[ARM]     [RUS]     [ENG]

Մեծ Հայրենականի սկսվելու օրվանից 80 ՏԱՐԻ ԱՆՑ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Խորհրդային Միության վրա ֆաշիստական Գերմանիայի ուխտադրուժ հարձակման օրվա՝ հունիսի 22-ի նախօրյակին, Ստեփանակերտի քաղաքային Հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցվել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Այս տարի լրանում է Մեծ հայրենականի սկսվելու 80-րդ տարին։ Այդ կապակցությամբ Ստեփանակերտի Հուշահամալիրում կազմակերպված հիշատակի արարողությունը համատեղ նախաձեռնել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները և ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հիշատակի արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմում և զինված հակամարտություններում զոհված արցախցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, տեղի է ունեցել մոմավառություն: Հարգանքի տուրք մատուցելուց հետո, օրվա խորհրդի վերաբերյալ ելույթ ունեցավ խաղաղապահ ուժերի փոխգնդապետ Սերգեյ Լիտվինովիչը։

"Նման միջոցառումները կոչված են ազգերի համախմբվելուն և երիտասարդությանը պատմական արժեքները փոխանցելուն։ Մենք չպետք է կտրվենք մեր արմատներից, այլապես կզրկվենք ազգային ինքնությունից", -մեզ հետ զրույցում ասաց ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Գայանե Գրիգորյանը։ ԱՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի մասնագետ Ապրես Պետրոսյանը հրապարակեց բաց նամակ՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակում ՌԴ նախագահի ուշադրությունն է հրավիրվում թշնամու կողմից Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող վանդալիզմի նկաատմամբ։ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակի արարողությանը ներկա էին ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներ, ԱՀ մշակույթի ոլորտի պատասխանատուներ և Արցախում ռուսական համայնքի ներկայացուցիչներ։

Գերմանական զորքերը 1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին, խախտելով 1939 թվականին կնքված՝ միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, ներխուժեցին ԽՍՀՄ սահմաններ։ Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, որին Արցախից մասնակցել է ավելի քան 40 հազար մարդ:Նրանցից 20 հազար զոհվել է: