ՀՈՒՆԻՍԻ 29-Ը ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է ...ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԵՆ ՑԱՎԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Հայրենիքի համար նահատակվածների և անհետ կորածների հիշատակի օրվան նվիրված միջոցառումը մեկնարկեց Ստեփանակերտի հուշահամալիրից։ Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ՊԲ սպայակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ ներկայացուցիչներ, անհետ կորած ազատամարտիկների մարտական ընկերներ, հարազատներ։
Արցախի անհետ կորած ազատամարտիկների միության նախագահ Վերա Գրիգորյանը, խոսելով տղաների դեռևս անհայտտ ճակատագրերի մասին, նշեց, որ արդեն 23-րդ տարին է, ինչ նշվում է անհայտության մեջ գտնվող որդիների, եղբայրների, հայրերի, ամուսինների հիշատակի օրը։
‘’Այս տարին առանձնանում է նրանով, որ ընդլայնվել են ցավի սահմանները. Արցախյան վերջին պատերազմի հետևանքով ավելացել է անհետ կորած զինծառայողների թիվը։ Ցավոք, քչերի ճակատագրի մասին կան հստակ տեղեկություններ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ խորացել-ավելացել են մեր կազմակերպության առջև ծառացած խնդիրները։ Կազմակերպությունը սերտ համագործակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Ռ. Մուրադովի, ինչպես նաև ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ՝ պարզելու տղաների գտնվելու կոնկրետ վայրերն ու անելու հնարավորը՝ նրանց հայրենիք վերադարձնելու համար։ Չկորցնելով մեր որդիներին նորից տեսնելու հույսն ու նեցուկ դառնալով մեր սպասումին՝ պետք է զինվենք համբերությամբ՚՚։
Միասնական աղոթքից հետո, օրհնանքի խոսք ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Հիշատակի օրվա կապակցությամբ ԱԿԱՀՄ գրասենյակում տեղի ունեցավ Վերա Գրիգորյանի ՙՙՀուշամատյան-4՚՚ և ՙՙՀայելի՚՚ գրքերի շնորհանդեսը։ Խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանի խոսքով` ՙՙՀայել՚՚-ին ԱԿԱՀՄ ՀԿ-ի գործունեության յուրօրինակ հաշվետվություն է։ ՙՙՀուշամատյան՚՚ գրքի 4-րդ հատորն ընդգրկում է հուշաթանգարան այցելած մեր հայրենակիցների և արտերկրից ժամանած հյուրերի գրառումները, նրանց խոհերն ու կարծիքները։ Գրքերի նշանակությունը կարևորեց Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը։
-Ամեն տող գրելիս զգացել եմ բախտակիցներիս ծանր տառապանքը,- ասաց Վ Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ հետագա հատորները նվիրված կլինեն իրենց զավակների վերադարձին։
Միջոցառման ավարտին ԱԿԱՀՄ նախագահ Վ. Գրիգորյանը միության՝ ՙՙՀայրենիք և հավատ՚՚ հուշամեդալով պարգևատրեց ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանին։