ԱՅՍ ՇԱԲԱԹ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է COVID-19 ՎԱՐԱԿԻ 3 ԴԵՊՔ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Պատվաստումների գործընթացը շարունակվում է
Վերջին շաբաթվա տվյալներով՝ ՀՀ-ում միջինում օրական գրանցվել է նոր կորոնավիրուսի 32-ից մինչև 99 դեպք։ Հունիսի 11-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր և ընդհանուր 223 555 դեպք։ Վարակից ապաքինվել է 214 998 հիվանդ, գրանցվել՝ մահվան 4 482 դեպք: Ներկա դրությամբ ՀՀ-ում փաստացի բուժում է ստանում 2 983 վարակակիր: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 118 753, իսկ վերջին օրը՝ 3 866 թեստավորում: Հունիսի 11-ի տվյալներով՝ COVID-19-ից առողջացել է 141, իսկ մահացել 4 հիվանդ:
Արցախում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի միայն 3 նոր դեպք։
Հունիսի 10-ին կատարված 33 թեստավորման արդյունքում ԱՀ-ում հաստատվել է նոր կորոնավիրուսի 1 դեպք։ Ներկայումս COVID-19-ից ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ կորոնավիրուսային հիվանդության թեթև ախտանշաններ ունեցող քաղաքացիներն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում ընդհանուր կատարված 25 672 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2758 դեպք։ 2021 թվականի ընթացքում իրականացվել է 8220 թեստավորում, հաստատվել՝ վարակի 874 դեպք։
Թե՜ ՀՀ-ում և թե՜ ԱՀ-ում մայիս ամսվա ընթացքում արձանագրվել է COVID-19 վարակի դեպքերի աստիճանական նվազում։ Արցախում և Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը։ ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան որոշումներով COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, ՙԱրևիկ՚ ՓԲԸ և շրջանային բուժմիավորումներում: COVID-19-ի դեմ պատվաստվելու համար քաղաքացիները պետք է նախօրոք դիմեն վերոնշյալ բուժհաստատություններ։ ՀՀ առողջապահության նախարարության կայքէջի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը: Հունիսի 8-ի դրությամբ կատարվել է 50 228 պատվաստում:
Նշենք, որ Արցախում պատվաստումները կատարվում են ռուսական ՙSputnik-V՚ և շվեդական ՙAstraZeneca՚ արտադրության համապատասխան դեղաչափերի պատվաստանյութերով։ ԱՀ առողջապահության նախարարության համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի տեղեկատվությամբ՝ հունիսի 10-ի դրությամբ Արցախում COVID-19-ի դեմ պատվաստվել է 394 քաղաքացի, ընդ որում 246 հոգի արդեն ստացել են համապատասխան պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Հիշեցնենք, որ ՙAstraZeneca՚-ի պավաստանյութը ներարկվում է մեկ, իսկ ՙSputnik-V՚-ն՝ երկու դեղաչափով։
Առողջապահության համակարգի մասնագետները կրկին հորդորում են կարևորել հակահամաճարակային միջոցառումները՝ հետևել հիգիենայի տարրական կանոններին, պահպանել սոցիալական հեռավորություն, խուսափել մարդկային կուտակումներից փակ տարածքներում։