[ARM]     [RUS]     [ENG]

Պատերազմի ընթացքում «Արցախգազ»-ի աշխատակիցներն անհրաժեշտ տեղերում ապահովել են գազամատակարարումը

 Սեպտեմբերի 5-ը նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատողների մասնագիտական օր: «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի խոսքով՝ ընկերությունում աշխատում է շուրջ 400 աշխատակից, ովքեր տարիներ շարունակ կատարած աշխատանքով ապացուցել են իրենց մասնագիտական նվիրվածությունը՝ մատուցելով մասնագիտացված ծառայություն բոլոր բաժանորդներին: «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները այդ կենաց մահու վճռորոշ պահին, հաղթահարելով մասնագիտական բոլոր դժվարությունները, կարողացել են անհրաժեշտ բոլոր տեղերում պահպանել գազամատակարարումը»,-մանրամասնել է «Արցախգազ» ՓԲԸ տնօրենը՝ հավելելով, որ պատերազմից վնասված գազամատակարարման համակարգը ավելի քան 90 տոկոսով վերականգնվել է: Ս. Միքայելյանը շնորհավորել է գազի համակարգի աշխատողների մասնագիտական օրը և շեշտել, որ չեն մոռանում նաև այն աշխատակիցներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախ աշխարհին: Աննա Պետրոսյան