[ARM]     [RUS]     [ENG]

Կիպրոսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

 

 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 3-ին  միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձևը: Այս մասին «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Քասանջյանը: Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջելով իրագործել 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործել այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը: Բանաձևը նաև դատապարտում է թուրքական ներգրավվածությունը Արցախի դեմ սանձազերծված պատերազմում:

-Եվրոպական Միության որևէ երկրի կողմից նման բանաձևերի ընդունումը, որով դատապարտվում են Ադրբեջանին ու նրա սանձազերծած ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ, ճնշում է Եվրամիության վրա, որպեսզի Արցախի ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնի,-ասաց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով բանաձևի ընդունման նշանակությանը:
Նրա խոսքով՝ բանաձը Կիպրոսի խորհրդարանում ներկայացնելը հաջողվել է նաև Արցախի բարեկամների շրջանակի /քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, քաղաքապետեր, լրագրողներ/ միջոցով: