[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՂԱՐԾԻՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

Լուսինե ԴԱՇՅԱՆ

 Մարտունու շրջանում շարունակվում են շինարարական աշխատանքները, որում ընդգրկված է նաև Կաղարծի համայնքը։ Այստեղ ընթանում են լայնածավալ շինաշխատանքներ։

Կապիտալ վերանորոգվող, քառահարկ բազմաբնակարան շենքը սկսվել է կառուցվել 1985թ.-ից, և 1988թ. համարյա աշխատանքներն ավարտված էին, երբ Շարժումն սկսվեց։ Այն սկզբում նախատեսված էր դպրոցի համար՝ իր մարզադահլիճով, մարզահրապարակով, բոլոր հարմարություններով։ Սկզբից այնտեղ բնակվեցին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տեղահանված ընտանիքներ։ Հետագա տարիներին այն անուշադրության էր մատնված, 2017թ. արդեն վթարային վիճակում էր, մարզադահլիճը՝ փլված։ Վերջին տարիներին վիճակն ուսումնասիրելով ու ելնելով անհրաժեշտությունից՝ նախատեսվեց վերանորոգել, վերակառուցել, հարմարեցնել որպես բնակելի շենք և տրամադրել գյուղի երիտասարդ ընտանիքներին, իսկ 44-օրյա պատերազմից հետո` նաև տեղահանված բնակիչներին։
2020թ. դեկտեմբեր ամսից սկսվել է շինարարությունը, արդյունքում կունենան 14 բնակարան։ Շենքն ունի չորս հարկ՝ ութ բնակարան` մեկ սենյականոց, չորսը՝ երեք, երկուսը՝ չորսսենյականոց։ Մեկսենյականոց բնակարանն ունի ննջարան, հյուրասենյակ ու խոհանոց՝ միասին, սանհանգույց։ Դեկտեմբեր ամսից մաքրման, ամրացման բավականին զգալի աշխատանքներ են տարվել, այժմ դրանք ավարտական փուլում են գտնվում։ Համայնքի ղեկավար Գարուշ Սարգսյանի տված տեղեկությամբ՝ նախատեսվում է հուլիս ամսում շահագործման հանձնել։ Այն կունենա խաղահրապարակ, ավտոկայանատեղի։
Կաղարծիում վերանորոգվում են նաև գյուղի հին, չբնակեցված տները։ Արդեն նորոգվել է հինգ տուն։ Գործընթացը շարունակական է լինելու։ Վերանորոգման աշխատանքները կատարում է ՙՂուրուչուխ՚ ՍՊԸ-ն՝ Հայկ Գրիգորյանի ղեկավարությամբ։ Ամեն ինչ կատարվում է բարեխղճորեն, հավուր պատշաճի, մեծ պատասխանատվությամբ, գործի կարևորության գիտակցումով։ Այստեղ մոտ 40 տուն կա, որ հնարավոր է կապիտալ վերանորոգել և տրամադրել բնակիչներին։
Շուտով կսկսվեն գյուղի Սուրբ Թարգմանչաց եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները։ Պահի դրությամբ իրականացվում են նախագծահաշվային աշխատանքներ։
Հրետակոծության հետևանքով վնասված դպրոցական շենքը ևս կվերանորոգվի։ Լրիվությամբ փոխել են դպրոցի պարիսպը, իսկ մնացած վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Սկսվել են նաև ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։ Մարտունի-Ստեփանակերտ մայրուղուց դեպի գյուղ տանող ճանապարհից մինչև գյուղի դպրոցը և այստեղից մինչև նոր թաղամաս, ասֆալտապատվելու է` մոտ 4,5 կմ երկարությամբ։ Բարեկարգվելու է գյուղ տանող երկրորդ ճանապարհը։