Մոնթեն ավելի մոտ է, քան մենք կարծում ենք
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լեգենդար զորահրամանատար, Հայաստանի Ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) մահվան 28-րդ տարելիցին ընդառաջ, այսօր` հունիսի 11-ին, Արցախի Պետական Պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ Ամալյա Սարգսյանի <Միշտ Մոնթե> վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որն սկսվում է Մոնթեի այրի` Սեդայի և նրա ընտանիքի անդամների հերոսի շիրմին այցելելու բացառիկ կադրերով:
Ֆիլմում իրենց ապրումներով են կիսվում մարտական ընկերները, լրագրողներ, լուսանկարիչներ, պարզապես մարդիկ, ովքեր շփվել էին հերոսի հետ: Ամեն մեկն իր Ավոյին էր ներկայացնում: Մարտական ընկեր Ալեք Ենիգոմշյանի համար առանձնահատուկ է Ավոյի բնավորության այն գիծը, որ նա կյանքի ամենադաժան պայմաններում չէր հուսահատվում, երբեք հավատը չէր կորցնում: Լրագրող Վարդգես Բաղրյանը նկատելի հուզականությամբ է պատմում Ավոյի մասին: <Միակ հրամանատարը, ով երբեք չէր հրաժարվում հարցազրույց տալ>,-ասում է այդ օրերի վավերագիր-լրագրողը:
Լուսանկարիչ Միրիեմ Գոմն ամենուր գնում էր Մոնթեի հետևից, կադրեր ֆիքսում:
Ո՞ւմ չի հուզել երկու աթոռների վրա քնած Ավոյի նկարը:
Միրիեմը հիշում է. <Մի անգամ Ավոն այնքան էր կանգնել թնդանոթի կողքին, որ նրա մորուսի մի մասն այրվել էր: Մի պահ ուզում էի ֆիքսել այդ կադրը, բայց հետո մտափոխվեցի, ասացի, որ այդ կադրն էլ թող իմ հոգում մնա, դա իմ Ավոն կլինի>:
Մարտական ընկեր Մարտիրոս Ժամկոչյանը Մոնթեի մասին պատմում է որպես մի մարդու մասին, ով պարզ, բյուրեղյա մաքրություն ուներ, ով սուտը, խաբեությունը տանել չէր կարողանում:
Միջոցառմանը ներկա Ստեփանակերտի հ. 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալինա Բաղդասարյանը վստահեցրեց. <Մոնթեի այն զգուշացումը, որ` եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը, տեղի չի ունենա: Մենք չենք շրջի վերջին էջը>:
Ներկաներին իր շնորհակալական խոսքը հղեց թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը. <Ավոյին մեր երկրում ճանաչում են բոլորն անխտիր` անկախ սեռից, տարիքից: Նա լեգենդ է: Նա ոչ միայն փայլուն զինվորական էր, այլև հեռատես քաղաքագետ: Համաձայն եմ այն կարծիքին, որ եթե Մոնթեն ողջ լիներ, մեր պատմության անիվը այլ կերպ կընթանար>:
Եվ ինչպես Սեդան է հավատացնում` Մոնթեն ավելի մոտ է, քան մենք կարծում ենք: