ԱՀ-ՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-17-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ COVID-19-ԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 27 ՄԱՐԴ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախում վերջին երկու շաբաթվա ընթացքում պատվաստվել է ավելի շատ քաղաքացի, քան վեց ամիսների ընթացքում
COVID-19 վարակով պայմանավորված, համաճարակային իրավիճակը ՀՀ-ում և ԱՀ-ում դեռևս լարված է։ Դիտարկման տվյալներով՝ թագավարակի թվերը ՀՀ-ում փոքր-ինչ նվազել են, սակայն, ցավոք, մահվան դեպքերը մեծ թիվ են կազմում։ Միայն նոյեմբերի13-17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավարակից մահացել է 216 մարդ։ Այդ 5 օրվա ընթացքում վարակի հետևանքով Արցախում գրանցվել է մահվան 11 դեպք։ Թվերը բավականին մտահոգիչ են։ Նշյալ ժամանակահատվածում ՀՀ-ում օրական գրանցվել է մահվան 39-52, իսկ ԱՀ-ում՝ 2-5 դեպք։
Համաճարակաբանական վիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ Եթե միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում Արցախում թագավարակի հետևանքով մահացել է 11 մարդ, ապա արդեն նոյեմբերի 1-17-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է մահվան 27 դեպք։ Վարակի թվերի աճին զուգահեռ մահվան դեպքերն Արցախում կտրուկ աճել են։ Նույն իրավիճակն է նաև Հայաստանում։ Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահվան 7153 դեպք: Իսկ աշխարհում կորոնավարակի հետևանքով մահացել է շուրջ 5 միլիոն 131 հազար մարդ։ Իսկ իրականում որոշ փորձագետներ կարծում են, որ COVID-19-ից հնարավոր է երկու կամ երեք անգամ ավելի շատ մարդ մահացած լինի։
Համաճարակաբանների կարծիքով՝ COVID-19-ի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է. պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեպքերի կանխարգելման համար։ Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում պատվաստումների 70%-ից բարձր շեմ ունեցող երկրներում, կորոնավիրուսով պայմանավորված, մահվան դեպքերը պատվաստումների աճին զուգահեռ նվազման միտում ունեն: COVID-19 -ի դեմ պատվաստումները շարունակվում են իրականացվել ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, ՙԱրևիկ՚ և շրջանային բուժմիավորումներում: Արցախում առկա են ռուսական ՙՍպուտնիկ Վի՚, բրիտանա-շվեդական ՙԱստրաԶենեկա՚, չինական ՙՍինոֆարմ՚ և ամերիկյան ՙՄոդեռնա՚ պատվաստանյութերը։ ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, այսինքն` ապրիլից մինչև հոկտեմբերի վերջ, Արցախում կատարվել է 1300 պատվաստվում, իսկ նոյեմբերի 1-15-ն արդեն պատվաստվել է 1220 քաղաքացի, ընդ որում, Հանրապետական բժշկական կենտրոնում կատարվել է 1116 պատվաստում, ՙԱրևիկ՚ բուժմիավորումում՝ 28, Ասկերանի ՝ 22, Մարտակերտի՝ 18 և Մարտունու բուժհաստատություններում՝ 36 պատվաստում։ Փաստորեն, վերջին երկու շաբաթվա ընթացքում պատվաստվել է այնքան քաղաքացի, որքան վերջին վեց ամսվա ընթացքում։ Ի դեպ, ՀՀ-ում պատվաստվել է ավելի քան 1 մլն քաղաքացի։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում պատվաստվողների տվյալները մտցվում են ՙԱրմեդ՚ էլեկտրոնային համակարգ։ Քաղաքացին կարող է ներբեռնել Armed ծրագրային հավելվածը, որն ինտեգրված է Հայաստանի էլեկտրոնային առողջապահության միասնական պետական տեղեկատվական համակարգին և տեսնել նաև QR կոդը՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի և պատվաստման օրվա տեղեկությունը։
Մասնագետները կոչ են անում վարակի դեմ պայքարել համատեղ ուժերով, լինել զգոն, պահպանել հակահամաճարակային և կանխարգելիչ բոլոր կանոնները։