ՄԹԵՐՈՒՄՆ ՈՒ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԿԱՐԵՎՈՐ ՕՂԱԿՆԵՐԻՑ ԵՆ

Հունիսի 22-ին Հիմնադրամի պահեստային տնտեսություն կատարած հերթական այցելության ընթացքում գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը, կարևորելով հացահատիկի մթերման գործընթացը սեղմ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը, կոնկրետ հանձնարարականներ տվեց տնտեսության բոլոր օղակների աշխատանքն արդյունավետ ու համակցված կերպով կազմակերպելու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ մթերման գործընթացն անխափան կազմակերպելու ուղղությամբ պահեստային տնտեսության աշխատակիցների կողմից զգալի աշխատանքներ են կատարվել։ Լինելով Բերքաձորի և Ասկերանի տարածքում արդեն իսկ հացահատիկ մթերող պահեստներում, Աշոտ Բախշիյանն իր գոհունակությունն արտահայտեց կատարվածի առնչությամբ։ Իսկ ահա Ստեփանակերտի պահեստի հարակից տարածքում արագացված տեմպերով նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն են ընթանում, արդյունքում հաշված օրեր հետո Հիմնադրամը հնարավորություն կունենա մթերելու ևս 1000 տոննայից ավելի ցորեն։
Ինչպես տեղեկացնում է Հիմնադրամի գործադիր տնօրենը, հացահատիկի գնի արհեստական իջեցումը կանխելու և օբյեկտիվ գնագոյացում ապահովելու նպատակով պահեստներ են վարձակալվել հանրապետության տարբեր տնտեսվարող սուբյեկտներից։ Միաժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Հայաստանի մի շարք մթերող կազմակերպությունների հետ։
Բացի գների զսպման հնարավորությունից, հացահատիկի պահեստավորումը միաժամանակ նաև պայմաններ է ստեղծում Հիմնադրամի հանդեպ հողօգտագործողների ֆինանսական պարտավորությունները մարելու համար, քանի որ, որոշման համաձայն, բերքահավաքի առաջին իսկ օրվանից գործում է պարտավորությունների բնամթերային մարման տարբերակը։
Մթերմանը կարող են մասնակցել նաև Հիմնադրամի հանդեպ պարտավորություն չունեցող տնտեսվարող սուբյեկտներ, ովքեր ցանկություն ունեն մթերած ցորենի արժեքի չափով հետագայում օգտվելու Հիմնադրամի նյութաապրանքային աջակցությունից կամ մեքենատրակտորային կայանների կողմից մատուցվող ծառայութուններից։
Պահեստավորման ամենակարևոր նշանակություններից մեկն էլ պատերազմական իրավիճակ ապրող հանրապետության համար ռազմավարական կարևոր՝ թիվ 1 պարենամթերքի՝ հացահատիկի անհրաժեշտ քանակությամբ անձեռմխելի կամ կայուն պաշար ունենալն է։
Ի գիտություն հանրապետության հողօգտագործողների, Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը հայտնեց, որ ներկայումս մթերումն իրականացվում է Բերքաձորի պահեստում՝ 1 կգ ցորենի գինը տեղում 135 դրամով, պահանջվող սննդային չափորոշիչներին համապատասխան։
Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆ
ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի
տեղեկատվության բաժնի պետ