Մարտունու Հերհերը համայնքի ղեկավար է ընտրում
Հոկտեմբերի 10-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Մարտունու շրջանի Հերհեր համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու։ Ինչպես տեղեկացրեց Հերհերի թիվ 5/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սարգիս Գրիգորյանը, համայնքի ղեկավար Կարեն Բաղիշյանը նահատակվել է Արցախյան երրորդ պատերազմում։ Մինչ այս համայնքի ղեկավարի պարտականություններն իրականացնում էր Արման Ալեքսանյանը, ով այժմ առաջադրել է իր թեկնածությունը։ Ըստ ընտրացուցակի՝ Հերհերի ընտրողների թիվը 399 է։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կանխատեսմամբ, ըստ փաստացի բնակվողների թվի՝ մասնակցությունը կկազմի 250-300 ընտրող։ Նրա հաղորդմամբ՝ ժամը 12-ի դրությամբ քվեարկել է շուրջ 70 ընտրող։ -Սովորաբար քվեարկողների աշխույժ հոսք է գրանցվում երեկոյան ժամերին,-ասաց Սարգիս Գրիգորյանը։ Հերհերի համայնքի ընտրության ընթացքին հետեւում են նաեւ Հայաստանի Հանրապետությունից ժամանած դիտորդներ։