[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՀԱՇՎԻՆ՚

2.jpgՀարցազրույց ՙԱրցախ կաթ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկազ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ հետ
- Պարոն Հովասափյան, ՙԱրցախ կաթ՚-ը, կարելի է ասել, հանրապետության կաթնամթերքների շուկայում գերիշխող դիրք ունի։ Ներկայում՝ Ձեր ղեկավարության օրոք, ի՞նչ հզորությամբ է աշխատում ձեռնարկությունը։ Ի՞նչ ժառանգություն եք ստացել։
- Չի կարելի ասել՝ մենք գերիշխող ենք, բայց ոլորտում առաջատարն ենք։ Երկու տարի է՝ ընկերության սեփականատիրոջ ներկայացուցիչն եմ Արցախում։ Ժառանգություն՝ որպես այդպիսին, կարելի է ասել, չի էլ եղել։ Երբ ընդունեցինք՝ ձեռնարկությունն աշխատում էր 1 տոննա 730 կգ-ի հզորությամբ, պարտքերով։ Ընդամենը հին մարկայի՝ ՙԳԱԶ-53՚ մեկ մեքենա կար՝ 1,8 տոննա տարողությամբ, ֆիզիկապես մաշված։ 
Սկսեցինք աշխատել  վերանորոգման աշխատանքներ իրականացնելով և այն միտվածությամբ, որ պետք է վստահություն ձեռք բերել ինչպես աշխատողների, այնպես էլ բնակչության՝ հատկապես ձեռնարկությանը հումք մատակարարողների շրջանում։ Սկզբում դժվար էր, որովհետև ինչ շրջան մտնում էինք՝ գյուղացիները չէին ուզում լսել ՙԱրցախ կաթի՚ անունը։ Բայց, փառք Աստծո, այսօր իրենք են մեզ զանգում, առաջարկություններ անում։ Մեր տնտեսական քաղաքականության հիմքում ընկած է գյուղացուն իր հողին կապելու գաղափարը, և մեր գործունեության մեջ առաջնահերթությունը տալիս ենք դրան։ Այսինքն, հենվում ենք գյուղացու վրա, դա է պատճառը, որ մթերման կետեր ենք բացում սահմանամերձ, ծայրամասային գյուղերում։ Մարտակերտի շրջանում նման կետեր են գործում Թալիշում, Մաղավուզում, Հովտաշենում, երեք կետ ունենք Շահումյանի շրջանում, երեքը՝ Քաշաթաղի (Միրիկ, Տանձուտ, Ծիծեռնավանք)։ Ընկերությունը մթերման կետեր ունի նաև Վաղուհաս և Տող գյուղերում, որոնք առ այսօր չեն օգտագործվել, որովհետև նշված վայրերում անասնապահություն չկա։ Չգիտես՝ ինչու են կառուցել այդ կետերը։ Կաթի մթերման մյուս բոլոր կետերը գործում են լիարժեք, սառնարանային համակարգերով, տաք և սառը ջրով։ Այսօրվա դրությամբ ունենք կաթ փոխադրող չորս նոր ՙԶԻԼ՚ մակնիշի մեքենա և մեկ ՙՖորդ՚՝ 1,8 տոննա տարողությամբ։ Անկախ տարվա եղանակից՝ գյուղացուց կաթը տեղում վերցնում ենք 1 լիտրը 140 դրամով (3,5 տոկոս յուղայնության դիմաց), եթե յուղայնությունը բարրձր է՝ ավելի բարձր գին ենք վճարում։ Անշուշտ, սա ձեռնտու է գյուղացուն՝ իր իսկ տանը նման գնով կաթն իրացնելու առումով։ Չեմ ուզում քարկոծել նախորդներին և գլուխ գովել, բայց անցյալ տարվա համեմատ աճել ենք ու կամա՛ց-կամաց առաջ ենք շարժվում։ Օրինակ, ընթացիկ տարվա մարտ ամսին կաթի մթերման համար մեր պլանը եղել է 172 տոննա, բայց կատարել ենք 182 տոննա, ապրիլ ամսին՝ 197 տոննայի փոխարեն մթերել ենք 245 տոննա։ 
- Մի քանի խոսք արտադրանքի  տեսականու մասին։
- Ուրախությամբ կարող եմ նշել, որ  48 տեսակի կաթնամթերք  ենք արտադրում, որից 14-ը՝ պանիր։ Ավանդական ՙԼոռի՚ ու ՙՉանախ՚ տեսակների հետ միասին այս տարի սկսել ենք արտադրել ՙԱրցախյան՚, ՙՇուշի՚, ՙՄայրաքաղաքային՚, ՙՀոլանդական՚ և մի քանի այլ տեսակի պանիրներ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր լոգոն. ՙԱրցախյանը՚, օրինակ, Տատ ու պապի տեսքով, ՙՇուշին՚՝ Ղազանչեցոց եկեղեցու և այլն։ Ուզում ենք ավելացնել կիսաչոր պանրի տեսակները։ Արտադրում ենք մի քանի տեսակ՝ տարբեր յուղայնությամբ թթվասեր, կաթնաշոռ ու մածուն, ինչպես նաև՝ կաթի սեր, կարագ, հալած յուղ… Անցյալ տարի սկսեցինք սպիտակուցներով, կալցիումով հարուստ ՙՇողիկ՚ կոչվող սննդամթերքի արտադրությունը, բայց բնակչության կողմից պահանջարկ չվայելելու պատճառով այլևս դադարեցրինք։ Մեր գործունեության ընթացքում դադարեցրել ենք պաղպաղակի արտադրությունը։ Նախորդ տնօրենների ժամանակ գործարանը մի քանի տեսակ պաղպաղակ էր արտադրում, բայց մենք եկանք այն եզրակացության, որ դա մեզ պետք չէ, քանի որ պաղպաղակի համար կաթի փոշի, կոկոսյան արմավենու յուղ են օգտագործում։ Եվ որպեսզի խուսափենք ավելորդ խոսակցություններից՝ փակեցինք պաղպաղակի արտադրությունը։ 
Ընդհանրապես արտադրությունը զարգացնելու մի շարք ծրագրեր ունենք, որոնցից մեկն էլ արտահանման ծավալները մեծացնելն է։ Անցյալ տարվա համեմատ՝ այս տարի ավելի շատ կաթնամթերք ենք արտահանել Ռուսաստան։ 
- Տարածաշրջանում այսօր կաթնամթերք արտադրող   մեծաթիվ ձեռնարկություններ կան, կարողանո՞ւմ եք դիմանալ մրցակցությանը։
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ