[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

 

Այսօր՝ ապրիլի 21-ին, Մարտունու շրջվարչակազմի նիստերի դահլիճում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները հանդիպել են շրջվարչակազմի, աշխատակազմի, շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների, ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ: Մինչ հանդիպումը՝ ԱԺ խմբակցությունների ղեկավարները շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի ուղեկցությամբ, ծաղիկներ են խոնարհել Գարեգին Նժդեհի և Մոնթե Մելքոնյանի արձանների պատվանդաններին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց անմար հիշատակին: Մարտունու շրջվարչակազմում կայացած հանդիպման քննարկման թեման ապրիլի 14-ին ԱՀ Ազգային արտահերթ նիստում ընդունված հայտարարությունն էր, որին այնուհետև միացել եւ սատարել են նաեւ Արցախում գործող հասարակական կազմակերպություններն ու միավորումները: Հանդիպմանն ընդգծվեց, որ Արցախի ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ ու համազգային համաձայնության ճանապարհով։ Սերունդների պարտքն է չշեղվել այդ ճանապարհից: Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը։ Պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող դրանցից հետ պահել: Ուղերձները՝ աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործընկերներին, Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, խոսում են արցախցու կամարտահայտության, իրավունքների և արժանապատվության պաշտպանության, ապագան հայրենիքում կառուցելու պարտադիր պահանջի մասին: Հայության հաղթանակները կերտվել են միասնության շնորհիվ: Այսօրվա հրամայականը նույնպես միասնականությունն է՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից, տարիքից ու զբաղմունքից ու բնակության վայրից: Ներկաներն իրենց համաձայնությունն ու գոհունակությունը հայտնելով հայտարարության վերաբերյալ, հանդիպման ընթացքում խորհրդարանի խմբակցությունների ղեկավարներին իրենց հարցերն են ուղղել և առաջարկներ ներկայացրել տարբեր խնդիրների առնչությամբ: Հանդիպումն անհրաժեշտ ու սպասված էր: Կազմակերպիչները խոստացան այն դարձնել պարբերական, այդ թվում՝ գյուղական համայնքներում:

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ