Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Մարտի 24-ը՝ տուբերկուլոզի դեմ պայքարի օր. Արցախում այս հիվանդության բուժումն անվճար է

 ԱՀ Կառավարության և Առողջապահության նախարարության ջանքերով ձեռք բերված շարժական թվային ֆլյուորոգրաֆիկ սարքի միջոցով / 2012թ./ «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ կողմից իրականացվում են պլանային կանխարգելիչ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ ք. Ստեփանակերտի ուսումնական հաստատություններում, ԱՀ շրջկենտրոններում և մի շարք գյուղական, այդ թվում հեռավոր բնակավայրերում, որը կրում է շարունակական բնույթ: Այս մասին նշել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ անդրադառնալով տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա /մարտի 24/ խորհրդին: Այս ծրագրի իրագործումը թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն տուբերկուլոզի դեպքերը վաղ շրջանում, այլև հայտնաբերել շնչառական օրգանների այլ հիվանդություններ՝ բարորակ և չարորակ ուռուցքներ, թոքաբորբեր և այլն: «Արցախում տուբերկուլոզի հետազոտումը և բուժումը իրականացվում են պետպատվերի շրջանակներում, անվճար՝ «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի կողմից»,-հավելել են գերատեսչությունից՝ մանրամասնելով, որ վերջին տարիների ընթացքում տուբերկուլոզի, այդ թվում` բազմադեղորայքակայուն, բուժման արդյունավետությունն Արցախում 90%-ից բարձր է, ինչը ԱՀԿ չափանիշներով համարվում է լավ արդյունք: Արցախի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարը իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի կողմից` համագործակցելով ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի հետ, որի շնորհիվ ապահովվել է հակատուբերկուլոզալին դեղորայքի և լաբորատոր պարագաների անխափան տրամադրումը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ տուբերկուլոզի դեմ պայքարը պետք է հիմնվի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ժամանակին բուժման և պատշաճ վերահսկողության վրա: Այն պետք է լինի շարունակական` հիվանդության տարածումը կանխելու համար: Տուբերկուլոզի պրոֆիլակտիկայի հիմքը այսօրվա դրությամբ հանդիսանում է ԲՑԺ-ով վակցինացիան: Այն անցկացվում է նորածիններին, ծննդատանը՝ կյանքի առաջին օրերի ընթացքում:

Տուբերկուլոզը մարդկությանը հնուց հայտնի հիվանդություններից մեկն է: 1982 թվականի մարտի 24-ին տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերեց և հիվանդության վարակիչ բնույթը հաստատեց գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը: 1990-ական թվականներից Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մեծ ուշադրություն է դարձվում տուբերկուլոզի դեմ պայքարին, մշակվում և ներդրվում են հակատուբերկուլոզային ծրագրեր երկրագնդի տարբեր երկրներում: Սակայն, չնայած տարվող մեծածավալ աշխատանքներին, բազմաթիվ երկրներում տուբերկուլոզը այսօր էլ մնում է լուրջ խնդիր, նույն ԱՀԿ գնահատականով` յուրաքանչյուր տարի արձանագրվում է այս հիվանդության մինչև 10-11 մլն նոր դեպք: