ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՆՔ. ՋԱՀԵՐԹ` ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 20։00-ին, Մարտունի քաղաքում, շրջվարչակազմի և քաղաքապետարանի նախաձեռնությամբ, կազմակերպվել է ջահերթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Ջահերթին մասնակցում էին Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արմեն Բաղրյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը, քաղաքապետ Ազնավուր Սաղյանը, շրջվարչակազմի աշխատակազմի, շրջկենտրոնի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների և կրթօջախների կոլեկտիվներ, Մարտունու բնակիչներ։ Նախքան ջահերթը՝ Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում Ճարտարի հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Հարոյանը կատարեց բարեխոսության կարգ՝ հանուն Եղեռնի սրբադասված նահատակների ու նրանց հոգու հանգստության համար․ «Այսօր հավաքվել ենք միասին մեր խոնարհումը բերելու 1915 թվականին նահատակված ու սրբադասված մեր հայորդիների հիշատակին։ Այդ արհավիրքից անցել է 107 տարի, սակայն թուրքի ձեռագիրը, նպատակը նույնն են մնացել, ոչինչ չի փոխվել։ Այսօր մեր նպատակն է, որ շարունակենք միասնական լինել, սիրել և հարգել իրար, շարունակենք ապավինել Աստծուն մեր միասնականությամբ ու սիրով»։ Միասնական աղոթքից ու մոմավառությունից հետո եկեղեցու բակից տրվել է պահանջատիրական ջահերթի մեկնարկը` դեպի Հայոց ցեղասպանության եւ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, որտեղ երթի մասնակիցները տեղադրել են ջահերը։ Մենք պահանջատեր ենք եւ աշխարհից պահանջում ենք Հայոց ցեղասպանության ճանաչում ու արդարություն:
Լուսինե ԴԱՇՅԱՆ