կգ կարտոֆիլի սերմ: Շրջան է ներկրվել 20000 կգ կարտոֆիլի սերմացու, որը հատկացվել է համայնքների հողօգտագործողներին: ԳՀՀ բաժնի վարիչը միաժամանակ նշեց, որ ԼՂՀ կառավարության 2015թ. փետրվարի 12-ի ՙԼՂՀ-ում կերարտադրության և անասնաբուծության զարգացման 2015-2017թթ. ծրագիրը հաստատելու մասին՚ որոշման համաձայն, Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի միջամտությամբ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից շրջանին անհատույց հատկացվել է 34800 կգ կորնգանի սերմացու, որը պետք է բավարարի 336հա բազմամյա խոտաբույսերի ցանքսի կատարմանը: Նշված սերմացուն բաժանվել է շրջանի համայնքների հողօգտագործողներին, բայց, ցավոք, ցանքս դեռևս շատ քիչ է կատարվել: Եղանակները բացվելուց բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն կորնգանի ցանքս կատարելու համար: Շրջանում սկսված են աշնանացան մշակաբույսերի սնուցման աշխատանքները: Վերջերս տեղացած առատ ձյան հետևանքով սնուցման, մկնանման կրծողների դեմ պայքարի, ինչպես նաև հերկի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: 2015թ. շրջանում կկատարվի մոտ 500հա գարնանացան մշակաբույսերի ցանքս: Ս. Հակոբյանը տեղեկացրեց, որ շրջանն ապահովված է համապատասխան տեխնիկայով: Մնում է եղանակները բացվելուց սկսել գարնանացանը և ձգտել այն ավարտել ագրոտեխնիկական ժամկետներում:
Գարնանացանն ավելի հստակ կազմակերպելու համար շրջվարչակազմի ղեկավարի կողմից ընդունվել է գարնանացանի նախապատրաստման ուղղությամբ տարվելիք աշխատանքների մասին որոշումը, որում համապատասխան հանձնարարականներ են տրվել ինչպես ԳՀՀ բաժնին, այնպես էլ համայնքների ղեկավարներին` վերահսկողություն սահմանելու գարնանացանի աշխատանքների նկատմամբ, հասնել նրան, որ ագրոտեխնիկական ժամկետներում ավարտվի գարնանացանը: Միաժամանակ պետք է լուրջ ուշադրություն դարձնել աշնանացան մշակաբույսերի խնամքին և վնասատուների դեմ պայքարին։
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ