Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԴՊՐՈՑՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՈՒՍՄԱՆ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Գուցե թե սա այն եզակի դեպքերից է, երբ հանրակրթական դպրոցներում համատարած ՙլռություն՚ է (ամառային արձակուրդներ են), բայց մենք անդրադառնում ենք դպրոցական կյանքին, փորձում վերագնահատել անցած ուսումնականի ձեռքբերումները, ինչու՞ չէ, նաև բացթողումները: Կարծում ենք` այստեղ արտառոց ոչինչ չկա:

 Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը հանրապետության նորակառույց  դպրոցներից չէ (կառուցվել է 1973թ.), չնայած դրան, եռահարկ տիպային շենքը բավականին բարեկարգ տեսք ունի: Տնօրեն Արթուր Մինասյանի տեղեկատվությամբ` ամեն տարի դպրոցին հատկացվող՝ 600 հազար դրամի չափով գումարի շնորհիվ կարողանում են հոգալ կրթօջախի խնդիրները և ամեն ուսումնական տարվան ընդառաջ ընթացիկ վերանորոգման ու թարմացման աշխատանքներ իրականացնել: Շուրջ 550 աշակերտ ունի դպրոցը: Տնօրենի խոսքով` վերջին տարիներին  միջինը  44 շրջանավարտ է թողարկվել, իսկ  այս տարի ընդամենը 22 շրջանավարտ ունեցան. ՙՆրանք այն դպրոցականներն են, ում տարիքը համընկել է  6 տարեկանից դպրոց ընդունելու որոշման հետ. ինչպես գիտեք,  սկզբում շատ ծնողներ  վարանում էին երեխաներին այդ տարիքում դպրոց բերել՚,- նվազման պատճառն է բացատրում տնօրենը և հավելում, որ գալիք ուսումնական տարում դպրոց կհաճախի մոտ հիսուն երեխա: Կգործեն նաև նախադպրոցական  խմբեր: Ներկայում որևէ առարկայի գծով մասնագետի պահանջ կրթօջախը չունի:  Դասասենյակները համապատասխանում են աշակերտների թվաքանակին, սանհանգույցները նորմալ վիճակում են: Համակարգչային դասասենյակն ապահովված է համացանցով, գործող համակարգիչներով, կա նաև գրադարան, լաբորատորիա,  բոլոր կաբինետները կահավորված են ըստ առարկաների: Կրթօջախում գործում են գրական-գեղարվեստական, սպորտային  խմբակներ: Վերջերս հիմնանորոգման է ենթարկվել մարզադահլիճը, որն ապահովված է անհրաժեշտ մարզագույքով: Հադրութի քաղաքային սպորտդպրոցում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով նաև այդ կենտրոնի պարապմունքներն են այստեղ ընթանում: Հնարավորությունների սահմաններում արվում է ամեն ինչ՝ ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու համար, վստահեցնում է տնօրենը: Անցյալ տարի դպրոցական օլիմպիադաների հանրապետական փուլ է հասել երեք աշակերտ,  Ռեգինա Գրիգորյանն էլ աշխարհագրություն առարկայից (տնօրենի աշակերտն է) հասել է  համահայկական փուլ:  

Ինչպես արցախյան շատ կրթօջախներում է ընդունված, այստեղ ևս  բոլոր դասարանները անվանակոչված են Արցախյան պատերազմում զոհված հադրութցիների անուններով: ՙԱռաջին իսկ  տարում դասարանը կոչվում է մեր հերոս նահատակներից մեկի անունով, և 12 տարի շարունակ երեխաները հերոսի ընտանիքի հետ գտնվում են ամուր կապի մեջ: Տարբեր առիթներով կազմակերպվում են միջոցառումներ, հուշ-ցերեկույթներ՚,- ասաց Ա. Մինասյանը: 

Տնօրենի տեղեկատվությամբ` այս տարվա դպրոցական Վերջին զանգի արարողությունն անցել է առանց ավելորդ ճոխության. աշակերտների և ծնողների ուշադրությունը սևեռված էր ավարտական և միասնական քննությունների արդյունքներին: Նման մոտեցումը, տնօրենի համոզմամբ, նաև դպրոցի մանկավարժական կոլեկտիվի  աշխատանքի արդյունքն է: Դպրոցականների մոտ ՙհումանիտարացման՚ միտման դեմ լավագույն տարբերակը Ա. Մինասյանը համարում է վերջին տարում միջին դասարաններում ֆիզիկա և հանրահաշիվ առարականերից օլիմպիադաների կազմակերպումը: Երկար տարիների մանկավարժական գործունեությունը կրթօջախի ղեկավարին հետևյալ գործելաոճն է թելադրել. դպրոցի առաջին խնդիրը  դաստիարակչական գործառույթը լավագույնս իրականացնելն է: Ուսուցչական կոլելտիվի  կարևորագույն անելիքներից մեկն էլ աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը մասնակից դառնալն է, ինչը ենթադրում է  հակումների և ունակությունների բացահայտում և դրանց համապատասխան աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ ձեռք բերելուն ուղղորդում: ՙԴա մեզ համար ցավալի հարց է, դեռահասների մեծ մասը, չունենալով մասնագիտական կողմնորոշման գործում մասնագիտական աջակցություն ստանալու հնարավորություն, հիմնականում առաջնորդվում է ծնողների ու հասակակիցների խորհուրդներով, ինչպես նաև հասարակական կարծրատիպերով: Մեր շրջանավարտներն առավել հաճախ ընտրում են տնտեսագետի կամ իրավաբանի մասնագիտությունները՝ առանց դրանց վերաբերյալ հստակ պատկերացումների, կամ առանց ծանոթանալու ժամանակակից մասնագիտությունների բազմազանությանը`  ընտրություն կատարելով մասնագիտությունների շատ նեղ ցանկից՚, - նկատեց Ա. Մինասյանը: Պատկերը փոխելու համար անցած ուսումնական տարում ԿԳՍ նախարարության օգնությամբ ավարտական 9-րդ  դասարանցիների համար այցելություն է կազմակերպվել Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան: Տնօրենի խոսքով` այդ այցն օգտակար նշանակություն ունեցավ աշակերտների համար: Տեսնելով ուսումնարանի հետաքրքիր առօրյան` հիմնական դպրոցն ավարտող շատ աշակերտներ ցանկություն են հայտնել ուսումը շարունակել այնտեղ: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ