Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՈՒՄ Է ՆՅՈՒ ՋԵՐՍԻԻ ՙՆԱԻՐԻ՚ ՊԱՐԱԽՈՒՄԲԸ

Հուլիսի 4-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի  լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Արևմտյան Ամերիկայի Նյու Ջերսիի Համազգային հայ կրթական և մշակութային միության ՙՆաիրի՚ պարախմբի  համերգը, որին իրենց մասնակցությունն էին բերել  նաև Արցախի համույթները։ Համերգը խորհրդանշում էր Հայաստան-Արցախ-Սփյուռք  միասնությունը։

Հիրավի, մշակույթը կոչված է հարատևելու և միավորելու աշխարհասփյուռ իր որդիներին: Համազգային հայ կրթական և մշակութային միությունը  ծնունդ է առել 90 տարի առաջ, այնպիսի նվիրյալ  հայորդիների ջանքերով, ինչպիսիք են Լևոն Շանթը, Համո Օհանջանյանը, Նիկոլ Աղբալյանը, ուրիշներ։ Ծնունդ առնելով Սփյուռքում, այն  ունեցել է հստակ նպատակ՝ սատարել հայ մշակույթի, հայ դպրության և, ընդհանրապես, հայ հոգևոր արժեքների պահպանմանն ու  տարածմանը։ Համազգայինն ունի իր թատերախմբերը, երգչախմբերը, պարախմբերը։ Միությունն իր գրասենյակն ուներ մայր Հայաստանում, այսօր էլ ունի Արցախում, և այն կոչված է  իրականացնելու բազմապիսի կրթամշակութային  ծրագրեր, օժանդակելու ազգային նշանակության ավանդույթների շարունակմանը, մշակութային նոր  ավանդույթների ստեղծմանը, լինելու հայ մտավորականի, հայ տաղանդաշատ երիտասարդի կողքին։

ՙՆաիրի՚ պարախումբը հիմնվել է 2004թ.: Գեղարվեստական ղեկավարն է Գարիկ Խաչիկյանը, պարուսույցը՝ Հալեպի համազգային հայ  մշակութային միության ՙՍարդարապատ՚ պարախմբի  մենակատար Պարգև Սանոսյանը։

Համերգն սկսվեց հայկական ՙՔոչարիով՚ (պարուսույց`  Պ. Սանոսյան) և ՙՃերմակ աղավնիով՚ (պարուսույց` Գ. Խաչիկյան)։ ՙՆաիրի՚ պարախումբը կատարեց նաև  ՙՔելե, քելե՚, ՙՀայ մնա՚, ՙՇորորա՚, ՙՀայկական՚, ՙԶարթոնք՚, ՙԱնուրջներ՚, ՙՍասնա պար՚, ՙԲերդ պար՚ ստեղծագործությունները։ 

Արցախի համույթներից առաջինը հանդես եկավ պարի պետականը (գեղարվեստական ղեկավար` Ռաուլ Բաբայան), որը հանդես է գալիս նաև  հանրապետության  սահմաններից դուրս։

Հանդիսատեսները ջերմությամբ ընդունեցին ՙՏնջրե՚ ավանդական երգի, պարի համույթի ելույթները։ Խումբը բավականին երիտասարդ է, բայց կարողացել է արժանանալ արցախցիների սիրուն, քանի որ խոսում է պարերի խրոխտ լեզվով, հայոց մեծ հաղթանակի, սխրանքի ոգուն համապատասխան։ Համերգը վարող հեռուստալրագրող Նարե Նիկողոսյանը տեղեկացրեց, որ խմբի փոքր կազմով հանդես գալը կապված է այն հանգամանքի հետ, որ երեք հոգի զորակոչվել են պաշտպանության բանակ։ ՙՏնջրեն՚ կատարեց հայրենասիրական գործ՝ ՙՑրոնքի կռիվը՚, ՙԿարնո Քոչարին՚, իսկ Թամար Սարգսյանը հիանալի  կատարեց ՙԹիփի բորան՚ երգը, երգ, որ միշտ ոգեշնչել է հայ զինվորին կռվի մեկնելու, հայոց սահմանը պահելու։ 

Արցախի ՙՄենք ենք, մեր սարերը՚ ազգագրական երգի-պարի համույթը, որ 18 տարվա պատմություն ունի, իր կատարումների մեջ ամփոփում է հայկական երգի, պարի կոլորիտը, ունի իր ուրույն դիմագիծը, սիրված է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում և  արտերկրում (գեղարվեստական ղեկավար` արվեստի վաստակավոր գործիչ Գարիկ Ավանեսյան, տնօրեն` Սլավա Ապրեսյան)։ 

ՙՀայ քաջեր՚ երգը փոթորկեց դահլիճը։ 

ՙԱրցախի բալիկներ՚ մանկապատանեկան համույթն իր առաջին քայլերն արեց 1992-ից, երբ պատերազմ էր երկրում, երբ հատկապես պետք էր ժողովրդի  հոգում վառ պահել հայ մշակույթի լույսը։  Այն ստեղծվել էր ցրելու պատերազմի  տագնապները, ուրախության երանգներ հաղորդելու պատերազմող երկրի մեծին ու փոքրին։ Կատարվեց  ՙԱման Մարո՚ երգը (վոկալ խմբի ղեկավար` Գայանե Հարությունյան)։ Համերգը, որ իրականացվեց Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության  և Համազգայինի  Արցախի գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ, ավարտվեց ՙՄենք ենք, մեր սարերը՚ երգով և նոր հանդիպումների ակնկալությամբ թե՜ Արցախում, և թե՜ Սփյուռքում։ 

ՙՆաիրի՚ պարախմբի հետ ներկայացել էին պարուսույց Պարգև Սանոսյանը և Համազգայինի Նյու Ջերսիի գրասենյակի ատենապետուհի Անի Չաղլասյանը։ 

Արևմտյան Ամերիկայի Նյու Ջերսիի համազգային հայ կրթական և մշակութային միության արցախյան գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանն ասաց, որ համերգը նվիրված էր Միության 90-ամյակին, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին, Նյու Ջերսիի մասնաճյուղի 50-ամյակին, և որ սա Արցախի գրասենյակի և Նյու Ջերսիի կառույցի առաջին համագործակցությունն է։ Նա ասաց, որ հետամուտ կլինեն, որպեսզի նման ծրագրերը շարունակություն ունենան, և որ նման ծրագրերը ցույց են տալիս, որ աշխարհի որ ծայրում էլ գտնվեն հայերը, նրանք նույն մշակույթի կրողները, տարածողն ու պահպանողն են, իսկ Արցախը բոլորին միավորող ոստանն է։ 

Անի ՉԱՂԼԱՍՅԱՆ.- ՙՆաիրի՚ պարախումբն ունի ավելի քան 120 պարող (4 տարեկանից մինչև 30-ը), բայց Հայաստան¬Արցախ եկան 32 մասնակցող։ Նշեմ, որ տարեցտարի խումբը մեծանում է: Խմբի բոլոր մասնակիցները հայ են, բոլորն էլ ծնված արտասահմանում։ Մեծ մասը հաճախում է օտար դպրոցներ, օտար կրթօջախներ, ապրում  օտար միջավայրում, սակայն շաբաթը մեկ անգամ մեծ ոգևորությամբ գալիս է Միության գրասենյակ` շփվելու հայ մշակույթի հետ։ Կան մասնակիցներ, որ  նույնիսկ ժամուկես ճանապարհ են անցնում, որպեսզի հասնեն մեր սրահը, փորձ անեն։ Մենք երբեմն ստիպված ենք լինում նրանց պահել ավել ժամեր, որ փորձ անեն։

Մեր նպատակն այն է, որ օտար ափերում հային կապենք իր արմատների հետ, որ հայը հայ մնա։ Որ օտարների մեջ հայ մշակույթով իրենց հպարտ զգան։ Մեր նպատակը պարը չէ, պարն օգտագործում ենք, որ մեր երեխաները հայ մեծանան։ Պարողների մի մասը խոսում է հայերեն, իսկ մեծ մասը հասկանում է։ Մեր Միությունում բոլոր պարապմունքները տարվում են հայերեն լեզվով։ Հագուստները պատվիրել ենք Հայաստանում։ Ասեմ, որ այս տարի լրանում է Միության Նյու Ջերսիի գրասենյակի 50 տարին, և մեր այցելությունը նվիրված է այս հոբելյանին։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ