Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Ջահերթ' Ստեփանակերտում

 

Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված եւ անմեղ զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, այսօր՝ ապրիլի 23-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել ջահերթ «Զարթնի՛ր, Լաո...» խորագրով։ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ եւ պետական աջակցությամբ կազմակերպված ամենամյա ջահերթն այս տարի «Համազգային զարթոնքով կանխե՛նք նոր ցեղասպանությունն Արցախում» կարգախոսն էր կրում։ Մեկնարկը տրվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից` Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ մատուցված հսկման և խոկման արարողությամբ ու միասնական աղոթքով։ Այնուհետև ջահերթի մասնակիցները «Թուրքիան չարիք է մարդկության համար», «Ցեղասպանությունը շարունակվում է» պաստառներով եւ միասնականության ու պայքարի վանկարկումներով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով նաեւ Արցախի 100 մետր երկարությամբ դրոշը։ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշակոթողի մոտ կատարվել է մոմավառություն։ Միջոցառմանը Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս 1911թ. Սալոնիկի ժողովում արդեն հստակ երիտթուրքերը մշակեցին այն քաղաքականությունը, ռազմավարությունը, որն այսօր էլ Թուրքիայի հիմնական գաղափարախոսությունն է եւ որի համար նաև օգտագործում է իր արհեստածին միավորումը ներկայացնող Ադրբեջանին։ «Նրանց ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել, պարզապես մարտավարությունն ու մեթոդներն են փոխվել։ Սկսած 1915 թվականի Մեծ Եղեռնից մինչև այսօր նույն ցեղասպանական քաղաքականությունն է. դա ոչ միայն հայ բնակչության բնաջնջումն է, ոչ միայն տարածքների բռնազավթումն է, այլ նաեւ մշակութային ցեղասպանությունն ու հայ ինքնությունը վերացնելը։ Այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է 44-օրյա պատերազմի հետեւանքով բռնազավթված տարածքներում շարունակվում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Հայասպանության քաղաքականությունը 107 տարի ընկած է Թուրքիայի և արհեստածին Ադրբեջանի քաղաքականության հիմքում»,- մասնավորապես ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Միջոցառմանը միասնության կոչով դիմեց Արցախի թեմի առաջնորդի օգնական, ուրարակիր Դավիթ Փաշայանը. «Պատիժն Աստծունն է և Նա է դատավորը լինելու»։

 

Նանիկ Աղասյան