ՄԵԿՆԱՐԿԵՑ ՙԴԻԶԱԿԻ ԳՈՒՅՆԵՐ՚ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԸ

 

Արցախում մեկնարկել է ՙԴիզակի գույներ՚ գեղանկարչության ամենամյա սիմպոզիումը։ Ինչպես տեղեկացրեց սիմպոզիումի համանախագահ, Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը, ՙԴիզակի գույներ՚ նկարչական սիմպոզիումն առաջին անգամ անցկացվեց 2017 թվականին՝ նպատակ ունենալով ճանաչելի դարձնել պատմական Դիզակի հարուստ բնաշխարհն ու դարերով այստեղ ապրող մարդկանց և ուշադրություն հրավիրելու նրանց խնդիրներին և նպաստելու դրանց լուծմանը։ 2018-ին, 2019-ին անցկացված սիմպոզիումներին մասնակցում էին ոչ միայն Արցախից ու Հայաստանից, այլ նաև արտերկրից` հայ և օտարազգի նկարիչներ։ 2020-ին, ընդգծում է նա, համաճարակի պատճառով ավանդաբար ամռանը նշվող սիմպոզիումը չստացվեց անցկացնել, հարկադրված էին այն հետաձգել մինչև աշուն, սակայն, այս անգամ էլ պատերազմը խաթարեց բոլոր ծրագրերը։

Քանի որ Հադրութի շրջանի բնակչության մեծ մասը գտնվում է Հայաստանում, հիմնականում՝ Երևանում, ասում է ՙԴիզակ՚ թերթի խմբագիր, ՙԴիզակ արտ՚ ՀԿ-ի համանախագահ Լիանա Պետրոսյանը, անհրաժեշտություն կար կազմակերպելու հադրութցիների մշակութային կյանքը, մարդկանց համախմբելու մշակութային միջոցառումների շուրջ։ Այդ հանգամանքներից ելնելով, շեշտում է նա, ստեղծվեց ՙԴիզակ արտ՚ հասարակական կազմակերպությունը։ Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինն ու ՙԴիզակ արտ՚ ՀԿ-ն միասին որոշեցին՝ չնայած պատերազմից հետո ստեղծված ծանր իրավիճակին, կազմակերպել ՙԴիզակի գույներ՚ հերթական սիմպոզիումը՝ ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելով՝ այս անգամ օկուպացված Հադրութի շրջանի խնդիրների վրա։
Հուլիսի 6-ին տեղի ունեցավ ՙԴիզակի գույներ՚ նկարչական սիմպոզիումի կազմակերպիչների, մասնակիցների հանդիպումը ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, ով ողջունեց նախաձեռնությունը և ստեղծագործական հարուստ օրեր մաղթեց սիմպոզիումի մասնակիցներին։


Նշենք՝ այս տարի սիմպոզիումին մասնակցում է 18 նկարիչ։ Նրանք այցելություններ կկատարեն Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների հիշարժան վայրեր։ Աիմպոզիումը, որը մեկնարկել է հուլիսի 5-ին, կավարտվի Ստեփանակերտի պետական պատկերասրահում՝ հուլիսի 12-ին, տեղեկացրեց Ե. Հայրիյանը, որտեղ կկազմակերպվի նկարչական սիմպոզիումի աշխատանքների ցուցադրությունը։


Օգտվելով առիթից, ՙԴիզակի գույներ՚ սիմպոզիումի կազմակերպիչները խորին երախտագիտություն հայտնեցին միջոցառման գլխավոր հովանավոր՝ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին, ինչպես և աջակիցներ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը, ԱՀ հեռուստաընկերությանը, Մոսկվայի ՙЖам՚ ամսագրին, Էջմիածնի ՙՄաչանենց տուն՚ արվեստի կենտրոնին, ՙArt PR՚ ՀԿ-ին, ՙԿատարո՚ և ՙՏիգրանակերտ՚ գինեգործարաններին։

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ