[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԿԱՅՈՒՆ Է

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Նկատվում է սուր շնչառական վարակներով դեպքերի աճ

COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակն Արցախում և Հայաստանում կայուն է։ Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին ԱՀ առողջապահական համակարգը նախարար Միքայել Հայրիյանի հրահանգով աշխատել է ուժեղացված ռեժիմով։ Նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատություններում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց և սահմանվել վերահսկողություն հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, միաժամանակ կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:
ԱՀ առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանի պարզաբանմամբ՝ նշյալ օրերին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը համատեղ այցելել են ՙԱրևիկ՚ բուժմիավորում և տեղեկացել տոնական օրերի դիմելության և կանչերի վիճակագրությանը, մանավանդ հանրապետությունում շրջանառվող սուր շնչառական վարակների դեմ իրականացվող միջոցառումների մասին։ Քննարկման արդյունքում հրահանգվել է, որ բուժօգնության ենթակա բոլոր հիվանդներն ստանան պատշաճ սպասարկում։ Նշյալ օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվել են COVD-19-ի դեմ տարվող համաճարակաբանական և լաբորատոր աշխատանքները՝ միաժամանակ վերահսկողություն սահմանելով վերին շնչառական ուղիների սուր վարակների նկատմամբ։ ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ Արցախում սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքերն աճել են։ Այդ առումով ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, ինչպես նաև շտապօգնության կանչերի առումով արձանագրվել է աճ։ Ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում շնչառական վարակներով հիվանդների 80%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Ստացիոնար և ամբուլատոր հիվանդների քիթըմպանից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունները փաստել են, որ շրջանառվում է գրիպի Ա H3N2 ենթատեսակը, որը կոչում են նաև հոնկոնգյան գրիպ։ Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ գրիպի Ա H3N2 ենթատեսակը հայտնի է դեռևս 1960թ.-ից ու այն կարող է առաջացնել վտանգավոր համաճարակային իրավիճակ։ Նշյալ ենթատեսակի կլինիկական ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանացավ, թուլություն, կոշտ հազ:
Ինչ վերաբերում է թագավարակի թվերին, ապա անցած երկու ամիսների համեմատ դրանք ներկայումս նվազել են։ Հունվարի 13-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 289 նոր և ընդհանուր 346 513 դեպք։ Վարակի թվերը վերջին երկու շաբաթվա ընթացքում համարյա նույն մակարդակում են։ Վերջին տվյալներով՝ վարակից ապաքինվել է 333 200, մահացել՝ 8010 մարդ: Ներկայումս Հայաստանում COVID-19-ից փաստացի բուժում է ստանում 3789 հիվանդ: Ընդհանուր առմամբ՝ վարակի հայտնաբերման նպատակով կատարվել է 2 620 189 թեստավորում: Վերջին օրվա տվյալներով՝ իրականացվել է 6134 թեստավորում, ապաքինվել է 83 հիվանդ, մահացել՝ 4 մարդ: Ի դեպ, վերջին երկու շաբաթվա ընթացքում միջինում օրական գրանցվել է մահվան 2-4 դեպք։ Ընդհանուր առմամբ, թագավարակն աստիճանաբար նվազում է, սակայն մասնագետները հորդորում են չթուլացնել զգոնությունը։
Արցախում հունվարի 11-ի դրությամբ կատարված 138 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 12 նոր դեպք։ Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր. 25 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 13-ինն էլ՝ ծայրահեղ ծանր, իսկ թեթև ախտանշաններով վարակակիրներն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։ Արձանագրվել է մահվան 3 դեպք։ 2022թ. հունվարի 1-13-ն ընկած ժամանակաընթացքում Արցախում վարակի հայտնաբերման նպատակով կատարվել է 549 հետազոտություն, որի արդյունքում արձանագրվել է COVID-19-ի 41 դեպք։
Համաճարակաբանները COVID-19-ի կանխարգելման լավագույն միջոցը շարունակում են համարել պատվաստումը։ Օ.Հարությունյանի պարզաբանմամբ՝ հունվարի 11-ի դրությամբ Արցախում կատարվել է 483 պատվաստում, ընդ որում առաջին դեղաչափը ստացել են 27, երկրորդը` 451 և երրորդ (բուստեր) խթանիչ դեղաչափն էլ՝ 5 քաղաքացիներ։ ԱՀ առողջապահության նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ նախատեսվում է հունվարի 15-16-ը շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով COVID-19 համավարակի դեմ պատվաստումներ իրականացնել նաև Արցախի համայնքներում: