ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԵՌՈՒՆ ՇՐՋԱՆ
Շրջանի հարթավայրային գոտում և գյուղամերձ սեփականաշնորհված ու վարձակալված տարածքներում շարունակվում է գարու հունձը։
Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանի տեղեկության համաձայն՝ շրջանում առկա են 3427 հա ցորենի և 4573 հա գարու ցանքատարածություններ։ Հունիսի 19-ի դրությամբ կատարվել է 3787 հա գարու հունձ, ստացվել է 10125 տոննա բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 26,7 ցենտներ։ Շրջանում առկա 56 կոմբայներից 32-ը մասնակցում են բերքահավաքի աշխատանքներին։
Բերքահավաքին զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում հացահատիկային ցանքսերը հրդեհներից պաշտպանելու համար։ Ներկա դրությամբ հացահատիկային տարածքներին կից տեղակայված են արագ արձագանքման հինգ դաշտային կայաններ, որոնք հագեցած են հրշեջ մեքենաներով, գութանով, թրթուրավոր տրակտորներով, բուլդոզերներով։
Հրդեհներից պաշտպանման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության Հադրութի բաժնի Հադրութի, Տողի, Ուխտաձորի, Առաքելի հակահրդեհային մասերի ջոկերի անձնակազմերը։ Հրդեհներից պաշտպանվելու միջոցառումներին արագ արձագանքում են Կովսականի և Մարտունու հրշեջ խմբերը։
Ինչպես և սպասվում էր, խոտածածկի չորացման հետ մեծացել է հրդեհների բռնկման հավանականությունը. շրջանի հարավային գոտում հաճախակի են հրդեհներ բռնկվում, որոնք մեծ ջանքերի գնով մարվում են։
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ