ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ 85000-ԱԿԱՆ ԴՐԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մեկնարկել և ընթանում է «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի կողմից տեղահանված ընտանիքների երեխաներին տրամադրվող 85000-ական դրամ միանվագ աջակցությունը:
Ծրագրի վերաբերյալ ներկայացնենք մեր զրույցը Արցախի «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի հաղորդակցման բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանի հետ:
-Ներկայացրեք, խնդրեմ, «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի այս աջակցությունն ու՞մ է հասցեագրված:
-Այս ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, ովքեր տեղահանվել են 2020թ․ աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով, բնակվում են Լեռնային Ղարաբաղում և ունեն 0-17 տարեկան երեխա: Տվյալ ընտանիքների գրանցումը տեղի է ունեցել հունիս ամսին, որի ընթացքում 3 շաբաթ շարունակ, մենք ընտանիքներից դիմումներ ենք ընդունել: Մինչև դիմումներ ընդունելը,հայտարարություն ենք տարածել, այդ թվում ԶԼՄ-ների միջոցով` տեղահանված ընտանիքներին իրազեկելու նպատակով: Կային ընտանիքներ, որոնք չէին համապատասխանում մեր նշված չափանիշներին և չընդգրկվեցին ստացողների ցուցակներում: Մերժված բոլոր ընտանիքները տեղեկացվեցին մերժման պատճառի մասին: Օգոստոսին մենք արդեն սկսել ենք յուրաքանչյուր երեխայի համար տրամադրել միանվագ դրամական օգնություն: Հաշվի առնելով, որ ներքին տեղահանված անձինք ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ, մենք որոշեցինք օգնել նրանց պատրաստվել նոր ուսումնական տարվան, մոտեցող աշնանը/ձմռանը և հոգալ իրենց երեխաների այլ կարիքները:
-Երբվանի՞ց պետք է այն սկսվի:
-Օգոստոս ամսին շատ ընտանիքներ արդեն հաստատել են, որ գումարն արդեն իրենց քարտային հաշվին է:
-Հասկանալի պատճառներով բնակչությունը հիմա տարբեր աջակցությունների կարիք ունի: Այդ առումով «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեն բավականին ակտիվ է: Խնդրեմ, ընդհանրական ներկայացրեք հետպատերազմական շրջանում կատարված, ընթացիկ և սպասվող աջակցությունները:
-Եթե խոսենք տուժած բնակչությանը տրվող տնտեսական օգնության մասին է, ապա մեր օգնություն ստացողների հիմնական խումբը ներքին տեղահանված անձինք են: Օրինակներից մեկը ֆինանսական օգնության տրամադրումն է, որը ես նկարագրեցի վերևում: Մեկ այլ աջակցության ծրագրից է 2000 դպրոցական պայուսակների և գրենական պիտույքների նվիրաբերումը կրթության ոլորտին` այս տարի առաջին դասարան գնացողների համար:
Ներքին տեղահանված անձանց համար, ովքեր ապրում են գյուղական վայրերում, մենք շարունակում ենք օգնություն տրամադրել սննդի և հիգիենայի պարագաների տեսքով: Նրանք մեզանից նաեւ սերմեր ու այգեգործական գործիքներ են ստացել գարնանը` հողը մշակելու համար: Հետագայում մեր օգնությունը ուղղված կլինի ընտանիքների համար եկամտի աղբյուր ստեղծելուն:
-Որն է աջակցությունների հիմնական նպատակը:
- Օգնել հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանը հաղթահարել առաջացած դժվարությունները: