Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Պահանջատիրական ջահերթ` Ասկերանում

 
Ապրիլի 23-ին Ասկերանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւ պահանջատիրական ջահերթ: Նախքան մեկնարկը, Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի ձեռամբ մատուցվել է սուրբ նահատակների բարեխոսության կարգ: Ջահերթը մեկնարկեց Ասկերանի բերդի մատույցներից, որտեղ հավաքվել էին շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ' վարչակազմի պատասխանատուներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, աշխատակիցներ, Ասկերանի, Նորագյուղի, Իվանյանի, Խնապատի, Նախիջևանիկի միջնակարգ դպրոցների աշակերտները եւ դպրոցների տնօրեններն ու համայնքների ղեկավարները։ Ջահերթի մասնակիցները պահանջատիրական պաստառներով և կոչերով շարժվեցին դեպի Արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Ջահերը և մոմերը տեղադրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին՝ ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի: Միջոցառման մասնակիցների որոշումն անխախտ է' հայն ապրել ու ապրելու է Արցախում, նա երբեք չի դադարելու աշխարհին ներկայացնել իր արդար պահանջը, շարունակելու է պայքարել և հատուցում պահանջել: Դատապարտելով տարբեր ժամանակներում հայերի դեմ իրականացված ոճրագործությունները, միջոցառման մասնակիցները կոչ են արել համայն աշխարհին անտարբեր չմնալ հայ ժողովրդի ցավին, դատապարտել այն ոճրագործությունը, որ տեղի է ունեցել ու շարունակվում է: Երիտասարդ սերունդը քաջ գիտակցում է, որ լինելով համախմբված ու միասնական, հենվելով միայն սեփական ուժին, հայը կարող է հասնել վերջնական նպատակին: Միջոցառումն ավարտվեց Պահպանիչ աղոթքով։
 
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ